Վտանգավոր է

Վտանգավոր է
Մի քանի օր առաջ հայտնի ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն անզգուշություն էր ունեցել մի թեթեւ քննադատել մեր մշակութային քաղաքականությունը եւ մասնավորապես Սունդուկյանի թատրոնում տիրող վիճակը: Չգիտես ինչու, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որն ինչ-որ պահից իրեն հավանաբար սկսել է նույնացնել հայկական մշակույթի հետ, սա իր դեմ ուղղված ոտնձգություն է դիտել եւ իր մեջ եղած ողջ ագրեսիայով սեւեռվել Ծատուրյանի վրա: Անշուշտ լավ  է, որ տիկինն այդքան էներգիա ունի, բայց արժեր այդ էներգիան ավելի կառուցողական նպատակների ուղղել: Ասենք՝ մշակույթի աշխարհում առկա հազարավոր պրոբլեմների լուծմանը: Հասկացանք, որ մեր երկրում, եւ մասնավորապես մշակույթի ոլորտում, անհատականություններին չեն հանդուրժում, քննադատությունը համարում են անձնական վիրավորանք, իսկ անհատի կարծիքը՝ աններելի հանդգնություն: Բայց ո՞վ է ասել, որ մեր մտավորականները պետք է դառնան մշակույթի նախարարների թաշկինակը, խոսափողը կամ էլ սազանդարը: Այդ ո՞ր իրավունքով է տիկինը վիրավորում- նեղում հարգանք վայելող, թատրոնում իր հետքը թողած, արժեքներ ստեղծած մտավորականին: Եվ եթե արվեստի ու մշակույթի ոլորտում են նման ստրկատիրական հարաբերություններ գործում, այս պարագայում ինչո՞ւ ենք զարմանում, երբ մի անզգույշ խոսքի համար որեւէ կուսակցական «սամասուդի» է ենթարկվում, կամ որեւէ պաշտոնյա զրկվում է աթոռից: Եթե իր համակարգից գլուխ չհանող, բազում խախտումներ թույլ տված մի նախարարուհի կարող է անմիջականորեն իր ստորադասը չհանդիսացող անձին պատժել, ապա ինչո՞ւ դա չպետք է անի կուսղեկավարը կամ վերադաս չինովնիկը: Համատարած վախի ու ստրկամտության մթնոլորտը, որ հետեւողականորեն սերմանում են հասմիկպողոսյանները, վտանգավոր է մեր պետության համար: