Մեր միջին աշխատավարձն էսօր 237 հազար դրամ է

Մեր միջին աշխատավարձն էսօր 237 հազար դրամ է
Հայաստանի ամենամեծ հանքավայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, վերջին տարիներին զիջել է առաջատար դիրքը հարկատուների ցանկում: Վերջերս մամուլում տեղեկություն եղավ, որ «գրոհ» է նախապատրաստվում պղնձամոլիբդենայինի վրա, ու այն դառնալու է ստուգումների թիրախ: Ներկայացնում ենք գործարանի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ մեր զրույցը, ով նաեւ ԵՊՃՀ խորհրդի անդամ է ու եկել էր Երեւան՝ մասնակցելու Ճարտարագիտական համալսարանի խորհրդի նախագահի ընտրությանը: Մենք արդեն գրել ենք, որ ընտրվել է  Սամվել Նիկոյանը:



- Պարոն Հակոբյան, լուրեր կան, որ ստուգումների եւ ճնշումների հաջորդ թիրախը կարող է լինել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, պատրա՞ստ եք դրան:



- Էդ ես էլ եմ կարդացել թերթերում: Դա իրականությանը չի համապատասխանում, կապ չունի իրականության հետ, ոչ մի ճնշումներ չեն կարող լինել, մենք միշտ ստուգումներ անում ենք, իսկ Ձեր ասածը իրականության հետ կապ չունի:



- Պարոն Հակոբյան, խոսակցություններ կան, որ պղնձամոլիբդենայինում բաժնեմաս ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը:



- Դա ես խստիվ կմերժեմ: Ընդհակառակը, դա շատ հեշտությամբ կարելի ա ստուգել: Նման ոչ ճշգրիտ տեղեկատվություն տալու համար պատասխանատվություն է նախատեսվում:



- Դուք բոլոր սեփականատերերին ճանաչո՞ւմ եք, անձա՞մբ գիտեք:



- Անձամբ, ոչ միայն ճանաչում եմ: Տասնյակ անգամ հետները նստել եմ սեղան, բոլոր իմ ժողովներում ես իրենց եմ հաշվետվություն տալիս:



- Միգուցե նրանց անունից ա՞յլ մարդիկ են հանդես գալիս:



- Չի կարող էդպիսի բան լինել, հնարավոր չի:



- Ինչի՞ չի կարող լինել:



- Ես եմ տնօրենը, ես հաշվետվություն եմ տալիս, վերջը ինչ-որ մեկը պետք է... էնտեղ բազմաթիվ թերություններ, բազմաթիվ հաջողություններ է լինում, չէ՞: Հաշվետվություն եմ տալիս մանրակրկիտ:



- Միգուցե Դուք պարզապես հրապարակավ խուսափո՞ւմ եք անուններ տալ:



- Ո՞նց թե: Ի՞նչ ա, մենք երեխա ենք, ինչ ենք: Ինչ որ կա, կա: Էդտեղ ի՞նչ կա թաքցնելու: Եթե ես մասնաբաժին ունեմ, ինչի՞ պետք է թաքցնեմ:



- Դուք մասնաբաժի՞ն ունեք Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում, թե՞ միայն տնօրեն եք:



- Ունեմ, այո:



- Մե՞ծ է ձեր մասնաբաժինը, թե՞ փոքր:



- Դե դա ինչ կարեւոր է, ունեմ մասնաբաժին: Հարաբերական է մեծն ու փոքրը:



-  Պարոն Հակոբյան, վերջին երկու տարում Ձեր ղեկավարած ընկերության հարկերը նվազել են: Ինչպե՞ս դա կբացատրեք:



- Ոչ, չի զիջել: Համաշխարհային ճգնաժամ տեղի ունեցավ, ճգնաժամի ընթացքում որոշակի փոփոխություններ եղան: Հետեւեք եւ կտեսնեք, որ այս տարվա առաջին եռամսյակում մեր ընկերությունը նորից առաջին տեղում է:



- Ասել է թե՝ պղնձամոլիբդենայինը հաղթահարել է ճգնաժամը:



- Մենք ոչ միայն հաղթահարել ենք, այլեւ բավականին լուրջ հաջողություններ ենք ձեռք բերել, նախապատրաստական լուրջ աշխատանքներ ենք տարել: Մենք մոտ ավելի քան 50 տոկոս հզորություններն ենք ավելացրել, արտադրանքն ենք ավելացրել: Աշխատավարձն ենք բարձրացրել մոտ 67 հազար դրամով, եւ մեր միջին աշխատավարձն էսօր ձեռնարկությունում կազմում է 237 հազար դրամ:



- Կրճատումներ չե՞ն եղել:



- Ոչ, չի եղել: Համաշխարհային ճգնաժամ տեղի ունեցավ, ճգնաժամի ընթացքում մենք ավելի քան 150 աշխատատեղ ենք ավելացրել:



- Իսկ որ խնդրեմ՝ Ձեր ղեկավարած ընկերության սեփականատերերի ցանկը կասե՞ք:



- Դե, պարզ է, ուրեմն գերմանական «Քրոնիմեդ մայնինգ» ընկերությունն է, հայկական մաքուր երկաթի գործարանն է, հայկական մոլիբդենի արտադրանք AMP ձեռնարկությունն է եւ «Զանգեզուր մայնինգ» ընկերությունն է: Այս չորս ընկերություններն են բաժնետերերը:



- Եվ սեփականատերերի մեջ որեւէ պաշտոնյա չկա՞. նախկին կամ ներկա:



- Ինչի՞ չկա, բոլորն էլ պաշտոնյաներ են:



- Ովքե՞ր են: Կասե՞ք մի քանի պաշտոնյայի անուն:



- Դե օրինակ՝ Հակոբյան Մաքսիմ: ...Դուք չգիտե՞ք, չե՞ք լսել՝ Կարապետյան Գենիկ կամ Կարապետյան Կարեն Գուրգենի: Երկուսն էլ տեխնիկական գիտությունների թեկնածուներ են:



- Պարոն Հակոբյան, Ձեր մարզում վերջերս ակտիվացել է խոսակցությունը՝ մարզպետի հնարավոր փոփոխության հետ կապված: Նաեւ շրջանառվում է Ձեր տղայի անունը: Դուք ուզո՞ւմ եք, որ Ձեր տղան դառնա մարզպետ, կաջակցե՞ք նրան:



- Իմ տղան շատ երիտասարդ է, եւ ինձ համար շատ հաճելի կլինի՝ իմ տղան վաղը մարզպետ կդառնա, թե վարչապետ կդառնա, թե հանրապետության նախագահ կդառնա, ինձ համար շատ հաճելի է: Էդ մեկ՝ դա կապ չունի: Իսկ ինչ վերաբերում է փոփոխությանը, դա ես չեմ անում, ոչ էլ ժողովրդի խոսակցությունով է: Դրա համար կա հանրապետության կառավարություն, հանրապետության նախագահ: Իրենք են տեսնում՝ ով է որտեղ լավ աշխատում, ով որտեղ կարող է աշխատի: Իրենք են որոշում:



- Ասել է թե՝ դեմ չեք, որ Ձեր տղան մարզպետ դառնա:



- Ոչ միայն մարզպետ, ես դեմ չեմ, որ դառնա կրթության նախարար, գիտության նախարար, համալսարանի ռեկտոր, ԱԺ նախագահ, հանրապետության վարչապետ, հանրապետության նախագահ: Էդ բոլորին էլ ես կողմ եմ:



- Իսկ Ձեր տղան համապատասխան ունակություններ ունի՞, որ դառնա մարզպետ կամ նախագահ:



- Ես չգիտեմ, մի բան գիտեմ, որ ինքը շատ երիտասարդ տարիքում՝ 24-25 տարեկանում, դարձավ գիտությունների թեկնածու, հավանաբար շուտով գրքեր կհրատարակի:



- Իսկ դա պապայի շնորհիվ չի՞:



- Պապան կապ չունի դրա հետ: Նույնիսկ պապան խնդրել է պաշտպանությանը մասնակցելու, ասել է՝ գործ չունես, գնա, քո գործերով զբաղվի: Ես՝ իմ գործերով, դու՝ քո գործերով:



- Ուզում եք ասեք, թե Ձեր կապերը չե՞ն օգնել նրա կարիերայի, պատգամավոր դառնալու հարցում: Ներդրում չե՞ք ունեցել, ուղղակի ընտրե՞լ են Ձեր տղային:



- Մի բան ասեմ՝ ամեն ինչը կապվում է նախնիների հետ:



- Դուք կոնկրետ ի՞նչ ներդրում եք ունեցել, որ նա դարձել է պատգամավոր:



- Ոչ մի ներդրում: Իմ ներդրումը նա է եղել, որ ինքը իմ զավակն է եղել, էդքան բան: Իմ ներդրումն է եղել, որ ինքը ծնվել է:



- Իսկ այ, Դուք ասում եք, թե դեմ չեք, որ Ձեր տղան մարզպետ դառնա, չե՞ք կարծում, որ կարող են Ձեր հարաբերությունները սրվել Սյունիքի ներկա մարզպետի հետ:



- Ի՞նչ կապ ունի: Որ վաղը իմ տեղը լինի իմ տեղակալը, իմ հարաբերությունները պետք է սրվե՞ն իմ տեղակալի հետ: Էդ դեպքում պետք է կանգնի կյանքը:



- Ձեր ընկերությունը բացառիկ ընկերություններից էր, ճգնաժամի ընթացքում բավական գումար ստացավ կառավարությունից՝ 40 մլն, 32 մլն այլ բանկերից: Եթե ընկերությունը որեւէ կապ չունի բարձր իշխանության՝ օրինակ  Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, ապա ինչո՞վ է պայմանավորված նման ուշադրությունը ընկերության նկատմամբ:



- Հանրապետության ղեկավարության ուշադրությունն էր, որ մենք էդքան թեթեւ տարանք ճգնաժամը, հիմա ավելի շատ հարկեր ենք տալիս: Կարծում եք իրենք դա չգիտեին:



- Բայց բազմաթիվ բիզնեսներ փակվեցին՝ դուրս մնալով կառավարության ուշադրությունից:



- Նրանք չգնացին խնդրելու, ես գնացի, դիմեցի, նախագահն ինձ աջակցեց, ու շատ շնորհակալ եմ: Դա նաեւ օգնեց նոր աշխատատեղեր բացել, մենք անցած տարի բավական լուրջ հարկատու էինք, եկել ենք 5-րդ տեղը, էս տարի պետք է առաջին տեղը լինենք:



- Ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել Սերժ Սարգսյանին:



-  Միշտ եմ հանդիպում: Ո՞նց կարող է գա մեր մարզ, ես չհանդիպեմ: Դիմում եմ, խնդրում եմ, մեծ հաճույքով ինձ ընդունում են: Մի քանի օր առաջ եկել էր մեր մարզ, ինչքան մարզում եղել է, ես իր կողքին եմ եղել: