Կազանին սպասելիս

Կազանին սպասելիս
Պատրա՞ստ է արդյոք մեր հասարակությունը ղարաբաղյան խնդրի հետ կապված որեւէ լուծման: Երբ հետեւում ես հասարակության մեջ շրջանառվող կարծիքներին, թվում է՝ ոչ մի լուծում այսօր չի կարող բավարարել մեզ: Չէ, անշուշտ կա մի տարբերակ, որը կբավարարի բոլորիս՝ եթե Լեռնային Ղարաբաղը հռչակվի անկախ՝ նրան հարակից տարածքների ու Լաչինի հետ միասին: Դրան գումարած՝ ոչ մի խաղաղապահ չժամանի տարածաշրջան, եւ ԼՂՀ կարգավիճակը սահմանող հանրաքվեի մասին մոռանան կամ կազմակերպեն հենց այսօր՝ ԼՂՀ այսօրվա տարածքում: Մյուս բոլոր լուծումներից ցանկացածը մեզանում եւ Ղարաբաղում ընդունվելու է սվիններով: Եթե անվտանգության գոտուց մի թիզ անգամ ետ վերադարձվի Ադրբեջանին, աղմուկ են բարձրացնելու կռված տղերքն ու հայտարարելու են, որ արյունով գրավված հողերը չի կարելի վերադարձնել: Եթե անկախության կարգավիճակ չտրվի Ղարաբաղին, աղմուկ է բարձրացնելու ընդդիմությունը՝ ասելով, որ այսպիսի լուծում դեռ 1997-ին կարելի էր ստանալ, 14 կորսված տարիների համար ո՞վ է պատասխան տալու: Եթե ադրբեջանաբնակների հետվերադարձ սկսվի, աղմուկ են բարձրացնելու դեմոգրաֆներն ու քաղաքագետները՝ հակամարտության 20 տարում մի անառարկելի ձեռքբերում կար՝ հայկական հողում այլազգիներից ազատագրվելը: Եթե խաղաղապահ ուժեր տեղակայվեն, դժգոհելու են զինվորականները եւ այլն: Մի խոսքով՝ ծանր վիճակում է հայտնվել Հայաստանի իշխանությունը եւ հատկապես Սերժ Սարգսյանը, որը ստիպված է լինելու վավերացնել այն, ինչից խուսափեցին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Եվ անգամ ամենանպաստավոր համաձայնության դեպքում նա պատմության մեջ մնալու է որպես դարերի ընթացքում առաջին անգամ հաղթանակով գրավված հողերը հետ վերադարձնող: Իսկ հաղթանակների կարոտ մեր ժողովուրդը դա չի ների: