Մահացել է բժշկի սրսկումի՞ց

Մահացել է բժշկի սրսկումի՞ց
Երեւանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոս, 62-ամյա Վերա Ղազարյանը մարտի 9-ին այցելել է «Արթմեդ» բժշկական կենտրոն` ողնաշարի բուժում ստանալու համար, եւ տեղում մահացել: Հարազատների պնդմամբ՝ մահը վրա է հասել ողնաշարի վրա սրսկումից հետո:



Մահվան վկայականում գրված է, որ Վերա Ղազարյանը մահացել է սրտի անոթների սուր խանգարումից: Մեր խմբագրություն եկած նրա աղջիկները պնդում են, որ սրտի սուր պրոբլեմ մինչ այդ իրենց մայրը չի ունեցել, եւ համոզված են, որ մահվան պատճառ է հանդիսացել բժիշկ-նյարդաբան, նյարդաբանության կլինիկայի ղեկավար Աշոտ  Քոսյանի ոչ պատշաճ վերաբերմունքն իր աշխատանքին: Վերա Ղազարյանը ողնաշարի երեք փոքր ճողվածք է ունեցել: Նրա գործընկերը խորհուրդ է տվել դիմել «Արթմեդ» բուժվերականգնողական կենտրոնի բժիշկ Աշոտ Քոսյանին, որպես լավ մասնագետի: «Քոսյանի մոտ առաջին անգամ մորս հետ միասին ենք գնացել մարտի 4-ին»,-պատմում է մահացածի աղջիկը` Նոնա Սարգսյանը, շարունակելով. «Գնացել էինք խորհրդակցելու, երեւաց, որ բժիշկը շատ շտապում էր: Նայեց «Յամերի» նկարը, ասեց՝ լավ, պարզ ա, կընդունեք 5 բլոկադա, ու դրանից հետո արդեն Ձեր պոլիկլինիկայում կշարունակեք բուժումը: Ապա ասաց մեկ ասեղի գինն ու միանգամից անցավ սրսկելու գործին՝ առանց ճնշում անգամ չափելու, առանց սիրտ լսելու, առանց որեւէ հետազոտության, առանց պրոբա դնելու: Սրսկելու պահին մաման ցավից էնպես գոռաց, որ ես անկախ ինձանից չոքեցի ու բռնեցի ձեռքերը»:



Մարտի 9-ին տիկին Վերան քոլեջում 6 ժամ դաս տալուց հետո իր մեքենայով արդեն մենակ է գնում հիվանդանոց: «Դասախոսները, ում հետ խոսել ենք, ասում են, որ ինքը վատ չէր զգում, շատ նորմալ էր: Բժիշկը սրսկել է, ու մահացել է տեղում ըստ երեւույթին: Մենք մանրամասն չգիտենք, որովհետեւ մենք իր հետ չենք եղել»,-ասում է աղջիկը: Հարազատներին բժիշկ Քոսյանն ասել է, թե չի սրսկել տիկին Վերային: «Ինքը չասեց, որ սրսկել եմ՝ մահացել ա: Ինքը մեզ ասեց՝ ես չհասցրեցի ջուր տամ, նրա սիրտը վատ էր, ու բժշկի ասելով, մայրս ինֆարկտ է ունեցել առանց սրսկումի: Սրսկելու փաստը պարզել ենք հաջորդ օրը` դիահերձարանում, երբ պարզվեց, որ մեջքի վրա սրսկման երկու տեղ կա` մի հատ վերեւում, որ իմ ներկայությամբ է սրսկել, մի հատ էլ մեջտեղում»,- պատմում է աղջիկը:



Մահացածի եղբայրը՝ Հենրիկ Ղազարյանը, քրոջ մահվան մեջ մեղադրում է բժշկին ու ընդհանրապես ներկա բարքերը բժշկության ոլորտում: «Ես 0.1 տոկոս կասկած անգամ չունեմ: Ես ընդհանրապես բժշկին ինքս կարդարացնեի, եթե քույրս երկրորդ սրսկումը ստացած չլիներ: Ես կհամակերպվեի էն մտքի հետ, որ իր սիրտը կանգնել է առանց սրսկելու: Բայց դիահերձարանում տեսանք, որ երկրորդ սրսկումը եղել է, էդտեղից պունկցիա արեցին:



