Պատեհ առիթ

Պատեհ առիթ
Վերջին տարիներին մեր լեքսիկոնում ամրագրված «կանանց միամսյակ» արտահայտությունը, չգիտեմ մյուս կանանց ինչպես, ինձ մոտ միայն տհաճ զգացումներ է առաջացնում: Գուցե սովետական ինչ-որ աղոտ ու տհաճ հիշողություններ է արթնացնում՝ «հնգամյակը՝ երեք տարում» բնույթի: Գուցե հոգնել ենք պարտադրված ու «միամսյակի շրջանակներում» լսվող շնորհավորանքներից եւ ավելի անկեղծ ու ջերմ խոսքերի կարիք ունենք, որոնք միամսյակով, եռամսյակով ու տարվա եղանակով պայմանավորված չլինեն: Ընդհանրապես, Մարտի 8 - Ապրիլի 7 միջակայքում այնքան անհեթեթ ու շաբլոն արտահայտություններ ենք լսում, որ մի ամբողջ տարվա համար հերիք է: Օրիգինալ, չկրկնվող, միայն քեզ ուղղված շնորհավորանք լսել այդպես էլ չի հաջողվում: Ափսոս: Ասենք, ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե կանանց մասին խոսելիս ինչու են շեշտում «հայ կին» արտահայտությունը: Կանացիության, կնոջ դերի, սիրո, մայրության զգացումներն ու գաղափարները մի՞թե ազգային պատկանելություն են ճանաչում: Այդ առումով ինձ ուրախացրեց Սերժ Սարգսյանի ուղերձը, որը շահեկանորեն տարբերվում էր մյուս բոլոր շնորհավորանքներից, քանի որ չկար «հայ կին» արտահայտությունը: Անշուշտ, համաձայն չեմ, որ «մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանայք ստանձնել են յուրահատուկ դերակատարում»: Բայց հաճելի էր կարդալ հատկապես ուղերձի վերջին հատվածը. «Դուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին, իսկ այս տոնը պարզապես գեղեցիկ առիթ է` արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր հարգանքն ու երախտագիտությունը ձեր նկատմամբ»: Այո, Մարտի 8 թե Ապրիլի 7՝ ընդամենը պետք է առիթ ծառայեն տղամարդկանց՝ կանանց ու մայրերին իրենց սերն ու հարգանքը հավաստելու համար: Առիթ, որ փնտրում են քչախոս ու զուսպ, բայց սիրող ու գնահատող տղամարդիկ: