Էսկոյի Սաքոյի գործերը լավ չեն

Էսկոյի Սաքոյի գործերը լավ չեն
Երեկ տեղեկացանք, որ ձերբակալվել է անշարժ գույքի առքուվաճառքի մեր ժամանակների ամենահմուտ վարպետներից մեկը՝ Սարգիս Աղաբեկյանը, որին «Էսկոյի Սաքո» են ասում: «Էսկո» անշարժ գույքի առքուվաճառքի գործակալությունը ժամանակին ամենաէլիտարներից էր՝ զբաղվում էր Երեւանի ամենաթանկ հողակտորների ու բնակարանների գործարքներով:



Հսկայական շրջանառություն ուներ, եւ ասում էին, որ նա վայելում է երկրի նախագահի հովանավորությունը: Նա նաեւ տարիներ շարունակ Երեւանի կենտրոնի՝ Գլխավոր եւ Հյուսիսային պողոտայի ամենահաջողակ կառուցապատողներից էր, որի ծաղկման բուռն շրջանը Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին էր:



Ծագումով ղարաբաղցի Սարգիս Աղաբեկյանը  ժամանակին եղել է ԼՂՀ նախագահի խորհրդական, ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ ՀՀ ԱԺ-ում, Երեւանի քաղաքապետարանի կադաստրի բաժնի պետ: Սարգիս Աղաբեկյանը նաեւ հասարակական գործունեությամբ է զբաղվել, ակտիվ շփումներ է ունեցել լրագրողների հետ, բայց նրա անունը պարբերաբար շոշափվել է տարբեր քրգործերով:



Նա ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության անդամ է եղել, իսկ 2002-ին 5 մլն դրամ նվիրատվություն է կատարել «Հայաստան» հիմնադրամին: 2009-ին նա մի հետաքրքիր վերլուծություն էր արել անշարժ գույքի շուկայի վերաբերյալ եւ 10 կետից կազմված տնտեսագիտական առաջարկներ էր ներկայացրել ՀՀ վարչապետին՝ բաց նամակի տեսքով:



Նա նաեւ ղարաբաղցի հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի մտերիմներից է, եւ նրա անունը «Հայաստանի զրուցակից» թերթի պառակտման ու խմբագրի փոփոխության ժամանակ հայտնվեց մամուլում. նրա մասնակցությամբ Գենոֆյա Մարտիրոսյանը մնաց գլխավոր խմբագիր, իսկ Աշոտ Աղաբաբյանն իր թիմով հեռացավ եւ «Հայացք» թերթը ձեւավորեց:



Նրա կործանման պատճառը թերեւս չափից դուրս ագահությունն էր. «Նորաշեն 2007» կոոպերատիվի՝ Չաուշի 14/3 շենքի, խաբված ավանդատուների հետ կապված գործարքը մնաց նրա կոկորդում: Նա սնանկացած կառուցապատողներից արդեն վաճառված բնակարաններն էր գնել՝ դրանց դիմաց վարկեր ձեւակերպելով: Այժմ ձերբակալված են եւ կոոպերատիվի հիմնադիրները, եւ անձը, ով վաշխառությամբ է զբաղվել:



Նրան վաշխառությամբ զբաղվելու քիչ հանդիպող մեղադրանքն են առաջադրել, որը նախատեսում է մինչեւ չորս տարի ազատազրկում, եւ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելն այս պարագայում բոլորովին պարտադիր չէր: Ակնհայտ է, որ այս անձի պարագայում քաղաքական որոշում է կայացվել, եւ այդ որոշումը կարող էր կայացվել միայն մի վայրում՝ նախագահի նստավայրում: