300-ամյակին ընդառաջ

300-ամյակին ընդառաջ
Սայաթ-Նովայի 300-ամյակին ըստ արժանվույն պատրաստվելու համար երգիչ Թովմաս Պողոսյանն արդեն նամակներ է հղել մշակույթի, սփյուռքի նախարարություններին, առաջարկություններ արել կազմակերպվելիք միջոցառումների շուրջ: «Սայաթ-Նովան առաջին անգամ հրատարակվել է 1852թ.-ին՝ Գեւորգ Հախվերդյանի կողմից, եւ այդ օրերից է հավանաբար սկսվել խանդը 3 ժողովուրդների միջեւ, բայց մենք վեճի առիթ չունենք»,- նշեց պարոն Պողոսյանը:



Նա պատմեց, թե ինչպես ամիսներ առաջ Թուրքիայի պետական հեռուստաալիքը եկել էր իրենից հարցազրույց վերցնելու Սայաթ-Նովայի մասին. «Թիֆլիսում պնդել են, որ նա վրացի է, Բաքվում՝ որ թուրք է, սակայն ես խոսեցի փաստերի լեզվով»: Նա թուրք լրագրողներին առաջարկել է գնալ Մատենադարան եւ տեսնել այն ձեռագիր մատյանը, որի հիշատակարանում Սայաթ-Նովան նշում է Տեր-Ստեփանոս իր վարդապետական անունը եւ Սայաթ-Նովա աշուղական անունը. «Ես թղթակցին ընդամենը հարցրեցի, որ կարո՞ղ էր հայ եկեղեցու սպասավորը լինել վրացի կամ թուրք»:



Ի վերջո ֆիլմը ցուցադրվել է, բայց աղավաղումներ արվել են, թե ոչ՝ նա չգիտի: Իսկ մեր հարեւան երկրներում Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառումներ նախատեսվո՞ւմ են: Թովմաս Պողոսյանը նշեց, որ գիտի միայն, որ անցած տարիներին ադրբեջանցիները գիտական մեծ սիմպոզիում են կազմակերպել, որտեղ Սայաթ-Նովային ներկայացրել են որպես ադրբեջանցի մեծ աշուղ: «Հենարան» ակումբում ներկա հյուրերն իրենց կատարումներով լցրեցին սրահը, նշելով, որ առաջիկայում պատրաստվում են հրատարակել Սայաթ-Նովայի երգերի ժողովածուն: