Իրենց հարստության 15-20 տոկոսը ներդնեն՝ Ղարաբաղը կծաղկի

Իրենց հարստության 15-20 տոկոսը ներդնեն՝ Ղարաբաղը կծաղկի
Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ, պահեստի գնդապետ Ռազմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ առաջարկում է նոր խորհուրդ ստեղծել



- Պարոն Պետրոսյան, ի՞նչ խորհրդի մասին է խոսքը, եւ ինչո՞վ պիտի այն զբաղվի։



- Ղարաբաղյան շարժումից ի վեր Արցախի անունով բազմաթիվ ղարաբաղցիներ մեծ հարստության տեր են դարձել, Երեւանում բոլոր ղարաբաղցի ղեկավարները հարստացել են։ Նրանք՝ մեծ հարստություն կուտակած այդ մարդիկ, թող գոնե իրենց հարստության մի 15-20 տոկոսը, որպես փոխհատուցում, բերեն իրենց հայրենի Արցախում մի բան սարքեն, մեկական շրջան իրենց ձեռքը վերցնեն եւ զարգացնեն։ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, նրա եղբայրը, խանաբադցի Բարսեղը եւ մյուսները թող իրենց նյութական հարստության մի մասը ներդնեն հանուն Արցախի զարգացման։ Առաջարկում եմ մի խորհուրդ ստեղծել։ Ասենք 3 հոգուց, ՀՀ նախագահը՝ Սերժ Սարգսյանն առաջարկի իր շրջապատից, իր ցանկալի մարդկանցից, 3 հոգի Հայ ազգային կոնգրեսը տա, 3-ը՝ Վազգեն Մանուկյանի ղեկավարած ՀՀ հանրային խորհուրդը, եւ վերջապես՝ 3 ազնիվ, նվիրված մարդ էլ արցախցիներս ընտրենք։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Արցախի բնակչության թիվը 2-3 անգամ ավելացնել, զարգացնել, շենացնել այս երկիրը, որի համար այնքա՜ն արյուն է թափվել։



- Ի դեպ, Արցախի վիճակագրական ծառայության հաղորդած տեղեկության համաձայն, այսօր Արցախում ապրում է ընդամենը 143,5 հազար մարդ։



- 1989 թվականին, երբ ստեղծվել է Ազգային խորհուրդը, մենք բնակչության հաշվառում ենք կատարել եւ պարզել, որ Արցախում, առանց ազերի բնակչության, 198 հազար մարդ է ապրում։ Երբ Անուշավան Դանիելյանը Ղրիմից եկավ եւ մեզ մոտ վարչապետ դարձավ, խոստացավ բնակչության թիվը հասցնել 300 հազարի, բայց երբ նա գնաց, այստեղ խոստացածի նույնիսկ կեսն էլ չէր ապրում։



- Իսկ Ձեր առաջարկած ծրագիրն իրակա՞ն եք համարում։



- Իհարկե։ Ադրբեջանն այսօր ինչո՞ւ է այդքան հոխորտում, պատերազմով սպառնում մեզ։ Որովհետեւ վերջին 10-15 տարում իրոք ուժեղացել է, իսկ մենք մնացել ենք նույն վիճակում։ Նրանք տարեցտարի մեծացրել են իրենց ռազմական բյուջեն, ժամանակակից զենք են գնել, հզորացել։ Մենք էլ ենք, իհարկե, ավելացրել մեր զինապահեստը, բայց շատ ավելի համեստ չափերով։ Ղարաբաղի խնդիրը լուծելու միակ պայմանն այն է, որ մենք ավելի ուժեղ լինենք հակառակորդից։ Իսկ այսօր այդ հավասարակշռությունը խախտվում է՝ ոչ հօգուտ մեզ։



- Պատերազմ կսկսվի՞, թե՞ չի սկսվի՝ օտարազգի քաղաքագետները, մեր գործիչները, վերլուծաբանները շարունակ այս հարցի շուրջ են վիճաբանում։ Դուք ի՞նչ եք մտածում։



- Շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ն եւ աշխարհի մյուս հզոր տերությունները թույլ չտան, որ Ադրբեջանը պատերազմ վերսկսի։ Բայց նաեւ հնարավոր է, որ աշխարհում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ վերջիններս չկարողանան խանգարել մեր հակառակորդին։ Այնպես որ՝ միակ ճիշտ ճանապարհն այն է, որ մենք հույսներս առաջին հերթին մեզ վրա դնենք եւ զարգացած, հզոր երկիր ստեղծենք, ժամանակակից ուժեղ բանակ ունենանք։ Եթե հակառակորդը պատերազմ սկսի, ինքն էլ է մեծ կորուստներ կրելու, բայց սկզբնական շրջանում մեր բնակչության շուրջ 30 տոկոսը կորցնելու ենք։ Ճիշտ է, հետո հաղթելու ենք, սակայն ո՞ւմ է պետք այն հաղթանակը, որ պիտի ձեռք բերվի մեր բնակչության մի մասի կյանքի գնով...



Բոլոր այդ բանակցությունները, միջնորդները, նախագահների հանդիպումները դատարկ բան են։ Հարցի լուծումը միայն բնակչության կրկնապատկումը, եռապատկումը, բազմապատկումը, երկրի հզորացումն է։ Լեւոն Հայրապետյանը Վանքում տեսեք ինչ մեծ գործեր է կատարում։ Թող մյուսները, ուրիշներն էլ նույնը կատարեն իրենց ծննդավայրում կամ ցանկացած այլ բնակավայրում: Իմ առաջարկության մյուս կետը հարկային ծառայության գործունեության ժամանակավոր դադարեցումն է մի 5 տարով։ Փոքր կամ միջին բիզնեսին չպիտի հարկերով ծանրաբեռնել։ Նաեւ գյուղապետերին պետք է առաջարկել հաշվառում կատարել, պարզել, թե այս կամ այն գյուղացին որքան եկամուտ եւ ինչի կարիք ունի։ Եթե նա հնարավորություն չունի, նրան պետք է մի կով, երկու ոչխար տանք՝ պայմանով, որ 1-2 տարի հետո եղածը կրկնապատկելու է։ Արեւմտյան Հայաստանից ենք խոսում...



Բայց եկեք գոնե ունեցած հողերը, ազատագրած տարածքները պահենք, բնակեցնենք, շենացնենք, հետո մնացյալի մասին մտածենք։ Ղարաբաղի հարցը մենք արդեն լուծել ենք, առաջին մեծ խնդիրը լուծել ենք։ Մնում է երկրորդը՝ պահենք, զարգացնենք ու հզորացնենք այն։ Ղարաբաղում յուրաքանչյուր ընտանիքի, գյուղաբնակ թե քաղաքաբնակ, պետք է 5 հա հող տալ, որ իր ուզած ձեւով օգտագործի, մշակի, բայց այն վաճառելու իրավունք չունի։



Ես «Հայաստան համահայկական հիմնադրամին» այլեւս չեմ հավատում, դրա համար առաջարկում եմ իմ ասած ձեւով հիշյալ խորհուրդը ստեղծել եւ նրան լայն լիազորություններ տալ... Ամենակարեւորը՝ որպեսզի ամեն ինչ ազնիվ ու թափանցիկ լինի, խորհուրդը պարտավոր է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել հանրությանը՝ կատարած աշխատանքի, օգտագործած ֆինանսական միջոցների մասին։ Եվ իր տրամադրության տակ եղած հիմնադրամով հիմնականում պիտի աշխատի վերաբնակեցման, բնակչության թիվը բազմապատկելու ուղղությամբ։



- Ասում եք՝ վերաբնակեցնենք երկիրը, բնակչության թիվը կրկնապատկենք եւ այլն։ Հասարակ մի օրինակ, լիբանանաբնակ Ժիրայր Սեֆիլյանը թողել իր բարեկեցիկ կյանքը, եկել-կռվել է Արցախի ազատագրության համար։ Պատերազմից հետո տարիներ ի վեր ապրում է Երեւանում։ Նույնը ֆրանսաբնակ Սարգիս Հացպանյանը, որ ամուսնացել, ընտանիք է կազմել Երեւանում, երեխաները դպրոց են հաճախում։ Ինչո՞ւ այդ մարդկանց քաղաքացիություն չեն տալիս։ Ընդհակառակը՝ բանտ են նստեցրել։ Ժիրայրին ազատ արձակեցին, իսկ Սարգիսին դեռ պահում են։



- Ես երկուսին էլ լավ եմ ճանաչում, լավ գիտեմ նրանց։ Նրանք լիովին արժանի են, որ քաղաքացիություն ստանան...



- Ասում եք՝ ազնիվ մարդկանցից նոր խորհուրդ ստեղծենք, հիմնադրամ։ Ձեզ չի՞ թվում, որ նույնը կրկնվելու է։ Երբ ՀՀ առաջին նախագահին ընտրեցին, որեւէ մեկը կասկածո՞ւմ էր նրա ազնվությանը...



- Արցախյան շարժման առաջին շրջանում իրոք ազնիվ մարդիկ էին կանգնած շարժման գլուխ՝ Ա. Մանուչարով, Վ. Գրիգորյան եւ այլք։ Հետո Ադրբեջանը պատերազմ սկսեց, նոր մարդիկ եկան, որ միայն թալանով, հարստանալով էին զբաղվում... Այդ մարդիկ այսօր փողն ավելի շատ են սիրում, քան հայրենիքը։ Դրա համար այնպիսի մարդիկ պիտի ղեկավարեն Հայաստանում ու Ղարաբաղում, որոնց համար փողը նշանակություն չունի, անձնական բարեկեցությունը չէ առաջնայինը։



- Ձեր առաջարկածն իրականացնելու ավելի հեշտ ճանապարհ չէ՞ նորմալ ղեկավարություն ընտրելը։



- Դա հետագայի հարց է, մենք աստիճանաբար պիտի հասնենք դրան։



- Ուրեմն համոզված եք, որ նրանք, ավելի կոնկրետ՝ ՀՀ ղեկավարությունն ընդունելու է Ձեր առաջարկը։



- Նրանք այլ ելք չունեն։ Եթե հիմա փորձ չարվի երկիրը փրկել, ժողովուրդը միշտ ըմբոստանալու է նրանց դեմ... Եվրոպան, Արեւմուտքն ասում է, չէ՞, կարգին երկիր ստեղծեք, ժողովրդավարական պետություն կառուցեք... Ինձ թվում է, հիմա այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մեր ղեկավարներն էլ են ցանկանում, որպեսզի դուրս գանք այս դժվարին կացությունից։ Ուրիշ ելք չունենք։



Այս անկայուն վիճակը միայն Ռուսաստանին է ձեռնտու։ Ադրբեջանին միակողմանի զենք է վաճառում, բայց թույլ չի տալիս հարձակվել։ Ասում է՝ Հայաստանն իմ ռազմավարական դաշնակիցն է։ Սակայն աշխարհում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն չկարողանան տարածաշրջանում վերահսկել իրադրությունը։