Խեղված հասարակություն

Խեղված հասարակություն
Ի՞նչ է կատարվում մեր հասարակության հետ՝ օրեր շարունակ մի դերասանուհու սեքսուալ արկածներն ենք քննարկում: Մարդիկ ուղղակի բաժանվել են երկու բանակի՝ դատավորների ու դատապաշտպանների, որոնք ուրիշի անկողնում «քուջուջ» են անում՝ խառնելով թացը չորի հետ, առաջադիմությունը՝ անբարոյականության, նահապետականությունը՝ հայրենասիրության: Վերջապես՝ եթե չի կարելի ուրիշի անձնական կյանք մտնել, դա դեռ չի նշանակում, որ հասարակությունը պետք է տապակվի տարբեր թեմաների մասին խոսելու ցանկությունից՝ բայց չկարողանա: Ի վերջո, ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ մարդիկ խոսում են ցանկացած թեմայի շուրջ, կարծիքներ են փոխանակում՝ առանց միմյանց վիրավորելու եւ անձի ազատությունը սահմանափակելու: Ինչո՞ւ մեզ չի հաջողվում դա անել: Փոխարենը՝ մեծ հաճույքով եւ առանց սահմանների կարող ենք քննարկել որեւէ անձի կրոնական հայացքները: Այստեղ արդեն չկան սահմանափակումներ եւ տաբուներ՝ բոլոր կրոնական փոքրամասնություններին կարող ենք «աղանդավոր» պիտակը կպցնել ու մեղադրել: Նույն պիտակների կրողն են դառնում անգամ նրանք, ովքեր դրա հետ համակարծիք չեն եւ փորձում են ճնշվածների իրավունքները պաշտպանել: Մի տեսակ՝ խեղված արժեքային համակարգերի հասարակություն ենք դարձել: Ինչպե՞ս կարող էր երիտասարդ կինը հասնել այն հոգեվիճակին, որ խեղդամահ աներ իր մանկահասակ երեխաներին, ինչպես դա կատարվել է Արարատում, եւ դա ոչ մեկի ուշադրությունը չգրավեր՝ ոչ հարեւանների, ոչ բարեկամների, ոչ ամուսին կոչվածի, ոչ ուսուցիչների ու դաստիարակների: Ինչպե՞ս կարող է մարդն այդքան մենակ լինել ու այդքան ուշադրությունից դուրս, որ ոչ մի պետական մարմին ու իրավասու անձ նրա դուռը երբեւէ չբացեր ու չհետաքրքրվեր, թե մանկատան նախկին սանն ինչպես է պահում իր փոքրիկներին: