Երեւանը կաղավաղեն ճարտարապետների նոր թիմով

Երեւանը կաղավաղեն ճարտարապետների նոր թիմով
Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը  քաղաքապետարան գնալուց հետո, ի թիվս այլ «արժեքավոր» գաղափարների, նախաձեռնել է եւս մեկը: Որոշել է Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդը  վերակազմավորել եւ ընդգրկել այն ճարտարապետներին, ովքեր իր ճարտարապետական մտքի փայլատակումներին անմռունչ կհպատակվեն: Սրա անհրաժեշտությունը ծագել է հատկապես  կառավարության բակում կառուցվելիք չարաբաստիկ թմբուկն ու այլ շինությունները գլուխ բերելու նպատակով: Փորձում են ներգրավել երիտասարդ ճարտարապետների, սակայն այս ծրագիրը, դեռ չսկսված, ձախողվել է, քանի որ հրավիրված ինը երիտասարդներից վեցը հրաժարվել են աշխատել Երեւանի ճարտարապետի թիմում՝ հաշվի առնելով նրա մասնագիտական «խառնվածքը»:



Ի դեպ, քաղաքապետարանի լրատվության վարչությունից, ինչպես միշտ, ոչինչ չասացին սպասվող փոփոխության վերաբերյալ, միայն հայտնեցին, որ քաղաքաշինական խորհրդի կազմի փոփոխության նախագիծ է պատրաստվել: Մենք փորձեցինք մանրամասներ ճշտել նրանցից, ովքեր հրաժարվել են ընդգրկվել խորհրդում: Հասարակական ակտիվ գործունեությամբ հայտնի երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, ով նույնպես հրաժարվողների թվում է, մեզ հետ զրույցում նախ կարծիք հայտնեց, որ քաղաքաշինական խորհուրդն անտրամաբանական կառույց է եւ ՀՀ որեւէ օրենքով նախատեսված չէ:



«Նարեկ Սարգսյանը երբ նշանակվել է գլխավոր ճարտարապետ, իր բոլոր խայտաբղետ  առաջարկությունների հետ մեկտեղ նաեւ ուներ մեկը, որ պետք է ստեղծեր նոր խորհուրդ, որի մեջ առանձին մասով կգործեր երիտասարդ ճարտարապետների խորհուրդ: Մասնակցելու համար հրավիրվածների թվում նաեւ ես եմ, որը չեմ ընդունել»,- ասաց Սարհատ Պետրոսյանը:



Մեր հարցին, թե ի՞նչն է եղել հրաժարվելու պատճառը, ասաց. «Բոլորը տեղյակ են, որ Նարեկ Սարգսյանի անձն ու մասնագիտական գործունեությունը վստահություն չեն ներշնչում, ես ինքս պահանջեցի այն երաշխիքները, որոնք հնարավորություն են տալու նախ իրացնել մեր իրավունքները արդյունավետ աշխատելու հարցում, որը Սարգսյանը չկարողացավ բավարարել եւ կատարեց այնպիսի քայլեր, որոնք ապացուցեցին, որ ինքն անձամբ շարունակում է աշխատել նույն կերպ»: Ամեն դեպքում՝ կկարողանա՞ն երիտասարդները Սարգսյանի այս կամ այն ճարտարապետական նախագծի վրա ազդեցություն ունենալ՝ դրսից պայքարելով, եթե չեն համաձայնում ընդգրկվել նրա կազմած թիմում ու ներսից պայքարել:



«Ճարտարապետներն այսօր, ավելի քան երբեւէ, ունեն ազդեցություն այդ որոշումների վրա՝ սկսած ամառային  դահլիճից: Այստեղ դեր ունի նաեւ պետության ըմբռնող լինելու կարողությունը, այս պահը նույնպես կա, սկսել են լսել հասարակությանը, դրա վառ ապացույցը այն խելակորույս պայքարն է գմբեթի կառուցման դեմ: Այսօր Սարգսյանը խնդիր ունի իրականացնելու գմբեթի նախագիծը, որը ճարտարապետական ու քաղաքաշինական առումով անօրինական է ոտքից գլուխ»:



Նշենք, որ այս գմբեթի կառուցմանը կողմ քվեարկած ճարտարապետներն ասում են, որ իրենք կողմ են քվեարկել ոչ թե Նարեկ Սարգսյանի, այլ Թամանյանի գմբեթին, ինչը որեւէ առնչություն չունի  Սարգսյանի նախագծած գմբեթի հետ: Մեր մյուս զրուցակիցը Անի Վերանյանն է, ով նույնպես հրաժարվել է Սարգսյանի դարբնոցում ընդգրկվելուց: Մեզ հետ զրույցում նա իր հրաժարականի մասին ասաց. «Մենք խմբով քննարկեցինք եւ ընդհանուր որոշման եկանք, որ չմասնակցենք:



Մենք սկզբում մտածում էինք, որ փոփոխություններ կլինեն, եւ երիտասարդները կկարողանան ինչ-որ խնդիրներ բարձրացնել, բայց մի քանի օրվա ընթացքում հասկացանք, որ ոչինչ էլ իրականում չի փոխվելու: Մեկ անգամ ենք հանդիպել, հետո հանդիպումներ նշանակվեցին, եւ մենք հասկացանք, որ իրականում չենք կարող այնտեղ աշխատել»: Ի դեպ, երեկ տեղի է ունեցել քաղաքաշինական խորհրդի նիստը, որի ընթացքում պետք  է ձեւավորվեր նոր կազմը: