Տոները գալիս-անցնում են, կանայք չեն էլ զգում

Տոները գալիս-անցնում են, կանայք չեն էլ զգում
Հայաստանում հայ կնոջ ողջ պոտենցիալը դեռ օգտագործված չէ: Միայն այն հանգամանքը, որ մեր երկրի բնակչության 50 տոկոսից ավելին կանայք են, բայց նրանցից 70 տոկոսը չի աշխատում, արդեն խոսուն փաստ է:



Մեծ թիվ են կազմում նաեւ բարձրագույն կրթություն ստացած կանայք, որոնք մեծամասամբ, ցավոք, դեռ չեն դրսեւորվել: Իհարկե, կա նաեւ հոգեբանական խնդիր, այսինքն՝ կանանց որոշակի մասն ինքը չի ուզում հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ լինել, մտածելով, որ դա կարող է իր ընտանիքին խանգարել: Ի դեպ, չմոռանանք, որ տղամարդիկ էլ Հայաստանում ամեն ինչին շատ հեշտ չեն հասնում. դա ունի իր պատճառները՝ մթնոլորտի խնդիր է, սոցիալական եւ այլն: Շատ-շատ կարող տղամարդիկ իրենց ընտանիքներում դեռ հացի խնդիր են լուծում, անգամ իրենց կարիերան ստեղծելու ժամանակ չունեն: Սա լուրջ խնդիր է Հայաստանում:Սակայն չենք կարող չընդունել, որ այն կանայք, ովքեր  հասարակության մեջ ակտիվ են, հատկապես ԱԺ պատգամավորների օրինակը վկայակոչելով, որեւէ խոչընդոտ չեն տեսնում տղամարդկանց կողմից: Անշուշտ, կանանց առաջխաղացման հարցում լինում են խոչընդոտներ, կա թերահավատության մթնոլորտ, որ տղամարդն ավելի լավ կաշխատի այս ոլորտում, քան կինը, բայց սրանք տարբեր մտայնություններ են: Ի վերջո իրականության մեջ մարդը, եթե ինքնավստահ է, ձգտում-հասնում եւ ապացուցում է ամեն բան: Ի դեպ, պատահում է, որ շատ հաճախ էլ կանայք են կանանց խանգարում... Այդուհանդերձ, այսօր հայ ընտանիքներում հայ կինն իսկապես արժեւորված է, հասարակության մեջ՝ մեծ հաշվով՝ ոչ... Շատ կուզենայի, որ այնպիսի հասարակություն ստեղծվեր, այնպիսի մի երկիր, որտեղ կինն ապրեր ավելի արժանապատիվ: Որտեղ հայ կինն իր արժանապատվությունը նվաստացնելու որեւէ առիթ չունենար, մի բան, որն այսօր ակնհայտ է եւ ինձ ցավ է պատճառում: Ցավ է պատճառում, որ Հայաստանում հայ կինը կարող է իր տեղը չգտնել, իր երեխային կերակրելու համար գնալ թուրքիաներ եւ հազար ու մի նվաստացումների  ենթարկվել… Կանանց տոնն էր: Շատերը, ովքեր իրենց ընտանիքներում ուզում են տոն ստեղծել, ամեն ինչ անում են, որպեսզի իսկապես տոնը տոն դառնա: Բայց շատ կանայք այնքան թաթախված են հոգսերի մեջ, որ նույնիսկ տոները գալիս-անցնում են, իսկ իրենք չեն էլ զգում: Ուզում եմ, որ Հայաստանում այդպիսի մի կին անգամ չլինի: Եվ մեր հոգսաշատ կանայք մի օր իրենք էլ հիշեն, որ տոն կա իրենց նվիրված, իսկ տոնի մեջ իրենք լինեն իսկապես մեծարված, սիրված: ՌուզանԱՌԱՔԵԼՅԱՆՀՅԴ պատգամավոր