Սոֆի Դեւոյանի եւ պարսկահայերի տան ապագա «մանսարդը» զրկելու է հարեւան տներն արեւից

Սոֆի Դեւոյանի եւ պարսկահայերի տան ապագա «մանսարդը» զրկելու է հարեւան տներն արեւից
Բաղրամյան փողոցի 21ա հասցեում կառուցվող շենքը դեռևս 2009 թվականին մեծ աղմուկի առիթ դարձավ, քանի որ, ինչպես սեպ, խրվելով փոքր սեփական տների մեջ, ամբողջովին փակում էր նրանց լույսը: Պարզվել է, որ նախկին Երքաղխորհրդի նվագախմբի շենքի տարածքը (292.0 քմ հողամասը) Երևանի քաղաքապետի 19.03.2001թ. թիվ 243 որոշմամբ տրամադրվել է «Սոֆի Դևոյանի պարի և հոգու թատրոն» ՊՓԲ ընկերությանը: Այնուհետև, անհասկանալի ձևով, 2004թ. նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել Արա Սուքիասյանս Սալմասի կողմից (ըստ նոր սեփականատիրոջ բառերի` մեկ հարկ Սոֆի Դևոյանին տրամադրելու պայմանով):



Արա Սուքիասյանս  Սալմասի կողմից տրված հայտի հիման  վրա 09.09.2008թ. տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի «Արտագերատեսչական փորձաքննություն» ՊՓԲԸ կողմից տրված դրական եզրակացությունը, մշակված բնակելի տան նախագիծը 19.02.2009թ. համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից և 27.02.2009թ. տրվել շինարարության թույլտվություն, որում շինարարական աշխատանքներն իրականացնելու վերջնաժամկետ է սահմանված 24 ամիսը (ավարտվել է այս տարվա փետրվարի 27-ին):



Կառուցվող շենքը նախագծված է շինարարական նորմերին հակառակ` շենքի և կողքի առանձնատների միջև չի պահպանվում սպասարկման համար անհրաժեշտ տարածությունը, ստորգետնյա ավտոկայանի համար փորված հսկայական փոսը լուրջ վտանգ է ներկայացնում կողքի տան հիմքի կայունության համար, առանց հարևան բնակիչների համաձայնության տեղափոխվել են գազի խողովակներն ու էլեկտրականության լարերը, և, ամենակարևորը, կառուցվող շենքի պատճառով հարևան տները այլևս չի թափանցում արևը:



Հարևանների կողմից բարձրացված աղմուկից հետո Արա Սուքիասսյանս Սալմասին պարտադրվեց կանգնեցնել առավելագույնը 3 հարկանի շենք, որի կառուցումը ավարտվեց մեկ տարի առաջ:



Սակայն  երեկ առավոտից շենքում կրկին բուռն շինարարություն է սկսվել. «մանսարդ» են կառուցում` փաստացի ևս մի հարկ: Շենքի սեփականատիրոջ որդի Արեգը հարևան բնակիչների հետ զրույցում անընդհատ հղում է կատարում քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությանը: Այնուհետև, համոզվելով, որ հարևանների տուն այլևս արև չի մտնի, ավելացնում է. «դե ի՞նչ արած, հո մենք տակ չենք տալու»:



Շենքի հարևանությամբ  ապրող բնակիչները պահանջում են քաղաքապետարանից  շտապ կասեցնել այդ խայտառակ շինարարությունը և վերանայել տրված թույլտվությունը:



Խնդրում ենք լրագրողներին ևս հետևողական լինել  այս հարցում:

Բաղրամյան և Պռոշյան փողոցների մի խումբ բնակիչներ