Էրդողանի՞ն շնորհավորել, թե՞ Թուրքիային

Էրդողանի՞ն շնորհավորել, թե՞ Թուրքիային
Հունիսի 12-ին Թուրքիայում կայացան ընտրություններ, որոնք, ինչպես Today’s Zaman-ի մի սյունակագիր էր բնութագրել, բացեցին «հետ-քեմալական շրջան Թուրքիայի պատմության մեջ»: Հետ-քեմալիզմի որակումը տրվել է այն հիմնավորմամբ, որ 1923-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր, այդ երկիրը գտնվել է զինվորականության եւ նրա քաղաքական կցորդ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդության ներքո: Մի քանի անգամ ընտրություններում կրած քաղաքական պարտություններին զինվորականությունը արձագանքել է ռազմական հեղաշրջումներով:



Հետեւաբար զինվորականության վրա հենվող  կուսակցությունը միշտ էլ եղել է դոմինանտ ուժը երկրի քաղաքական իրականությունում, ընտրություններն էլ բովանդակային տեսակետից անցել են «CHP եւ մյուսներ» ձեւաչափով եւ կշիռների հարաբերակցությամբ: Այժմ վարչապետ Էրդողանը ընտրություններում տոնած ներկա հաղթանակով հոծ գիծ անցկացրեց Թուրքիայում կյանքի նորմ եւ դրվածք եղած այդ քաղաքական իրականության ներքո` քեմալական CHP-ին վերածելով երկրորդական դերակատարի:



Բազմաթիվ մարդիկ ասում են, թե էրդողանը ապամոնտաժում է զինվորական էսթաբլիշմենթն ու իշխանությունը` փոխարենը հաստատելով իրենը: Եթե նույնիսկ արտաքուստ այդպես թվա, իրականում այդպես չէ: Անցողիկ մարդը միանձնյա չի կարող հարյուրամյակների պետական դրվածքներ ու արժեքներ փոխարինել իր անձով, համոզմունքներով կամ գաղափարներով: Այն ինչ մի մարդը կարող է անել եւ ի փառս իրեն էրդողանը կարողանում է անել, դա հարյուրամյակներ գոյություն ունեցած դրվածքներ ոչնչացնելն է:



Երբ «Էրգենեկոնի» քրեական գործի շրջանակում Թուրքիայում սկսեցին ձերբակալվել պաշտոնաթող եւ գործող գեներալներ ու ադմիրալներ դա քեմալիզմի վերջի սկիզբն էր: Չէ՞ որ Օսմանյան կայսրության հիմնադրումից ի վեր սուլթանական իշխանությունը, այնուհետ քեմալական իշխանությունը պահպանվել է զենքի ուժով եւ բարձրագույն զինվորականությունն է եղել ու մնացել օրենքից վեր կանգնած էլիտան այդ երկրում:



Էրդողանը այդ հարյուրամյակի դրվածքները կոտրեց եւ այժմ երրորդ անգամ ստանալով իշխանություն ձեւավորելու քվե, նրան է մնում  ճարտարապետը լինել այն նոր Թուրքիայի, որտեղ հասարակությունը չի պտտվում զինվորականության առանցքի շուրջ, որտեղ զինվորականությունը գուցե առաջին անգամ Օսմանյան կայսրության արշալույսից ի վեր հաղթված եւ քաղաքական իշխանությանը ստորադասված խավ է:



Ինչպե՞ս Էրդողանը կարողացավ նման հեղաբեկում անել: Իհարկե իսլամի վրա հենվելով, որովհետեւ հնարավոր չէ հանրային կյանքում մի արժեքային համակարգի դեմ պայքարել առանց մեկ այլ համակարգի վրա հենվելու:  Իսկ դեմոկրատիան, որի վրա չհենվելու կամ որի չափանիշներով չառաջնորդվելու համար մեղադրում են Էրդողանին, Թուրքիայի համար կարող է լինել նպատակ, որին երբեւէ կհասնեն, բայց դա ոչ մի կերպ այսօրվա Թուրքիայում հասարակական կյանքը կազմակերպող դրվածք ու նորմ չէ, որի վրա հենվելով զինվորականություն դոմինանտություն ոչնչացնես, եւ երկրին քաղաքական զարգացման հեռանկար տաս:



Էրդողանը ավելի քան խելամիտ գտնվեց հենվելու այն արժեքային համակարգի վրա, որը քաղաքական-հասարակական իրականություն հենասյուն ոչնչացնելու չափ ուժ կարող էր ընձեռել: Դա կրոնն էր, որ խորը նստվածք եւ ազդեցություն ունի թուրքական միջավայրում եւ միայն դրա վրա հենվելով կարելի էր աշխարհիկ իրականությունը վերադասավորել, ինչն էլ Էրդողանը հաջողությամբ արեց:



Որքան էլ ոմանք զարմանան Էրդողանը պահպանողական իսլամը ծառայեցրեց զինվորականության վրա քաղաքական վերահսկման հասնելու եւ իշխանություն հաստատելու համար, որից ավելի մեծ ժողովրդավարացման քայլ Թուրքիայում հնարավոր չէր երեւակալել: Դրա համար Էրդողանին կարելի է ուղղակի շնորհավորել:



Այլ հարց, թե անցյալը հաղթելուց եւ հարյուրամյակների էջեր փակելուց հետո Էրդողանը ի՞նչ ապագա կնախանշի Թուրքիայի համար եւ դա ուր կտանի Թուրքիային: Անկախ նրանից, թե Թուրքիայում իրենք իրենց մասին ինչ են մտածում, գրեթե ողջ աշխարհի եւ առավել եւս Արեւմուտքի համար Թուրքիան շուրջ երկու-երեք հարյուրամյակ ռազմավարական նշանակության աշխարհագրական տարածք է, որի հանդեպ ռազմա-քաղաքական վերահսկողությունը աշխարհին հետաքրքրող երեւի միակն գործոնն է Թուրքիայում:



Այժմ որքան ընթանա մերձեցում արաբական աշխարհի եւ Արեւմուտքի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ այնքան Թուրքիան իր կարեւորությունը կորցնելու է: Արդյո՞ք փոխարենը Թուրքիան արժեք է ձեռք բերելու իբրեւ հասարակության ժողովրդավարական կազմակերպման մոդել: Դա հազիվ թե երբեւէ պատահի: Թուրքիան կրթական հետամնացության, մշակութային սահմափակության, կրոնական ազդեցության այնպիսի ժառանգություն եւ իրականություն ունի, որ այդ երկրին երբեք թույլ չի ժողովրդավարական դառնալ, առավել եւս Եվրոպայի մաս դառնալ, որքան էլ նախարար Դավութօղլուն «Թուրքիայի եվրոպական ինքնությունը կասկածի տակ դնելը» վիրավորական ու անընդունելի համարի եւ բողոքի նոտաներ ուղարկի աջուձախ: Փաստը մնում է փաստ, որ նույնիսկ Եվրոպայում հաստատված թուրքերը չեն կարողանում եվրոպացիներին ժողովրդավարության, էլ ուր մնաց եվրոպական արժեքների կրող թվալ: Ավստրիայում Թուրքիայի դեսպանն էր ասել չէ՞. «մեզ վերաբերվում են ինչպես վիրուսի»:



Այնպես որ հրաժեշտ տալով այն ավանդական կերպարին ու դերին, որ Թուրքիան ունեցել ու խաղացել է պատմության մեջ, այժմ բոլորովին անհայտ մի ապագայի առջեւ է կանգնում այդ երկիրը, որտեղ ոչ միայն Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն ունի նոր իրականությունում իր դերը հասկանալու խնդիր, երբ շնորհիվ ընտրություններում ստացած քվեի Էրդողանը կփոխի զինվորականների գրած սահմանադրությունը, այլեւ Թուրքիան ընդհանրապես խնդիր ունի ինչ-որ նոր նիշ փնտրելու այս աշխարհում, երբ հարյուրամյակներ ունեցած էությունն ու խաղացած դերը մնում են ետեւում: