Ինչ է կատարվում խաղաղարարների բրիգադում

Ինչ է կատարվում խաղաղարարների բրիգադում
Մեր թերթի մարտի 23-ի համարում մենք տպագրել էինք «Ռոժ 2» նամակ-հոդվածը, որտեղ ներկայացված էին պաշտպանության նախարարության խաղաղապահ գումարտակում տեղի ունեցող իրադարձությունները, նշված էր, որ Աֆղանստան գնալու համար ծառայողները որոշակի գումար՝ կաշառք են տալիս, ուստի մեկնում են ոչ թե արժանիները, այլ նրանք, ովքեր կարողանում են «հարց լուծել»:



Ընդ որում, մենք նամակի առիթով պարզաբանումներ էինք խնդրել Ռազմական ոստիկանությունից, սակայն պատասխան չէինք ստացել: Նյութը տպագրելուց հետո արձագանքները չուշացան՝ մեզ զանգահարում եւ այցելում էին այն անձինք, ում անունները շոշափվել էին հոդվածում: Պահանջում էին տպագրել պատասխան, ինչը եւ անում ենք: Մեր խնդիրը դատավորի կեցվածք ընդունելը չէ, այլ հարցը բարձրացնելը, մարդկանց արտահայտվելու հնարավորություն տալը:



Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը գրել է.



««Հրապարակ» թերթում մարտի 23-ին տպագրված «Ռոժ 2» հոդվածում ներկայացված նյութն անանուն նամակ է, որը մարտի 6-ին ստացվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության էլեկտրոնային փոստով: Այդ գրության մեջ տեղ գտած փաստերը դիտարկվել են ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից, արդյունքների մասին զեկուցվել է պաշտպանության նախարարին: Նամակում տեղ գտած տեղեկությունների գերակշիռ մասը չի համապատասխանում իրականությանը եւ զրպարտություն է:



ՀՀ զինված ուժերի այլ զորամասերի նման ՊՆ խաղաղապահ բրիգադում եւս այժմ, ըստ կարգի, կատարվում են ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերված թերությունների ու չարաշահումների դեպքում իրականացվում են կարգապահական միջոցառումներ եւ կադրային փոփոխություններ»:



Նամակին պատասխանել է նաեւ Էդուարդ Ասատրյանը, որի 2 որդիները ծառայել են նշված գումարտակում, ինչպես նշված էր հոդվածում՝ բրիգադի հրամանատարին կաշառք տալու շնորհիվ.



«Սույն թվականի մարտի 23-ի համարում տպագրված «Ռոժ 2» հոդվածում շեշտվում է իմ երկու որդիների՝ Հովհաննես եւ Հրաչյա Ասատրյանների մասին, որոնք իբր զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանին կաշառք են տվել, որպեսզի վերջինս նրանց ուղարկի Աֆղանստան՝ խաղաղապահ առաքելության: Տեղեկացնում եմ Ձեզ, որ գնդապետ Արթուր Սիմոնյանն իմ մարտական ընկերն է: Մենք միասին կռվել ենք Աֆղանստանում: Ուստի վիրավորանք եւ զրպարտանք է, որ ես իմ մարտական ընկերոջը կաշառք տամ:



Վերը նշված հոդվածով, որոշ սրիկաներ, ովքեր չունեն սրբություններ, փորձում են աղբ թափել «մարտական եղբայրություն» հասկացողության վրա»: