Դատավոր մի դարձեք

Դատավոր մի դարձեք
Ես երբեք իշխանամետ չեմ եղել եւ համոզված եմ, որ լրագրողին հակացուցված է իշխանամետ լինելը: Թերեւս հակացուցված է նաեւ ընդդիմադիր լինելը: Իրական լրագրողը նա է, ով ընդդիմանում է հասարակական թերություններին ու չարիքին: Ես չեմ ուզում նաեւ որեւէ քաղաքական ուժի հետ հայտնվել բարիկադների մյուս կողմում եւ բոլորովին չեմ ընկալում այն ուժին, որը պայքարում է ոչ միայն քաղաքական հակառակորդների, այլեւ լրատվամիջոցների դեմ: Երեկ Հայ ազգային կոնգրեսը կոչ էր արել համազգային նախապատրաստություն սկսել՝ կապված ապրիլի 8-ի հանրահավաքի հետ: Ճշգրիտ գնահատականներ էին տրված երկրում տիրող իրավիճակին, սակայն կար մի պարբերություն, որն իրեն հարգող յուրաքանչյուր ԶԼՄ պետք է դիտի որպես «անձնական վիրավորանք»: Բուն քաղաքական պայքարը թողած՝ ՀԱԿ-ը թշնամիներ է փնտրում լրատվամիջոցների մեջ, որոնց «դեմքը պարզելու, դիմակը պատռելու» առաքելությունն է ստանձնել:  Ըստ այդմ՝ վստահ է, որ իշխանությունը լայնածավալ քարոզչական արշավ է սկսել անցկացնել «պետական եւ իշխանության ազդեցության տակ գտնվող երեւութաբար անկախ լրատվամիջոցներով՝ փորձելով համոզել ժողովրդին, թե, իբր, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ արդեն երկխոսություն է սկսվել, եւ քաղաքական ճգնաժամն արդեն լուծվում է»։ Անգամ եթե այս «բացահայտումի» մեջ կա ռացիոնալ հատիկ, որեւէ քաղաքական ուժի սազական չէ անկախ մամուլից ու ազատ խոսքից զուրկ երկրում վարկաբեկել որեւէ լրատվամիջոցի, անգամ՝ ամենածախվածին: Այնպես, ինչպես սազական չէ հիվանդ երեւակայության վրա ծրագիր կառուցել եւ չփարատված կասկածների հիման վրա այլ քաղաքական ուժերի մեղադրել իշխանության հետ «գործարքի» գնալու մեջ: Եթե ընտրվել է իշխանափոխության ճանապարհը, կենտրոնացեք այդ խնդրի վրա: Դա էլ քիչ չէ: