Դեղերը նորից թանկացան

Դեղերը նորից թանկացան
Չնայած ՀՀ կառավարությունը երկու ամիս առաջ փոփոխություն կատարեց «ՀՀ դեղերի  պետական գրանցման կարգը եւ դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» որոշման մեջ, ու վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ դրա նպատակը դեղերի շուկայի բարելավումն է, ինչի շնորհիվ գները չեն բարձրանա, մեր խմբագրություն դիմած քաղաքացիները դժգոհում են, որ վերջին շաբաթներին հերթական անգամ կտրուկ թանկացել են մի շարք դեղամիջոցներ:



Օրինակ՝ այն պարագայում, երբ Հայաստանում քիչ չէ շաքարախտով հիվանդների թիվը, «Դիաբետոն» դեղամիջոցը վերջին շաբաթներում 3 հազար 900 դրամից դարձել է 4 հազար 500 դրամ:



«Բոնվիվա» դեղորայքի մեկ պարկուճը, որը ոսկորների բուժման համար է, 16 հազարից դարձել է 23 հազար դրամ: Մեզ դիմած քաղաքացիների պնդմամբ՝ թանկացել են նաեւ «Բիլալոս» եւ «Օստալոն» դեղամիջոցները: «Ես կամ պիտի հաց առնեմ-ուտեմ, կամ բուժվեմ: Երկուսը չեմ կարող անել, եւ այդ թանկացումներին վերջ չկա, իսկ թոշակը կամ աշխատավարձը որեւէ կերպ չեն ավելանում»,- բողոքում են մեզ դիմած քաղաքացիները:



Նշենք, որ իրավիճակն անմիջականորեն վերահսկելու էր ՀՀ առողջապահության նախարարությունը։