Անհաղթ աքլորը կամ` ի՞նչ է ուզում Վաթան Օսմանյանը

Անհաղթ աքլորը կամ` ի՞նչ է ուզում Վաթան Օսմանյանը
-Լույս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ…,- ծղրտում էր Թումանյանի ասած անհաղթ աքլորը, որը, ինչպես հայտնի է, ծղրտում ու ծուղրուղու էր կանչում առհասարակ, անկախ նրանից՝ որտեղ է ու ինչ վիճակում՝ թագավորի փորո՞ւմ, թե՞ գլուխը կտրած՝ պղնձի մեջ եփելիս: Քուջուջ անելիս մի ոսկի էր գտել պիտուխը, բարձրացել էր կտուրն ու զգում էր իրեն աշխարհի պորտը:



Ի՞նչ էր իր ուզածը՝ իրականում այդպես էլ հայտնի չի դառնում ընթերցողին: Հնարավոր է՝ Թումանյանը, խնայելով մանուկների անաղարտ աշխարհընկալումը, պարզապես չի ասում, որ անհաղթ աքլորն ուղղակի ուզում էր ամեն գնով իր վրա ուշադրություն հրավիրել: Իհարկե, Կօվկասյան Վագրդանին ավելի տեղին կլիներ համեմատել իր գովերգած կենդանու հետ, բայց դե՝ ոչ մի իրեն հարգող վագր չի կարող նույնիսկ կուլ տված վիճակում՝ թագավորի կոկորդի ու ստամոքսի արանքում հասցնի բղավել, թե՝ նեղ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղու, ինչ է թե՝ կողքից մեկը նկատի, որ ինքը՝ տեսեք-տեսեք, դեռ գոյություն ունի:



Դեռ լավ է չի բղավում, թե՝ ես կարող եմ միջնորդ լինել կոկորդի ու ստամոքսի արանքում, ինչպես Հայաստանը՝ Իրանի ու Իսրայելի արանքում՝ համաձայն խնդրո առարկա  անպարտ թռչնի հանճարեղ հղացման՝ յուր ժամանակին: Գնահատել է պետք ռազմախը՝ Իրանի ու Իսրայելի արանքում. Հայաստանը՝ որպես միջնորդ եւ այսու՝ որպես հիմնադիր պատմությանը մինչ այս անհայտ միմոսային դիվանագիտության՝ աշխարհի քամահրական աչքին ի տես: Խեղճ Հայաստան: Կրակն ենք ընկել ասոր անդադրում ձեռը:



Առնվազն մի (փա՜ռք Աստծո՝ անավարտ) տասնամյակ նշաձողն առած՝ աշխարհե-աշխարհ շրջելով ու դնելու տեղ չգտնելով՝ ազատագրված տարածքներն իջեցնելով ու հասցնելով զուգարանի ռուչկի մակարդակի, դուրսն ու ներսն իրար խառնած՝ աջ ու ձախ խախտումներ տալով ու բոլորին գցելով, Էրդողանից բեթար իր ասածների մեջ խճճվելով ու օրումեջ արդարանալով, Հայաստանի բարեկամներին նեղացնելով եւ հակառակորդներին շողոքորթելով՝ երկիրը միջազգային նվաստացման եզրին հասցնելուց հետո դարձյալ փորձում է հայտնվել ու ինչ-որ բանի արանքից կրկին լսելի դարձնել իր՝ ուղնուծուծով երրորդ աքլորականչը:



Ի՞նչ է ուզում, հիմա՞ ինչ է ուզում անհաղթ հավքը մեր հազարան: «Հաց եւ զվարճալիք»,- կասեն դասականության սիրահարները, անտեսելով, որ նախ՝ մարդն էն գլխից ոսկին նաղդ էր գտել ու հացի խնդիր չուներ, իսկ զվարճանալը՝ ինչքան ուժը պատել, զվարճացել էր՝ կաբինետային հետեւողականությամբ: Բա լավ, ի՞նչ է ուզում,- կասեն աջ ու ահյակ կողմերից: Ուզում է ասել, որ ինքը լավն է,-կասեմ ես: Կամ՝ որ ինքը գոնե էնքան էլ վատը չի, ինչքան իր մասին մտածում են: Էն վատ բաները, որ արել է, ինքը չի արել, իրեն ստիպել են: Թուրք ու ադրբեջանցու հետ ինքն իր կամքով չէր, որ Ղարաբաղի հարց էր բանակցում:



Ինքը երբեք չի ուզեցել պարետային հաթաթա տալ՝ ջալաղ կերած մոզու ինքնամոռաց խանդավառությամբ: Էդ ինքը չէր: Ինքը բացակայում էր Հայաստանի քաղաքացիությունից: Ինքը կարեւոր գործով քնած էր: Մոզին թոլ ելավ, խոզապարկուկ էր: Ինքը, ախր, էնքան լավն է, էնքան բաներ է ուզեցել անել, հնարավորություն չի ունեցել, տասնամյակը կիսատ է մնացել, ինքը դեռ ասելիք ունի: Այսինքն թե՝ ծուղրուղո՜ւ:



Իրականում ողբերգություն է՝ հասուն տարիքի տղամարդու համար հասկանալ, որ իր ապրած կյանքը, իր երբեմնի եղած-չեղած մղումները, օտար ափերում մույս-մույս երազանքները ոյեւեէ լավ բանի չեն ծառայել, այլ՝ իրեն բերել-հասցրել են «Սիվիլիտաս» կոչվող մի տեղանք, որին ժողովուրդը տվել է փաղաքշական «սիֆիլիտաս» անվանումը: Դաժան բան է՝ գիտակցել, որ այլեւս անելիք չունես, ինչ էլ ունեիր՝ քոռուփուչ ես արել քո իսկ ձեռքով՝ հատուկենտ ստահակուհիների բացականչությունների ներքո: Նվաստացուցիչ բան է՝ զգալ, որ պատանեկությանդ սվիններն ու հասունությանդ նշաձողը հետեւիցդ են ընկել ու այլեւս հանգիստ չեն տալու, մինչեւ չանեն իրենց սեւ գործը:



«Լավ, բա հիմա ի՞նչ»,- կասեն մինչեւ հիմա ոչինչ չասածները; Հեչ,-կասեմ ես. ուղղակի մտածում էի, որ եթե սա դեռ չի բավարարվել իր արած-չարածից, ուրեմն բաններս բուրդ է: Բա որ հանկարծ նորի՞ց դառնա պաշտոնյա: Չէ, լուրջ՝ բա ո՞ր: Չէ՞ որ ինքը ժողովրդավար է նաեւ եւ կարիք ունի ժողովրդի՝ վարելու համար: Վարի ու ցանի, վարի ու ցանի, ու վերջն էլ՝ վարի տա, որ նո՜ր հանգստանա, որ խաղաղվի վերջապես խռովահույզ հոգին ասոր:



Մելս ՀԱԿՈԲՅԱՆ