Սերժ Սարգսյանի եղբոր թեկնածությունը չի խանգարի

Սերժ Սարգսյանի եղբոր թեկնածությունը չի խանգարի
Օրերս, անդրադառնալով Սյունիքի մարզում  սպասվող խորհրդարանական նախընտրական ակտիվացմանը, ինչպես նաեւ հնարավոր թեկնածուներին, նշել էինք, որ թիվ 37 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է ընտրվել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, առաջադրվելու են Սյունիքի մարզպետ Լիսկան՝ Սուրիկ Խաչատրյանը, եւ սիսիանցի նախկին զինվորական, մասնագիտությամբ պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը:



Նշել էինք, որ վերջինս, իմանալով Lիսկայի՝ կրկին առաջադրվելու մտադրության մասին, եկել էր խմբագրություն ու ասել, որ ինքն էլ է որոշել առաջադրվել: Եթե Սուրիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հերքեց իր առաջադրվելու հավանականությունը՝ հավատացնելով, թե «իր համար գործադիրն ավելի հետաքրքիր ա էներգիա սպառելու համար, քան թե օրենսդիրը», ապա մեր մյուս հերոսը՝ Հովհաննիսյանը, հաստատեց, որ իսկապես առաջադրվելու է:



Ավելին՝ ստաժավոր զինվորականը վստահեցրեց, որ իր նախընտրական արշավը սկսելու է հայրենի խեղճ ու աղքատ համայնքներում ապրող մարդկանց սոցիալական  ու հոգեբանական խնդիրները մանրազնին ուսումնասիրելուց:



«Եղա տարածաշրջանի 18 գյուղերում՝ առաջին հասարակագիտական վերլուծությունը կատարելու, որովհետեւ շատ կարեւոր էր իմանալ, թե ազգաբնակչությունն ինչպիսի սոցիալ-հոգեբանական ու տնտեսական մթնոլորտում  է ապրում: Իմ սեփական հնարավորությունների աստիճանը որոշելու համար պետք է ուսումնասիրել տարածաշրջանի վիճակը»,- պատմեց Հովհաննիսյանը:



Ապագա քաղաքական գործչի շրջայցերից պարզվել է, որ գյուղը մնացել է բախտի քմահաճույքին: Ինչպես բոլոր թեկնածուների, այնպես էլ նախկին զինվորական պաշտոնյայի համար քվեներ ապահովելու խթանն ու քաղաքականությամբ զբաղվելու մուսան վերստին գյուղի դարավոր թշվառությունն ու խեղճությունն են: Սակայն այս ընտրատարածքն ուշագրավ է Սաշիկ  Սարգսյանի  գործոնով:



Ինչպիսի՞ մրցակցություն է կանխատեսում Վ. Հովհաննիսյանը, եւ արդյո՞ք Սարգսյանի հանգամանքն իրեն չի խանգարում: «Այդ տարածքում ընտրված պատգամավորը ոչ մի անգամ տարածաշրջանում չի եղել, մարդիկ ունեն անձնական ու ընտանեկան հարցեր, որ ցանկանում են պատգամավորի հետ խորհրդակցել ու լուծել, քաղաքացիների, գյուղերի, համայնքների իրավունքների հարցեր»,- ասաց  Սաշիկ Սարգսյանի մրցակիցը:



Եթե թեկնածուներն ընդհանրապես ֆինանսական ռեսուրսով կամ էլ ուժեղ տանիքով են ընտրապայքարի մեջ մտնում, ապա Վոլոդյա Հովհաննիսյանի հույսն ընդամենը մի միկրոֆոն, մեքենա ու մի քանի լիտր բենզինն են:



«Դրանցից ոչ մեկը չունեմ, ոչ էլ բիզնես, միշտ եղել եմ զինվորական պաշտոնյա, նաեւ ծառայել եմ իմ հայրենիքին, չեմ ստեղծել սեփական բիզնես: Ես պտտվելու եմ բոլոր գյուղերում եւ համայնք առ համայնք ներկայացնելու եմ իմ ծրագիրը»,- ասաց  մեր զրուցակիցը: