Նոր աղետ դպրոցի գլխին

Նոր աղետ դպրոցի գլխին
Մայիսի 6-ից շարունակաբար հոդվածներ  են տպագրվում «Հրապարակ» թերթում  հայոց լեզվի 7-9-րդ դասարանների  դասագրքերի մրցութային հանձնաժողովի անբարեխիղճ, կողմնակալ ու անփույթ գործունեության մասին, եւ վերջապես՝  կրթության եւ գիտության նախարարը համառոտ պատասխանում է, թե կրքեր բորբոքել պետք չէ, մրցույթն արդեն ավարտված է: Բայց չէ՞ որ դպրոց մտած բոլոր դասագրքերն էլ «մրցույթով» են անցել, սակայն դպրոցը լիքն է անորակ դասագրքերով:



Նմանատիպ «մրցույթով» են ստեղծվել նաեւ ավագ դպրոցի «Գրականության»  դասագիրքը (ես չմոռացա. վերնագիրն անգամ սխալ ունի). դա, ցավոք, Հայ գրականության դասագիրք  է, որը լիքն է սխալներով, թյուրիմացություններով: Օրինակ, ըստ այդ գրքի` բոլորդ կարդացել ու չեք հասկացել Շանթի «Հին աստվածների» վերջաբանը. պարզվում է` արդեն խեղդված Աբեղան իր խոսքն է ուղղում Կույր վանականին…



Բայց այսօր խոսենք միայն հայոց լեզվի 7-9-րդ  դասարանների  դասագրքերի մասին: Այդ գրքից համապատասխան էջեր են տեղադրված համացանցի «ktak.am»-ում:



Կարծում ենք՝ դպրոցի հետ քիչ թե շատ գործ ունեցող մարդիկ դեռ չեն մոռացել անցյալ ուստարվա միասնական  քննությունների ավարտից հետո հեռուստացույցից իրենց նայող Փ. Մեյթիխանյանի այլայլված դեմքը. նա  փորձում էր պատասխանել իր կողմից կազմված 2 թեստում թույլ տրված  34-36 սխալների կապակցությամբ իրեն ուղղված հարգարժան Ա. Աբրահամյանի   հարցերին եւ իր բացահայտ չիմացությամբ, անգիտությամբ   ձգտում կոծկել այս կամ այն գրքի սխալներով, հակասություններով: Մնում է միայն զարմանալ՝ ինչ է, մերօրյա Հայաստանում գիտական արժեք է հռչակվում չիմացությո՞ւնը. չէ՞ որ մրցույթում «հաղթած»  դասագրքի հեղինակը նույն ձախողված թեստերի հեղինակ Մեյթիխանյանն է, որ այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ «Անլռելի զանգակատուն» կարդացած ոչ միայն աշակերտը, այլեւ հենց ինքը չի կարող պատահական 4-5 տողով ասել, թե դա որ ղողանջից է: Կամ  չհասկացավ, որ Յու. Ավետիսյանի ոչ դպրոցական ձեռնարկներից մեկում, ճիշտ է, «մայր» բառի  հոմանիշների շարքում կա եւ «խավար» բառը, բայց դա աշակերտական թեստի հարց չէ…



Այսօր այդ նույն անձնավորությունը հանդգնում է (տեղին է` ժպրհում է ) գրել դասագրքեր 7-9-րդ  դասարանների համար:  Թերթեք այդ գրքի` համացանցում տեղադրված էջերը եւ կհամոզվեք, որ այն տխուր, ձանձրալի, նաեւ սխալներով լեցուն մի ձեռնարկ է եւ այն դպրոց  ուղարկելը` նոր աղետ:



Խոսենք  փաստերով



1. Դասագրքի կմախքը մեծարգո գիտնական Հ. Բարսեղյանի եւ  լուսահոգի Է. Աղայանի գիրքն է, որը, իր շատ դրական կողմերով հանդերձ, վաղուց  ժամանակավրեպ է եւ 1999թ. դասագրքերի մրցույթում արդեն մերժվել է:



2. Այսօր վերոհիշյալ գրքերը «թարմացրել», առաջադրանքներով  «հարստացրել» ու մրցույթի է ներկայացրել նոր հեղինակը (չեմ  ասում` հեղինակները, չնայած դասագիրքը ներկայացված է երկու ստորագրությամբ): Օրերս հեռուստաէկրանից երեւաց անվանի  գիտնական Բարսեղյանը (արդեն 90-ն անց) եւ խոստովանեց, որ  ինքը ընկերների  անուններն անգամ մոռանում է, եւ եթե կինը` Սեդան, չլինի, քայլելն է մոռանում: Էլ ինչպե՞ս է  նրա հետ գիրք գրում Մեյթիխանյանը…



3. Դասագրքերում իսպառ մոռացված է ժամանակը. ակնհայտ է, որ գրքի հեղինակը չի ճանաչում այսօրվա  դպրոցը, նրա աշակերտին, ոչինչ չգիտի այսօրվա աշակերտակենտրոն մեթոդիկայի մասին:



4. Մոռացված է գիրքն օգտագործողի տարիքը, եւ հեղինակը աշակերտի հետ խոսում է ստալինյան  ժամանակների հրամայականով միայն` «իմացի՛ր, սովորի՛ր, հիշի՛ր, մտապահի՛ր»: Դա ոչ միայն աշակերտի, այլեւ գործընկերոջ,  ուսանողի  հետ խոսելու այսօրվա լեզուն չէ: Համոզված ենք, որ հեղինակին ծանոթ չեն նախորդ` 5-6-րդ  դասարանների դասագրքերը: Այնինչ այդ դասարանի երեխաները նախորդ դասարաններում իրենց ձեռքին ունեցել են գրքեր, որոնց հեղինակները` Գյուրջինյան եւ այլք, ընկերոջ նման զրուցել, խորհուրդ են հարցրել երեխայից, նրա հետ «խորհրդակցելով» եզրահանգել:



5. Թերթենք «հաղթած» գրքի էջերը: «Բառագիտություն» բաժինն սկսվում է «Նախորդ դասարանում անցածի կրկնությամբ». զետեղված է հատված  Սեւակից. «Ու եթե պիտի գիր ու տառ  հիշվի…», ապա՝ հայերենի այբուբենը` իր թվային  արժեքներով, ու վերնագիր` «Արեւելահայերենի այբուբենի ու գրանշանների համապարփակ հավաքածուի մասին», եւ տողատակում նշում է` 1. Նախագիծը կազմել է Ս. Աբրահամյանը, խմբագրել Հովհ. Բարսեղյանը: Ի՞նչ նախագիծ, ինչի՞ մասին է խոսում դասագիրքը… Մինչդեռ  հարցասեր աշակերտը կհարցնի` քանի՞  այբուբեն է ստեղծել Մեսրոպ Մաշտոցը, հայերենը քանի՞ այբուբեն ունի, ո՞րն է արեւմտահայերենի այբուբենը: Դե, ուսուցիչ, դասդ թող  ու ասա` համայն հայությունն  ունի մեկ այբուբեն… ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, այն կատարյալ է, գրեթե չի փոփոխվել, որովհետեւ «ի սկզբանե կատարյալ էր»,- ինչպես հավաստում է Անտուան Մեյեն:



6.  …այս մասին հոգ տարե՞լ է հեղինակը. բնավ: Նա շարունակում է մեջբերումներ կատարել Կորյունից, Լեոյից (վերջինս` հին ուղղագրությամբ, ըստ հեղինակի` «դասական ուղղագրությամբ»): Դրան հետեւում են հրամայականները. «Կարդա՛, փորձի՛ր բացատրել ներկայացված հեղինակների մտքերը, ո՞ր միտքը քեզ ավելի հետաքրքրեց»: Ապա հավելում է նոր առաջադրանքների շարքը` «Նկարի՛ր հայոց այբուբենը եւ Մեսրոպ Մաշտոցին»: Այնուհետեւ պահանջում է նյութեր, ինչ խոսք, էլի՛ հրամայականով: Փորձենք մտածել` ո՞ր աշակերտը կարող է այս հարցերին ու առաջադրանքներին պատասխանել, էլ չենք ասում` այսքանին պատասխանելու համար օրեր, նույնիսկ ամիսներ են պետք: Դասագիրք կազմողը պիտի առաջադրանք տալիս մտովի պատկերացնի կատարման համար պահանջվող ժամանակը, իսկ նման անհաջող առաջադրանքներ սփռված են գրքի գրեթե բոլոր էջերում:



Առայժմ` այսքանը. տողորիս հեղինակը կես դարից ավելի դպրոց է մտել ու դասավանդել լավ ու վատ տարբեր դասագրքերով (Ահարոն Գրիգորյանից մինչեւ Եզեկյան), բայց ավելի անհաջող դասագրքի չի հանդիպել. եւ, օ՜ զավեշտ, այս դասագիրքն է հաղթել մրցույթում:



Սիրելի գործընկերներ, մի ափսոսեք ձեր ժամանակը եւ կարդացեք «ktak.am»-ում այդ դասագրքի տեղադրված էջերը:



Վերջապես, որպեսզի ստուգենք ծովի ջրի համը, ամբողջ ծովը չենք խմում. մի կաթիլը բավական է` իմանալու նրա աղիությունը: Իսկ հիմա, եթե լռենք ու հավատանք մրցույթին, գալիք տարիներում տրտնջալն ու դժգոհելն արդեն անօգուտ կլինեն:



ՀԳ - Տողերս գրեցի մեկամսյա տատանումից հետո` ինչո՞ւ գրել, չէ՞ որ գուցե նույնիսկ չհասցնեմ հրամցվող դասագրքերով դասարան մտնել: Բայց մանկավարժի կոչումս թույլ չտվեց լռել: Դիմում եմ ահել ու ջահել իմ բոլոր գործընկերներին՝ մեղք է աշակերտը, ափսո՜ս է դպրոցը, նոր աղետից փրկե՛ք նրանց...



Բեատրիչե Ստեփանյան, թիվ 129 դպրոց, ՀՀ վաստակավոր ուսուցիչ