Ժողովրդի պահանջները

Ժողովրդի պահանջները
1. Բացառիկ գերակա հանրային շահ սահմանելով` բացել ՀՀ նախագահի նստավայրի դեռեւս խորհրդային ժամանակահատվածում հայտնաբերված ոսկու հանքավայրը, որով կլուծվի ինչպես ոսկու պետական պահուստային պաշարների վերականգնման խնդիրը, այնպես էլ Հանրապետության հրապարակում Կառավարական տան վրա կառուցվելիք թմբուկի ոսկեզօծման հարցը:



2. Բացառությամբ մեկ ծառի, կտրել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վանական համալիրի հարակից պուրակի բոլոր ծառերը եւ տարածքը բարեկարգել` կազմակերպելով ավտոկայանատեղի արտասահմանյան մակնիշի մեքենաների համար` նախապատվությունը տալով «Բենթլի» մակնիշի մեքենաներին:



3. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում պահպանված միակ ծառից կախաղան բարձրացնել ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատասենյակի հավաքարար Վալերիա Տեր-Մեժլումյանին եւ ՀՀ Կառավարական տան  անվտանգության աշխատակից Միլիոն Վարչապետյանին: Նրանք, իրենց անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն, սողոսկել են նշված հանձնաժողովի նախագահի համակարգիչ, եւ «Օդնոկլասնիկի» կայքում ընկերների հետ շփվելու ու բուլկի ուտելու ընդմիջումներում փոփոխություններ կատարել օրենքների նախագծերում` ավելացնելով հանքարդյունաբերողների վրա դրված հարկերը:



4. Ռացիոնալ հողօգտագործման քաղաքականության շրջանակներում չորացնել  Սեւանա լիճը եւ տարածքն օգտագործել քաղաքական էլիտայի համար բարենպաստ բիզնես միջավայր ձեւավորելու նպատակով` ավելացնելով կազինոների, պոռնկատների եւ այլ զվարճանքի վայրերի խտությունը:



5. Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները տրամադրել ՀՀ վաստակավոր թոշակառու Ռոբերտ Քոչարյանին` Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական զբոսաշրջությունը, մասնավորապես` Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը զարգացնելու նպատակով:



6. Պետբյուջեից բավարար միջոցներ հատկացնել սփյուռքի նախարարությանը՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիների համար իրականացնելու «Շուտ արա` արի բուն» ծրագիրը:



7. Բացառությամբ Ռոբերտ Քոչարյանին տրված հատուկ պահպանվող տարածքներում գտնվող անտառներից, Հայաստանի մնացած անտառները կտրել, տեղը կառուցել պատգամավորների ծնողների ու զավակների անուններով եկեղեցիներ, ինչպես նաեւ գիշերային ակումբներ զբոսաշրջիկների համար:



8. Հայաստանի բոլոր 14 եւ առաջիկայում նախատեսվող պոչամբարների շուրջ կառուցել էլիտար, ռուսալեզու, միջազգային չափանիշներին համապատասխանող մանկապարտեզներ ու դպրոցներ, որոնց սպասարկումը կազմակերպել մետաղներով եւ վիտամիններով հարստացված տեղական հումքի հիման վրա:



9. Ատոմակայանի օգտագործած ուրանից մնացած մասունքներն օգտագործել որպես պարարտանյութ Արարատյան դաշտի այգիների համար` նախապատվությունը տալով հայկական կոնյակի համար արտադրվող խաղողի այգիներին:



10. Թունաքիմիկատների գերեզմանոցները հայտարարել բնության հատուկ պահպանվող տարածքներ` դրանց բարեկարգման աշխատանքները հանձնարարելով ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հովանավորվող  ընկերություններին եւ ֆինանսական հատկացումներ անելով պետբյուջեից:



11. Հայաստանի գետերի արտահոսքը դեպի թշնամական երկրներ թույլատրելու փոխարեն հայկական լեռնաշխարհի քաղցրահամ սառնորակ ջուրը մատակարարել հանքարդյունաբերության, ձկնաբուծության եւ հիդրոէներգետիկայի զարգացման աննախադեպ տեմպեր ապահովող հայրենի օլիգարխներին:



12. Ապահովել առողջ սնունդ օլիգարխների անձնական գազանանոցների կենդանիների համար: Հաշվի առնելով մեր երկրում արագորեն տարածվող անապատացման գործընթացները եւ կենդանիների ներկրման բիզնեսի զարգացման հեռանկարները, օլիգարխների տնային վագրերի ու առյուծների սննդակարգում էշերին փոխարինել Դեր Զորի անապատի ուղտերով:



13. Անարգանքի սյունին գամել Հայաստանի աղբը երկրի սահմաններից դուրս տանող` էկոլոգիական խնդիրներով կեղծ մտահոգություն արտահայտող գրանտակեր ՀԿ-ներին:



14. Դադարեցնել Հայաստանի քաղաքներում իրականացվող անկանոն կանաչապատումը եւ անիմաստ հողօգտագործումը: Նախագծային աշխատանքները կենտրոնացնել մեկ մարմնում եւ հանձնարարել Ամենայն Հայոց Ճարտարապետ Ճ.Ճ. Նապոլեոն Սարգսյանի հայեցողությանը:



15. Ապահովել, որ յուրաքանչյուր հայ բարձրաստիճան պաշտոնյա իր կյանքում կարողանա անել երեք բան.



ա. կտրել իր տան առջեւի, փողոցի եւ հարեւանի դռան առջեւի ծառերը



բ. քանդել հարյուր տուն եւ կառուցել մեկ կազինո` հիմք ընդունելով բացառիկ գերակա հանրային շահը



գ. բացել 3 հանքավայր` գյուղատնտեսական հողերից զրկելով առնվազն 50 տնտեսություն



դ. հիմնել 4 ձկնաբուծարան` ցամաքեցնելով արտեզյան աղբյուրները եւ ջրազրկելով առնվազն 3 գյուղական համայնք



ե. պահել 10 թիկնապահ` յուրաքանչյուրին նվիրելով հանրային կանաչ տարածքում առնվազն մեկ սրճարան



զ. տալ անդաստիարակ ու հանցագործ սերունդ:



Թեղուտի պաշտպանության խումբ