Հրապարակը նվաճվեց, բայց ակնկալիքները չարդարացան

Հրապարակը նվաճվեց, բայց ակնկալիքները չարդարացան
«Սիրելի ժողովուրդ, աչքներդ լույս: Ազատության հրապարակը նվաճված է». այս խոսքերով ողջունեց արդեն Ազատության հրապարակում հավաքված ոգեւորված բազմությանը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:



Հայ ժողովուրդը վաղուց այդքան ոգեւորված եւ հիացած չէր իր ձեռքբերումներով, որքան երեկ՝ Ազատության հրապարակը վերանվաճելուց հետո: «Հաղթել ենք, հրապարակը գրավել ենք, հրապարակը մերն է»,- զանգում եւ իրենց մտերիմներին աչքալուսանք էին տալիս ցուցարարները, բոլորին հրավիրելով գալ եւ իրենց միանալ: «Վերջը մոտ է, հասել ենք»,- բացականչում էին ներկաները: Թերեւս եթե Ազատության հրապարակ մտնելու պլանը կամ, ինչպես Զուրաբյանն ասաց, անակնկալը չլիներ, ապա Մատենադարանի մոտ հավաքված բազմությունը հուսահատությունը չէր հաղթահարի, քանի որ նրանք, ինչպես երբեք, հանրահավաք էին եկել ինչ-որ վճռական քայլի ակնկալիքով: «Էլ չենք կարող համբերել, ինչքա՞ն կարելի է խոսել-խոսել:



Կոնկրետ գործողություններ են պետք, վճռական քայլեր: Մենք պատրաստ ենք այդ քայլերին հենց այսօր, հենց հիմա»,-հանրահավաքի ժամանակ ասաց մի քաղաքացի: Այս հանրահավաքը Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանի ամենամարդաշատ հանրահավաքն էր: Մարդկանց հոսքը Մատենադարանի հարթակ չէր դադարում: Սկզբում ոստիկանները, պատ կազմելով, փակել էին Կորյունի փողոցը, ինչի պատճառով հանրահավաքի մասնակիցները կանգնել էին Մաշտոցի պողոտայի երկայնքով, սակայն հետագայում մարդկանց շարքերը խտացան, եւ բազմությունը կանգնեց նաեւ ճանապարհի երթեւեկելի հատվածում: Չնայած հանրահավաքի մարդաշատությանը եւ ոստիկանների աննախադեպ թվաքանակին, որեւէ բախում կամ միջադեպ չգրանցվեց:



Հանրահավաքի մարդաշատությունը պայմանավորված էր նաեւ օրեցօր ուժգնացող սոցիալական դժգոհությամբ: Սոցիալական ծանր պայմանները հրապարակ էին բերել նաեւ նրանց, ովքեր երբեք որեւէ հանրահավաքի կամ ակցիայի չէին մասնակցել: «Միակ ելքը սա է: Տեսնենք ինչ է լինելու»,-հուսահատված ասում էին ոմանք: Հանրահավաքն իր ելույթով բացեց Արամ Մանուկյանը: «Այս պահին մենք Հայաստանի պատմությունն ենք կերտում։ Բոլոր այն ժողովուրդները, ովքեր կերտում են իրենց պատմությունը, երջանիկ են, քանի որ իրենց երեխաներին պատմելու բան ունեն։ Մենք այլեւս չենք հանդուրժում այս իշխանությունը, որը սեփական ժողովրդի կամքով չի շարժվում։ Մենք այսպիսի իշխանություններ չենք ճանաչում»,- նշեց Մանուկյանը եւ հավելեց, որ պայքարն այլեւս քաղաքական չէ, այլ քաղաքացիական: Ապա ժողովրդին վստահեցրեց, որ իրենք ճիշտ ճանապարհի վրա են, եւ իրենց բոլոր քայլերն ու գործողությունները լավ հաշվարկված են: «Մի անհանգստացեք: Ամեն ինչ կլինի ճիշտ ժամին, ճիշտ տեղում եւ ճիշտ ձեւով: Վստահ եղեք»,-հավաքվածներին հուսադրեց ՀՀՇ վարչության նախագահը, ինչին հետեւեցին «հիմա, հիմա, հիմա» անընդմեջ բացականչությունները: Հանրահավաքի կազմակերպիչներին շատ դժվար էր զսպել մասնակիցների՝ կոնկրետ գործողություններ պահանջող բացականչությունները:



ՀԱԿ ներկայացուցիչներն անընդհատ հորդորում էին համբերատար գտնվել եւ սպասել, քանի որ «քիչ մնաց, «հիմա»-ն շատ չի ուշանա»: Հանրահավաքի անակնկալը քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանին ազատ արձակելու լուրն էր, ինչը ներկաներն ընդունեցին մեծ ոգեւորությամբ եւ ծափահարություններով: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ազատ է արձակվել եւս մեկ քաղբանտարկյալ՝ Ռոման Մնացականյանը: Սակայն մարդիկ արձանագրում էին, որ դեռեւս 7 քաղբանտարկյալներ շարունակում են մնալ անազատության մեջ: Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթի սկզբում անդրադարձավ իր նախորդ ելույթին եւ որոշակի պարզաբանումներ մտցրեց:



Մասնավորապես, որ իր ներկայացրած կետերը, որ շատերը պահանջագիր կամ վերջնագիր անվանեցին, ընդամենը հայտարարություն էր: Իսկ հայտարարության մեջ նշված ժամկետը՝ մարտի 15-ը, չէր վերաբերում ողջ փաստաթղթին, այլ միայն նրա առաջին կետին՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը, իսկ մյուս խնդիրների լուծման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում։ Հանրահավաքին հաջորդեց ավանդական դարձած երթը, քանի որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մատուցեց Լեւոն Տեր-Պետրոսյանի խոստացած անակնկալը՝ հայտարարելով, որ գնում են նվաճելու Ազատության հրապարակը: Հրապարակը նվաճվեց, սակայն կոնկրետ գործողությունների ակնկալիքներն այդպես էլ չարդարացան: