Մենք կարոտ ենք արդար վճիռների

Մենք կարոտ ենք արդար վճիռների
Մենք լսեցինք Ձեր մարտի 14-ի ելույթը ոստիկանության կոլեգիայի նիստում եւ շատ ուրախացանք: Եթե Դուք բացեիբաց հայտարարում եք, որ քրեական գործեր փակողները, նրանք, ովքեր անմեղ մարդկանց պատժում են, մեղավորներին ազատ արձակում, պետք է պատժվեն, ուրեմն հույս կա, որ մեր տղաների գործն էլ տեղից կշարժվի:



Մենք Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանների, Հրաչ Սահակյանի մայրերն ենք: Մեր որդիները շինծու մեղադրանքով 2005 թվին ձերբակալվել են եւ մեղադրվել սպանության մեջ: 5 տարի շարունակ մենք բողոքել ենք, պայքարել, բազմաթիվ ապացույցներ ներկայացրել, որ մեր տղաները կապ չունեն այդ սպանության հետ: Գործում չկա որեւէ հստակ փաստ այդ մասին, բայց դատախազներն ու դատավորները կույր են ու խուլ, նրանք սուտ, ծիծաղելի փաստարկներով 10-15 տարի ազատազրկման դատապարտեցին 4 անմեղ երիտասարդների, որոնք կարող էին օգտակար լինել իրենց երկրին ու հասարակությանը, կարող էին լավ մասնագետներ դառնալ, ընտանիքների լավ հայրեր: Բայց մնալով բանտում՝ մեր աչքի առաջ կորցնում են իրենց առողջությունը, հավատը մարդկության հանդեպ, հույսը, որ  արդարությունը կհաղթի: Պարոն նախագահ, խնդրում ենք պահանջեք, ծանոթացեք այս քրեական գործի մանրամասներին, Դուք զարմանալի բաներ կհայտնաբերեք: Կհամոզվեք, որ գործի քննության ընթացքում մի քանի անգամ սպանության մոտիվ եւ նկարագրություն է փոխվել, վկաների ու մեղադրյալների նկատմամբ անասելի ճնշումներ են գործադրել, դատարանում մեղադրանքը փլվել է՝ այնպես, որ առաջին ատյանի դատավոր Գագիկ Խանդանյանը (միակ մարդը, որ չկարողացավ իր խղճին դեմ գնալ) գործն ուղարկեց լրացուցիչ նախաքննության:



Բայց հետո դատախազության ճնշման տակ վերաքննիչը դատավճիռ կայացրեց եւ մեր տղաների կյանքը խորտակեց: Եթե Ձեզ անաչառ զեկուցեն, համոզված ենք, որ Դուք նույնքան զայրույթ ու ցավ կապրեք, ինչպես անցած օրվա Ձեր ելույթում զգացինք: Պարոն նախագահ, լսելով Ձեր ելույթը, մենք հասկացանք, որ ոչ ոք պաշտպանված չէ իր աթոռով ու պաշտոնով եւ ոչ ոք իրավունք չունի հանցանք կատարել ու անպատիժ մնալ: Մենք հուսադրվեցինք, որ եթե Հովիկ Թամամյանի վրա է այս կանոնը տարածվում, ապա հնարավոր է, որ մյուս հանցագործներին էլ բացահայտեք ու պատժեք: Մեր ժողովուրդը նման արդար վճիռների է կարոտ եւ մեծ հույսեր է կապում վերջին օրերի Ձեր քայլերի հետ: Տեր կանգնեք մեզ, եղեք արդարամիտ ու վճռական: Մենք՝  Ձեզ կպաշտպանենք ու թեւ-թիկունք կլինենք:



Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ



Ռիմա ՍԱՀԱԿՅԱՆ