Առո՞ղջ են արդյոք մեր մարզպետները

Առո՞ղջ են արդյոք մեր մարզպետները
Երբ գործընկերուհիս՝ Նատաշա Հարությունյանն իմացավ, որ հերթական հոդվածիս թեման հանրապետության մարզպետների առողջությանն է առնչվելու, ընդվզեց՝ ասելով, որ դա մարդու իրավունքների խախտում է: Սակայն, ի տարբերություն կոլեգայիս, մարզպետներն ըմբռնումով մոտեցան հարցիս եւ, հասկանալով, որ իրենք հանրային դեմք են, ուստի իրենց մասին ցանկացած ինֆորմացիա պարտավոր են տրամադրել լրագրողին, սիրով պատասխանեցին հարցերիս:



Եվ այսպես. ի՞նչ առողջական խնդիրներ ունեն մեր մարզպետները, ե՞րբ են վերջին անգամ դիմել բժշկի: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը վերջին 30 տարվա մեջ ոչ մի խնդիր չի ունցել: Նա ամեն տարի արձակուրդի ընթացքում հետազոտվում է եւ փորձում նաեւ պրոֆիլակտիկ բուժվել: Այս տարի նա հանգստացել է առողջարանում եւ առույգ շարունակում  է աշխատել: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին հարցը մի քիչ հումորային թվաց, բայցեւայնպես ասաց, որ ինքը չի ստուգվում հաճախ: Իմ այն դիտարկմանը, որ ես երեք ամիսը մեկ ստուգվում եմ, նկատեց՝ «գուցե դու խնդիր ունես»:



«Իսկ այս պահին ատամներս եմ բուժում»,- ասաց Ա. Ղուլարյանը: Ալլա Պուգաչովային վիրահատած հայազգի սրտաբան Բագրատ Ալեքյանը, վերջերս Երեւանում մասնակցելով առողջապահական համաշխարհային սիմպոզիումին, վիրահատել էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին:



Նա սրտանոթային խնդիրներ է ունեցել, եւ  անոթալայնիչ է տեղադրվել: Սակայն, որոշ տեղեկություններով, մարզպետը կրկին առողջական խնդիրներ ունի եւ անցած շաբաթ հետազոտվել է Երեւանի ախտորոշման կենտրոններից մեկում: Լրագրողների հետ զրույցում մարզպետը հերքել էր առողջության հետ կապված խնդիրները: «Էսօր էս հանրապետությունում ինձանից առողջ մարդ չկա»,- ասել էր նա: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը  ֆուտբոլի մեծ սիրահար է եւ ասում է, որ սպորտով զբաղվողը երբեք չի կարող հիվանդանալ՝ փառք Աստծո, դեռ առողջ եմ: Սակայն, մեր տեղեկություններով, նա եւս սրտի հետ կապված պրոբլեմներ ունի:  Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, որ նախկին ոստիկան է, ատլետիկ կազմվածք ունի, իրեն լավ է զգում եւ առողջ է:



Հայաստանի ամենաերիտասարդ՝ Լոռվա  մարզպետ Արթուր Նալբանդյանը բողոքներ չունի եւ մինչ օրս լուրջ հարցով չի դիմել բժշկի: Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը դեռ արձակուրդում է: Ինչպես ասացին մարզպետարանի աշխատակիցները, 1 տարի 1 ամիս է, ինչ Բագրատյանն իրենց մարզպետն է, բայց երբեք «բյուլետեն» չի գնացել:



Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը վարչապետին դիմավորելու  գործով էր  խառը, բայց հասցրեց ասել, որ ոչ մի խնդիր չունի:  Իսկ երբ հիշեցրինք, որ  նա հուլիսին բուժման նպատակով մեկ շաբաթ գտնվել է Սակի առողջարանային քաղաքում, ասաց, որ պրոֆիլակտիկ բնույթ ուներ: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը նույնպես զբաղված էր. նրա փոխարեն վարորդը պատասխանեց հեռախոսազանգին, բնականաբար՝ վարորդի առողջությամբ չհետաքրքրվեցինք: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 4 տարի առաջ արյան զարկերակային  ճնշման հետ կապված խնդիր է ունեցել. Դիմել է բժշկի եւ հիմա առողջական խնդիրներ չունի: Թե որքանով են անկեղծ մեր մարզպետները, կդատեն տարբեր մարզերի ընթերցողները: Ի վերջո, Հայաստանը փոքր երկիր է, եւ ամեն ինչ բոլորին հայտնի է դառնում: