Եթե փող չունես` դելֆինի տեղ կատուն էլ կանցնի

Եթե փող չունես` դելֆինի տեղ կատուն էլ կանցնի
Դելֆինաթերապիայի միջոցով սահմանափակ կարողություններով երեխաների զարգացմանը խթանելու նպատակով երեկ պայմանագիր է կնքվել Խ. Աբովյանի անվան մանկավարժական եւ Ուկրաինայի պետական մանկավարժական համալսարանների եւ Շուպիկի անվան ազգային բժշկական ակադեմիայի միջեւ: Դելֆինաթերապիայի կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Դելֆինարիումում: Պայմանագրով նախատեսվում է գիտական ինֆորմացիայի փոխանակում, հատուկ մանկավարժության ամբիոնի դասախոսների եւ ուսանողների պատրաստում եւ դելֆինաթերապիայի մեթոդով զարգացման սահմանափակ կարողություններով երեխաների հետ աշխատանք:



Մանկավարժական համալսարանի նախադպրոցական, սկզբնական եւ հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Սպարտակ Փալիկյանին փոխանցեցինք բնապահպանների այն մտահոգությունը, որ նման փոքր տարածքում կենդանին սթրեսի է ենթարկվում, իսկ սթրեսի մեջ գտնվող կենդանին չի կարող բարերար բուժական ազդեցություն թողնել երեխաների վրա: «Դե իհարկե, կենդանիներն էկոլոգիական իմաստով իրենց արեալի մեջ սահմանափակված են, բայց սա այն դեպքն է, երբ ասում են՝ игра стоит свеч»,- վստահեցրեց դեկանը ու որպես համոզիչ փաստարկ՝ վկայակոչեց այն հանգամանքը, որ սթրեսի մեջ գտնվող կենդանին իրեն այդքան առույգ, աշխույժ չէր պահի:



Հաստատ Հայաստանից ու Ուկրաինայից բացի, ավելի հումանիստ ու կենդանասեր պետություններ էլ կլինեն, նրանց մոտ բացվո՞ւմ են հատուկ դելֆինաթերապիայի ամբիոններ:  Զրուցակիցս այս հարցում ճշգրտում մտցրեց, նշելով, որ ոչ թե հատուկ ամբիոն է բացվել դելֆինաթերապիայի համար, այլ պարզապես հատուկ մանկավարժության ամբիոնում հատուկ դասընթաց են ստեղծելու, որը սեպտեմբերից կվարեն հենց ուկրաինացի մասնագետները: Այդ դեպքում ինչո՞ւ հենց դելֆին, չէ որ կատուները միշտ մեր կողքին են եղել, Ուկրաինայից չեն եկել, ու նրանց բուժական ազդեցության մասին դելֆինարիումից առաջ էլ գիտեինք, այլ կերպ ասած՝ ինչո՞ւ փողոցներում թափառող անտեր «ռեսուրսին» տեր չենք կանգնում ու մի հատ էլ կատվաթերապիայի դասընթաց ավելացնում. «Մի քիչ սադրիչ հարց է, բայց ինչո՞ւ չէ, գուցե նույն կատուներով բուժում են, ես տեղյակ չեմ ու դրա մասնագետը չեմ, բայց ասեմ, որ իպոթերապիա՝ ձիերով բուժումը վաղուց կա ու մեզ մոտ էլ է կիրառվում ու լավ էլ էֆեկտիվ է»:



Բայց, չգիտես ինչու, ձիաթերապիայի ամբիոն չեն բացում: Այս դելֆինաթերապիայից դելֆինարիումի բիզնեսին օժանդակության հոտ է գալիս: Իսկ դա հասանելի կլինի՞ կարիքավոր երեխաներին, Փալիկյանը նշեց, որ դա իրենց խնդիրը չէ, դրանով չեն զբաղվում. «Մենք զուտ ուսումնական կրթական կողմն ենք նայում, իսկ թե գործնականում մարդիկ ինչ կոմերցիայով են զբաղվում, դա մեր խնդիրը չէ, եւ մենք չենք էլ ուզում մեր քիթը խոթել դրա մեջ, դա իրենց գործն է»:



Պրն Փալիկյանին չի հուզում նաեւ, որ պայմանագիր է կնքվել մի կառույցի շուրջ, որի իրավական, փաստացի գոյության մասին ոչ մի փաստաթուղթ չկա: Մասնավորապես վերջերս բնապահպանական կազմակերպությունները դատական հայցով էին հանդես եկել՝ պահանջելով բնապահպանության նախարարությունից իրականացնել դելֆինարիումի կառուցման, կենդանիների ներմուծման եւ շրջակա միջավայրի փորձաքննություն: Նախարարությունն էլ իր հերթին նշել էր, որ այդ փորձաքննությունն իրականացնելու համար դելֆինարիումը պետք է դիմեր իրենց:



Դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանն էլ, անդրադառնալով բնապահպանական ՀԿ-ների պահանջին՝ իրենց տրամադրել այդ փորձաքննության եզրակացությունը, նշեց, որ էկոլոգներն իրավասու չեն նման պահանջներ ներկայացնելու, այդ իրավունքն ունի միայն բնապահպանության նախարարությունը, որն էլ իրենցից չի ուզել փորձաքննության եզրակացություն:



Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ դելֆինաթերապիայի 1 րոպեն հազար դրամ արժե, մեկ կուրսը՝ մոտ 25 րոպեն, 20 հազար դրամ, ապա պարզ է, որ դելֆինաթերապիան հասանելի կլինի ոչ բոլոր երեխաներին: Դելֆինաթերապիայի կենտրոնի ղեկավար Բոգդան Պոպովսկին էլ վերջում հույս հայտնեց, որ տարբեր համագործակցությունների, հովանավորների շնորհիվ ապագայում գուցե դելֆինաթերապիան դառնա ավելի մատչելի բոլորի համար, չբացառելով լրիվ անվճարի կամ մասամբ զեղչերի տարբերակը: