Մեդալ-շքանշա՞ն, թե՞ գնդակ...

Մեդալ-շքանշա՞ն,  թե՞ գնդակ...
Օրերս Արցախի ղեկավար Բակո Սահակյանը հերթական հրամանագիրն է ստորագրել. «ակտիվ պետական ու հասարակական-քաղաքական գործունեության համար եւ ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ» «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրել ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանին։ Արցախի արտգործնախարարությունից պարզեցինք, որ Ռ. Զարգարյանի աշխատավայրը Մոսկվայում է՝ ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում։



Պարզեցինք նաեւ, որ նա ԱԳ համակարգում ընդգրկված այն եզակի մարդկանցից է, որ իրոք մեծ աշխատանք է կատարում արտերկրում, ռուսական մամուլում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հոդվածներ է գրում եւ այլն։ Այսինքն՝ արժանի է նման պարգեւի։ Խնդիրն այն է, որ նրան պետական ու հասարակական-քաղաքական գործունեության համար պարգեւ են շնորհել հոբելյանի՝ 50-ամյակի առիթով, այլ ոչ թե իր կատարածի համար: Արցախի ղեկավարությունն ավանդույթ է դարձրել ամեն տարի պետական ու ազգային տոների՝ Անկախության օրվա եւ մայիսյան եռատոնի կապակցությամբ մեդալներ ու շքանշաններ բաժանել մի քանի տասնյակից մինչեւ հարյուր քաղաքացիների։ Առանձնապես պատերազմից հետո կտրուկ մեծացել է հերոսների քանակը։ Ասում են՝ Շուշիի ազատագրման համար մեդալներ են ստացել նաեւ մարդիկ, ովքեր ոչ միայն չեն մասնակցել ռազմական գործողությանը կամ այդ օրերին բացակայել են Արցախից, այլեւ այդ ժամանակ 9-10 տարեկան են եղել։



Մտահոգիչ մի խնդիր էլ։ Հայաստանյան եւ արտերկրի բազմաթիվ պարբերականներ, քաղաքական գործիչներ ու փորձագետներ վերջերս ավելի հաճախակի են խոսում հնարավոր պատերազմի մասին։ Իրակա՞ն է պատերազմի վտանգը, թե՞ անիրական, այդ մասին խոսում են, իսկ հակառակորդն օրեցօր ավելի է հզորացնում իր ռազմական զինանոցը, մետաղից գնդակ ձուլում, մինչդեռ մեզանում նախկին հանգստությամբ եւ կարծես հակառակորդի ջգրու շարունակում են մետաղից շքանշան-մեդալներ ձուլել եւ կոնֆետի պես բաժանել մարդկանց։ Մեր տեղեկություններով՝ Ստեփանակերտի շենքերի նկուղները, որտեղ նույն ազերիների արձակած մահաբեր հրթիռներից ու արկերից պաշտպանվում էին կանայք, ծերերն ու երեխաները, այսօր բարձիթողի վիճակում են՝ լեցուն աղբով ու դրանց շուրջ վխտացող առնետներով։ Շինությունների նկուղային հատվածների մի մասն էլ այսօր ծառայում է որպես բար, սրճարան կամ առեւտրի կետ։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