Եթե էս գործը փակվի, ուրեմն պայմանավորվածություն է եղել: Ես բժշկին ասեցի՝ որ անկախ ամեն ինչից, Դուք առաջինը պետք է ստուգեիք սիրտը: Եթե սիրտը պրոբլեմ ուներ, նախ սիրտը բուժեիք: Նա, փոխանակ առաջին հերթին իր բժշկական պարտականությունները կատարեր, առաջինը փողն ա տեսել ու սրսկել ա: Անփութության, գրդոնի հետեւանք է: Հիվանդանոցները դարձել են գրդոնի տեղ, հիվանդի հաշվին փող աշխատեն: Ես չեմ ասում՝ մտածված է սպանել»: Վերա Ղազարյանի ամուսինը՝ Լեւոն Սարգսյանը, հետամուտ է լինելու, որ բժիշկը պատասխան տա: «Դա արվում ա նրա համար, որ նման բաներ ես չեմ ուզում կրկնվի մեր ժողովրդի գլխին, ու նման բժիշկները, որ շտապ-շտապ բաներ են անում իրանց փողի համար, պատժվեն, ու դա դաս լինի բժշկական ոլորտի ներկայացուցիչների համար: Էսօր առողջապահության մասին մեծ-մեծ խոսում են, բայց դրանք մենակ փող են աշխատում հիվանդների հաշվին: Ասեղի տակ ա մնացել իմ կինը, ես չեմ էլ կասկածում»:



Բժիշկ-նյարդաբան, նյարդաբանության կլինիկայի ղեկավար Աշոտ Քոսյանը մեզ հետ զրույցում 100 տոկոսով հերքեց մահացածի հարազատների կողմից իրեն հասցեագրվող մեղադրանքը: Նա բացառում է տիկին Վերայի մահվան կապն իր գործունեության հետ: «Բացարձակ, ինֆարկտը եթե հնարավոր լիներ արհեստական առաջացնել, աշխարհի մարդկությունը կվերանար, տենց բան հնարավոր չի ինչ-որ դեղորայքով առաջացնել: Ես 100 տոկոսով մեղք չունեմ: Ես փորձել եմ իրան օգնել»: Բժշկի պատմելով՝ «հիվանդը մտավ իմ սենյակ արդեն վատ վիճակում, սրտի ծակոցով, հեւոցով, ասեց՝ բժիշկ ջան, վատ եմ: Ես ասեցի՝ մտեք ներսի սենյակ, ես Ձեզ կօգնեմ: Մինչեւ մտանք ներս, սրտի կանգ առաջացավ: Դա տեւել է մոտ մի երկու րոպե, ոչ ավելի: Տարանք ռեանիմացիայի բաժանմունք, հնարավոր չեղավ փրկել: Իրանք հիվանդատեր են, ես բժիշկ եմ, ես սրիկա չեմ, ես հասկանում եմ նրանց վրդովմունքը, որովհետեւ մայրն առողջ՝ տնից դուրս է եկել, եւ նման պրոբլեմ է առաջացել»,-ասաց Աշոտ Քոսյանը:



Մեր դիտարկմանը, թե հարազատներն ասում են, որ նա սրտի խնդիր չի ունեցել, բժիշկն այսպես պատասխանեց. «Չի ունեցել, բայց եղել է աբշիրնի ինֆարկտ: Ինձ մեղադրում են, ասում են՝ ինչի՞ սիրտը չեք ստուգել, ախր ես չեմ հասցրել ստուգել: Ես ինձ մեղադրում եմ, որ չկարողացա նրան օգնել»: Մեր հստակեցմանը, թե հարազատները պնդում են, որ դիահերձարանում հայտնաբերվել է փաստ, որ ողնաշարից սրսկվել է 2-րդ անգամ, բժիշկը հայտարարեց. «Չկա էդպիսի բան, որովհետեւ չէի հասցնի: Իրա մտնելն ու վատանալը տեւել է 1-2 րոպե: Եթե գրանցվել ա, չգիտեմ ի՞նչ ասեմ, ես դրա համար պատասխան կտամ, բայց ես չեմ սրսկել, չգիտեմ ով ա արել: Կարող ա դրանից 1-2 օր առաջ մի ուրիշ տեղ ա ինքը գնացել»: Վերա Ղազարյանի մահվան գործը քննում է Նոր Նորքի քննչական բաժինը: Քննիչ Վահան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործը նախաքննության փուլում է, ինքը որեւէ հարցի չի կարող պատասխանել նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ հավելելով, որ քրգործ դեռ չի հարուցվել: Առողջապահության նախարարությունից դեպքի առթիվ մեկնաբանություն ստանալ դեռ չի չհաջողվել: