Դատարկ աժիոտաժ

Դատարկ աժիոտաժ
Այս տոնական աժիոտաժի, զորահանդեսների փորձերի, պարգեւների ու մեդալների առատության մեջ մի տեսակ շնչակտուր ու հոգնեցնող բան կա: Կարծես իշխանությունը փորձում է համոզել ու հավատացնել բոլոր անհավատներին, որ անկախության 20-ամյակը տոն է, եւ այն պետականորեն ու ընդգծված շուքով նշելը «թասիբի» հարց բոլորիս համար: Մի քանի օր առաջ սկիզբ առած տոնակատարությունները որոշ չինովնիկների ու կոմսոմոլության տարիքն այդպես էլ չհաղթահարած ակտիվիստների այնպիսի բերկրանք է պատճառել, որ նրանք ոգեւորված մի միջոցառումից մյուսն են վազում: Մի տեղ ելույթը չավարտած, մյուս ելույթի տեքստն են պատրաստում: Խրոխտ ձայնով, հանդիսավոր, անկախության մասին ճռճռան բառերով ու գրքային արտահայտություններով, դեմքի շատ կարեւոր արտահայտությամբ: Տարբեր խորհրդաժողովների, կլոր սեղանների, հանդիսություն-տոնակատարությունների շարանը տոնական ճոռոմաբանության համար պարարտ հող է ստեղծել, որտեղ ձեւական ու ոչինչ չասող խոսքերից, պոռոտախոսությունից ու ազգային սնապարծությունից բացի այլ բան հնարավոր չէ գտնել: Ծաղիկներ, պարգեւներ ու մեդալներ են բաշխվում: Ընդ որում՝ անկախության ասպարեզում շատ կասկածելի ներդրում ունեցող անձանց: Շորհավորանքներ, համբույրներ, կենացներ՝ ոչ մի քննադատություն, ոչ մի հաշվետվություն, ոչ մի չարվածի ու չասվածի վերլուծություն: Տոնն ու հանդիսությունները մի տեսակ անպատասխանատու, անաշխատանք, արձակուրդային տրամադրություն են ստեղծել մի երկրում, որտեղ առանց այն էլ աշխատել չեն սիրում: Իսկ Ազգային ժողովի երեկվա միջոցառումը, ինչպես ասում են, «վերջն էր»: Երբ, որպես լավագույն օրենսդիրներ, «Մխիթար Գոշ» մեդալ են ստանում Ծաղիկ Ռուբոն կամ Վարդան Այվազյանը, հասկանում ես, որ ավելի լավ է անկախությունն ընդհանրապես չնշեին: