Արտաքնոցն ու քաղաքականությունը

Արտաքնոցն ու քաղաքականությունը
Շատ խոսուն իրավիճակ է ստեղծվել երկրում՝ քաղաքական պայքարի փոխարեն, այսպես ասած, զուգարանային պայքար: Ինչ հաճույքով են տալիս-առնում այս թեման: Երեւակայության ինչպիսի թռիչք ու հումորի ինչպիսի անսպառ դրսեւորումներ: Հեղափոխական պայքարի ելած մարդկանց նեղը լծելու շատ ուշագրավ մեթոդ է մտածել իշխանությունը՝ զուգարանները փակում ես, եւ հանրահավաքներն ու իշխանափոխությունը հետաձգվում են: Ասենք՝ մինչեւ զուգարանները կբացվեն, կամ ընդդիմությունն այնքան կհարստանա, որ շարժական զուգարանների հարց կլուծի: Ընդդիմությունն էլ «տակը չի մնում»՝ մի քանի օր է, բողոքի ակցիաներ է անում. վերադարձրեք մեր զուգարանները: Երեկ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն է անձամբ կոչ արել Սերժ Սարգսյանին՝ բացիր զուգարանները: Չէ, այս զուգարանային թեման դեռ շատ ջուր կվերցնի: Հիմա կարելի է ակցիաներ կազմակերպել՝ կոչ անելով Ազատության հրապարակին մոտիկ ապրողներին. ով թույլ տա միտինգավորներին օգտվել իրենց զուգարաններից, հեղափոխությանն անգնահատելի ծառայություն մատուցած կլինի: Կամ՝ դուք կարող եք ձեր լուման ներդնել իշխանափոխության վեհ գործին: Ավելի վառ երեւակայություն ունեցողները կարող են զուգարանների բացակայության պարագայում պայքարի նոր, հակասանիտարական միջոցներ ձեռնարկել: Ասենք՝ զուգարանային ակցիաներ անել կառավարական շենքերի ու հաստատությունների մոտ: Չէ, այսպես կարելի է աբսուրդի հասնել: Սակայն ինչ անել, երբ զավեշտը մտել է մեծ քաղաքականություն, գրավել ամեն ինչ ու պատել բոլորին: Գուցե միանա՞նք Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչին: Պրն Սարգսյան, բացեք զուգարանները: Թե չէ երկրում կարող է հակաէկոլոգիական վիճակ ստեղծվել, համաճարակներ կարող են ծագել, եւ դրանից ոչ ոք չի կարող զերծ մնալ՝ անգամ կաբինետներում ապահով նստած չինովնիկները: