Բացի Նիկոլի՞ց

Բացի Նիկոլի՞ց
Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանությանը ներկայացրած երեք հայտնի պահանջներից (Ազատության հրապարակը հանձնել ժողովրդին, «Մարտի 1»-ի դեպքերը բացահայտել եւ ազատել քաղբանտարկյալներին) առաջին երկուսը կարելի է համարել բավարարված, իսկ երրորդը՝ առայժմ ոչ:



Եվ այդ բավարարման շուրջ էլ հենց կարծիքներ են հնչում, թե իշխանությունն ու ընդդիմությունը քողարկված երկխոսում են: Արդյո՞ք այդպես են կարծում հանրահավաքի մասնակիցները, եթե այդպես է՝ ի՞նչ արդյունք են ակնկալում, եւ վերջապես՝ կբավարարվի՞ երրորդ պահանջը: Մենք զրուցեցինք Ազատության հրապարակում գտնվող մի խումբ մարդկանց հետ եւ այդ զրույցները ներկայացնում ենք առանց միջամտության:



Աշխեն Մինասյան - Ամեն ինչ կախված է ժողովրդի քանակից. եթե շատ ժողովուրդ հավաքվի, հնարավոր է միտինգի վերջին պահին հայտարարեն, որ քաղբանտարկյալներն ազատ են արձակվել, քանի որ բոլորս էլ գիտենք, բավական է, որ նախագահը հրաման ստորագրի, եւ հարցը կլուծվի: Սակայն Սերժ Սարգսյանի ելույթներից կարելի է ենթադրել, որ եթե ոչ մայիսի 9-ին, ապա 28-ին, Հայաստանի անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակներում քաղբանտարկյալներին ազատ կարձակեն:



Ինչն անիմաստ եմ համարում, քանի որ մենք այսօր ենք սպասում, որովհետեւ հարցը դրված է՝ երեք պահանջը միաժամանակ լուծել, միայն այդ տարբերակը: Եվ չեմ հավատում, թե իշխանություն-ընդդիմություն երկխոսություն կա, սակայն լինելու դեպքում ես դրական միտում եմ տեսնում: Եթե իշխանությունն ըմբռնումով մոտենա ու հասկանա մեր ժողովրդի ծանր վիճակը, ընդառաջ գնա, իհարկե շատ լավ է: Բայց խիստ կասկածում եմ, քանի որ վերջին երեք տարում նման քայլ չենք տեսել, մնում է հուսալ, որ Սերժը Ռոբից կտարբերվի:



Հովհաննես Հակոբյան - Չեն թողնի, գոնե այսօր հաստատ բաց չեն թողնի քաղբանտարկյալներին: Ապագայում թողնելու դեպքում էլ Նիկոլին կպահեն: Կարծում եմ՝ եթե Նիկոլին բաց թողնեն, այստեղ կրկնակի ժողովուրդ կհավաքվի, դրա համար էլ չեն համարձակվի: Այսօր բացառված է երկխոսությունն իշխանության եւ ընդդիմության միջեւ, իսկ եթե իշխանությունները կատարեն ընդդիմության պահանջներն իրականում, ոչ թե ձեւական, կարելի է գնալ երկխոսության, հակառակ դեպքում իմաստ չունի:



Այս վիճակում այս իշխանությունների հետ ընտրության գնալն անիմաստ է, ընտրության միջոցով այսօր իշխանափոխությունն անհնար է, էլի նույն սցենարն է կրկնվելու, ինչը որ նախորդ ընտրություններում էր գործում: Իբր արտոնել են միտինգը, այդ դեպքում ինչո՞ւ էին մարզերից Երեւան բերող ճանապարհները փակել:



Անի Թորոսյան - Մի օր կազատեն քաղբանտարկյալներին, բայց այդ օրն առայժմ անհայտ է: Ժողովուրդը բազմիցս ոտքի է կանգնել եւ այդ պահանջն է ներկայացրել: Սերժ Սարգսյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան ոչ հրապարակային երկխոսություն կարծես թե ինչ-որ չափով կա: Իսկ երբ շատ ավելի շոշափելի կլինեն արդյունքները, այն ժամանակ էլ կիմանանք, թե որքանով դրական ազդեցություն կունենա, դեպի լա՞վը, թե՞ վատը կտանի: Ընդամենը ենթադրություն է, փաստերը ցույց կտան, քանի դեռ փաստերը չեն խոսում, որեւէ ստույգ բան չենք կարող ասել:



Ստեփան Պետրոսյան - Եթե քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը չկատարի Սերժ Սարգսյանը, պարզապես ինքը մեղք կլինի, քաղաքական դիակի կվերածվի: Ես «հիմա»-ի անդամ եմ, այսօր պիտի լինի, ընտրելու երկրորդ տարբերակ չկա, ամեն ինչ հիմա: Ընդդիմություն-իշխանություն երկխոսություն ընդհանրապես չի լինի, հասարակությանը ոչ ոք չի կարող թելադրել, հասարակությունն է թելադրելու քաղաքական ուժերին: Ընդդիմությունը ժողովուրդն է, իսկ ժողովուրդը ոնց կթելադրի, այնպես էլ կլինի: Լեւոն Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, բայց հենց ընտրվեց, նրա առաջին ընդդիմությունը ես եմ լինելու:



Աշոտ Մարտիրոսյան - Քաղբանտարկյալներին կազատի, բայց եթե ընդդիմության պահանջները չկատարի, բանակցություններ չեն լինի, եւ կլինի հերթական խաբեությունը: Եթե Սերժ Սարգսյանը խնդրին մոտենար որպես քաղաքական գործիչ, արդեն հրաժարական տված կլիներ: Քաղաքական գործիչների մեծությունն այն է, որ ճիշտ ժամանակին հրաժարական են տալիս՝ պահելով իրենց հեղինակությունը:



Իսկ ես նրան քաղաքական գործիչ չեմ համարում եւ չեմ էլ սպասում, որ հրաժարական կտա, բայց պարտավոր է այդ քայլին գնալ, քանի որ ժողովուրդը դա է պահանջում: Միայն ժողովուրդն է իր երկրի տերը, իսկ ժողովրդի հետ չեն խաղում:



Ֆելիքս Եղիազարյան