«Սա մեր տունն է»,- ասում են հոգեկան հիվանդները

«Սա մեր տունն է»,- ասում են հոգեկան հիվանդները
Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում ներկայումս հաշվառված է 2 հազար 476 հիվանդ, սակայն հիվանդների թիվն իրականում ավելի շատ է: Սա դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանի կարծիքն է:



Մարզի այլ բնակավայրերում հոգեբույժներ չկան, ինչը դժվարացնում է աշխատանքը: Այս տարի, հնարավորության սահմաններում, դիսպանսերի աշխատակիցների այցեր կկազմակերպվեն մարզում՝ հիվանդներին հաշվառելու նպատակով։ Միայն անցած տարի 134 առաջնակի դեպք է գրանցվել։ «Պատկերացրեք` հոգեկան շեղում ունեցող հիվանդին բուժում նշանակում են թերապեւտը, վարակաբանը, լավագույն դեպքում՝ նյարդաբանը: Մարդիկ չեն ուզում հոգեբույժ աշխատել»,-ասում է բժիշկը:



Այսօր մեկ ստացիոնար հիվանդի օրվա սննդի համար պետբյուջեից 300 դրամ է նախատեսված։ Սա քիչ է, մեկ հիվանդի կտրվածքով հիմա անհրաժեշտ է 1000-1200 դրամ: «Այսինքն գումարը միանգամից հատկացնում են, որը տողով նշված է, ու չես կարող շեղումներ անել»,-ասում է բժիշկը: Հիվանդների հարազատները կարող են այցելել, ուտելիք բերել: Սակայն հոգեկան շեղում ունեցող հիվանդները հիմնականում մոռացված են: Նրանք կարոտում են, բայց ստիպված են միայնակ անցկացնել օրերը:



«Ինձ նկարեք, ցույց տվեք, գուցե հիշեն, որ ես կենդանի եմ: Բժիշկն ասում ա, որ արդեն կարամ տուն գնամ, բա մերոնք չեն ուզո՞ւմ ինձ տանեն»,-ասում է հիվանդներից մեկը: Գլխավոր բժշկի խոսքով, արդեն սուր նոպան անցած հիվանդներին չեն կարող պահել հիվանդանոցում: Նախկինում թերեւս հնարավոր էր, հիմա ֆինանսները չեն բավականացնում: «Սա մեր տունն է, այստեղ ապրում ենք, սնվում, աշխատում, պարում, միասին նշում ծննդյան օրերը, բայց դե ասեք՝ գան մեզ տանեն»,-ասում են ստացիոնար բուժում ստացող հիվանդները:



Նրանց չեն հետաքրքրում հիվանդանոցի խնդիրները, թե որտեղից է տնօրինությունը միջոցներ հայթայթում: Չնայած շենքը գազիֆիկացված է, բայց ձմռանը շուրջօրյա ջեռուցում չի լինում։ Օրական 6-7 ժամ, հակառակ դեպքում՝ չեն կարողանա սպառածի դիմաց վճարել։ «Դե մրսում ենք, բայց էդ ջհանդամը, չեն թողնում դուրս գանք»,-ասում են նրանք: Այստեղ բնակվողները միայն մի բանից դժգոհեցին. սահմանափակվում է իրենց տեղաշարժվելու ազատությունը: Չեն թողնում, որ շենքից դուրս գան։ Սա ոչ թե տնօրինության քմահաճույքն է, այլ օրենքի պահանջ: Հիվանդները կարող են բուժաշխատողների ուղեկցությամբ դուրս գալ, գնումներ անել կամ փող տալ աշխատակիցներին՝ անհրաժեշտ իրերը գնելու: