Սպասում են արդյունքներին

Սպասում են արդյունքներին
Օրերս անդրադարձել էինք Աշտարակում 4-ամյա աղջնակի դեմ կատարված  սեռական ոտնձգությանը՝ նշելով, որ ապացույցների բավարար չլինելու պատճառով քրեական գործ չի հարուցվել: Սակայն մեր հրապարակումից հետո ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ  մայիսի 31-ին Աշտարակի ոստիկանություն է դիմել քաղաքացի Լուսինե Հ.-ն եւ հայտնել, որ իր անչափահաս դստեր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել: 



Կինը տվյալ արարքի մեջ մեղադրել է 54-ամյա Ռուբիկ Պ.-ին: Հունիսի 1-ին հարուցվել է քրեական գործ քրօր. 139 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մինչեւ 14 տարեկան անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կիրառելը):



Կասկածյալն ազատության մեջ է, ու խափանման միջոց չի ընտրվել: Նախաքննական մարմինը սպասում է  դատակենսաբանական ու դատահոգեբանական փորձաքննությունների արդյունքներին, որի համար, ըստ մասնագետների, կոնկրետ ժամկետ սահմանված չէ, սակայն պատասխանները պետք է տրվեն ողջամիտ ժամկետներում:



ՀՀ դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոնի տնօրեն, գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր,  որ աղջկա հետ սեռական հարաբերություն չի եղել: «Երեխայի սեռական օրգանները չեն վնասվել, եթե 50 տարեկան մարդը 4 տարեկան երեխայի հետ հարաբերություն ունենա, երեխան այնպիսի կոպիտ կոտրվածքներ կստանա, որ վիրաբուժական միջամտության կարիք կլինի»,- ասել էր նա:



Ըստ գլխավոր դատաբժշկի՝ «հնարավոր է ոչ թե սեռական հարաբերություն, այլ ուրիշ բան է եղել»: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածում թեեւ հստակ նշված չէ, թե որն է «ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը», սակայն մանկահասակին համբուրելը, սիրելը, շոյելը այդ գործողությունների շարքին են պատկանում:



Ինչ վերաբերում է Գորիսում կատարված դեպքին, որ 14-ամյա աղջիկը հղիացել է, եւ պտղի հայրը նրա սեփական հայրն է, ապա այս գործով եւս սպասում են փորձաքննության արդյունքներին: Հիշեցնենք, որ աղջկա հղիությունը մոտ մեկ շաբաթ առաջ ընդհատվել է: Աղջիկն այժմ ՀՕՖ-ի կենտրոնում է:



Պատասխանատուների խոսքով, նա դեռեւս սթրեսի մեջ է ու չի շփվում ոչ մեկի հետ: Նրանք նաեւ հերքեցին լրատվամիջոցներից մի քանիսում տպագրվածը, թե աղջիկը հայտարարել է, որ հորից չի հղիացել: «Նման հայտարարություն չի արվել, ու կարծում ենք, դա քննչական մարմինների գործառույթն է»,-ասացին ՀՕՖ-ուհիները: