Քաղաքական ֆուտբոլ

Քաղաքական ֆուտբոլ
Ֆուտբոլային կրքերը վերջին օրերին այնքան են շիկացել, որ ինձ նման՝ ֆուտբոլի նկատմամբ անտարբեր մարդկանց էլ են վարակել: Մի տեսակ հայի «թասիբի» հարց է դարձել մեր հավաքականի հաղթանակի հարցը Ռուսաստանի թիմի նկատմամբ: Կարծես անգամ մոռացվել է, որ սա ընդամենը սպորտային մրցույթ է, որը լավ ֆիզիկական պատրաստվածություն, համառ ու տեւական աշխատանք եւ վերջապես՝ սպորտային տաղանդ եւ ֆուտբոլային բախտ է ենթադրում: Հաղթանակի ցանկությունն այնքան մեծ է, որ մեզ թվում է՝ միայն այդ ցանկությունը բավարար է գոլ խփելու համար: Թվում է՝ այդ ցանկությունը հասարակությունից կփոխանցվի մեր ֆուտբոլիստներին, եւ նրանք կգերազանցեն իրենց ու կհաղթեն՝ անգամ եթե ավելի թույլ ու վատ խաղան, քան իրենց մրցակիցները: Հայրենիքի հողն ուժ կտա: Անկեղծ ասած՝ ես մի թաքուն իղձ էլ ունեմ այս խաղի հետ կապված. ինձ, չգիտես ինչու, թվում է, որ այս ֆուտբոլային հաղթանակի մեծ ցանկությունը նաեւ պետականության ինչ-որ անորոշ գիտակցությամբ է պայմանավորված: Ռուսից ազատագրվելու, ռուսական պետությունից անկախանալու թաքուն ու չգիտակցված ցանկությամբ: Գուցե այս խաղից հետո մենք մի քիչ տարանջատվե՞նք ռուսական կայսրությունից, որի «գուբերնիան» ենք շարունակում մնալ անկախություն ձեռք բերելուց 20 տարի անց: Գուցե հասկանա՞նք, որ մենք էլ պետություն ենք, որը պետք է ոչ միայն անկախ տնտեսություն ունենա եւ ինքնուրույն քաղաքականություն վարի, այլեւ սպորտային հետաքրքրություններ ունենա եւ մրցի հարեւանների հետ: Եվ այս պարագայում բոլորովին անիմաստ է «բարեկամության» հաղթանակը: Ես անգամ համաձայն եմ՝ թող մերոնք այսօր պարտվեն, բայց ռուսից, օտարից, սրա-նրա կախումից այս խաղի արդյունքում մենք մի փոքր ազատագրվենք: Այդ դեպքում անգամ պարտությունն արդարացված կլինի: