Հիմա եւ ամբողջը

Հիմա եւ ամբողջը
Երեկ հանրահավաքի մասնակիցներից շատերն արձանագրում էին, որ ավելի մեծ բազմություն էին սպասում Ազատության հրապարակում, քան կար: Կարծում էին, որ Նիկոլի ու Սասունի ներկայությունը բեկում կառաջացնի, եւ շարժումն ավելի կհզորանա, բայց ամռան տապը, ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, Տեր-Պետրոսյանի ելույթների տոնայնության փոփոխությունն իրենց «սեւ գործն» արել էին. մարդիկ ավելի նվազ էին, քան նախկինում: Եվ դա ոչ թե ընդդիմության նկատմամբ համակրանքի նվազելու մասին է խոսում, այլ այն մասին, որ փողոց, որպես կանոն, ելնում է ամենադժգոհ զանգվածը: Նրանք, ովքեր արմատական փոփոխություններ են ուզում՝ հեղափոխություն, իշխանափոխություն: Նրանք երկխոսության, կոմպրոմիսների, համագործակցության իմաստը չեն հասկանում: Նրանց հարկավոր է «հիմա», արագ եւ ամբողջը: Այս զանգվածը հիմնականում 1988 տեսած զանգվածն է, որը բարելավումների մի եղանակ է միայն պատկերացնում՝ նրանք փոքրիկ քայլերը, աննշան փոփոխությունները մերժում են: Սակայն արդյո՞ք բարդ է մեր երկրում փոփոխությունների հասնելը, արդյո՞ք ներքաղաքական կյանքում հնարավոր չէ արձանագրել փոքրիկ, բայց նկատելի հաջողություններ, որ հասարակությունը դուրս գա թեւաթափ վիճակից եւ հավատա իր ապագային: Հավատա, որ բոլշեւիկյան հեղափոխությունները մնացել են նախորդ դարում, 21-րդ դարը տեխնոլոգիական առաջընթացի, մտքի ու կամքի հաղթանակի դար է, որտեղ ծրագիրն ու գաղափարն են հաղթում, այլ ոչ թե զենքն ու աղմուկը: Մի՞թե հնարավոր չէ այնպես անել, որ ժողովուրդը չմտածի նախնադարյան մեթոդներով պայքարը շարունակելու եւ բռնի ուժով իշխանություն փոխելու մասին: Չէ որ երբ բանը հասնի ոսկորին, ամեն ինչ ուշ կլինի՝ բարեփոխումներ անելն էլ, խոստումներ տալն էլ, սոցիալական վիճակը բարելավելն էլ: