Տոն չի, այլ թատրոն

Տոն չի, այլ թատրոն
Երբ հետեւում ես Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի միջոցառումների շքահանդեսին, հասկանում ես, որ ամեն ինչ մեր կյանքում ձեւականացվել է ու վերածվել թատրոնի: Ոչ կարգին ուրախանալ ենք կարողանում, ոչ տարեդարձներ տոնելու շնորհք ունենք, ոչ էլ ազգային արժեքների ու ձեռքբերումների գիտակցություն: Մի տեսակ տպավորություն է ստեղծվում, որ Անկախության 20-ամյակը թեեւ բոլորինս է ու համազգային իրողություն է, սակայն այդ տոնի իմաստը չենք ընկալում: Եվ այս միջոցառումներն էլ հավուր պատշաճի, բոլորովին այլ նպատակի ուղղված հանդիսություններ են: Մի կողմից անում ենք, քանի որ այդպես է ընդունված, մյուս կողմից՝ իսկ ուրիշ ինչո՞վ պետք է իշխանությունն իր գոյությունը զգացնել տա: Այս անիմաստությունն ավելի է խորանում, երբ լսում ես ՀՀ նախագահի տոնական ելույթները: Այս օրերին Սերժ Սարգսյանը բազում հանդիսություններ է կազմակերպել կամ մասնակցել եւ բոլորի ժամանակ անկախությանը նվիրված ելույթներ է ունեցել: Անշուշտ, շատ բարդ է նույն թեմայով մի քանի անգամ խոսելը, որ այդ ելույթները եւ խելացի լինեն, եւ մեջն ասելիք լինի, եւ զգացմունք ու 20-ամյակի ամփոփում: Սակայն այն, ինչ մենք այս օրերին լսեցինք, ամենաներողամիտ հանդիսատեսին ու իշխանասեր հայաստանցուն էլ չէին կարող բավարարել: Պարզ էր, որ այդ ելույթները գրել են տարբեր մարդիկ: Նրանց մեջ կան ռոմանտիկներ եւ պոռոտախոսներ, խիստ լավատեսներ ու դատարկախոսներ: Մարդիկ, ովքեր կամ այս տարիներին բացակայել են Հայաստանից, կամ չեն սիրում Հայաստանը: Որովհետեւ այդքան սեր կարող է խոստովանել միայն քիչ սիրող մարդը: Մարդիկ, ովքեր Հայաստանին նայում են ծառայողական ավտոմեքենաների պատուհաններից: Մարդիկ, ովքեր ապրում են բարեկեցիկ ու վիրտուալ Հայաստանում: