Ձկնագողերը «նալոգ» են վճարում

Ձկնագողերը «նալոգ» են վճարում
Չնայած Սեւանա լճից ձուկ որսալու արգելքին, այն գրեթե անփոփոխ տեմպերով շարունակվում է: Մեր աղբյուրը հայտնում է, որ մոտ 300 ձկնորսական խմբեր կանոնավոր զբաղվում են ձկան եւ խեցգետնի որսով:



2-3 հոգուց կազմված որսագողերի խմբերը 50-60 մետրանոց ձկնորսական ցանցեր են նետում լճի մեջ: Արգելված որսի կանխումը պետք է իրականացնեն ոստիկանությունը եւ Սեւան ազգային պարկը, սակայն այս երկուսն էլ աչք են փակում դրա վրա:



Ավելին, ըստ հավաստի լուրերի, արգելված ձկան որս անելու համար ձկնագողերը «նալոգ» են վճարում՝ ամիսը 30 հազար դրամ: Այնպես որ, որսագողերին բռնելու փոխարեն այս երկու մարմինն ամսական մոտ 9 միլիոն դրամի «մաքուր» եկամուտ են ստանում:



Վերջիններիս համագործակցությունը հատկապես լավ է ստացվում, քանի որ Սեւան ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանը ժամանակին ոստիկանության ակադեմիայի պետն է եղել: