Ֆանտաստ գրողը

Ֆանտաստ գրողը
Տիգրան Սարգսյանը երեկ Ջերմուկում ուշագրավ մտքեր է հայտնել. «Այսուհետ մենք խոսելու ենք գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման մասին...: Սա պայմանավորված է նրանով, որ ժամանակակից աշխարհում գյուղատնտեսության զարգացումն ուղեկցվում է արդյունավետության կտրուկ բարձրացմամբ. ձեւավորվում են նոր միավորումներ, կոոպերատիվներ, խոշոր տնտեսություններ: Հաշվի առնելով նաեւ ժամանակակից տեխնիկայի կիրառումը, հասկանալի է դառնում, որ մեծածավալ աշխատուժի կարիքը գյուղաշխատանքներում գնալով նվազում է»: Ելույթն իր կանխատեսումների համարձակությամբ կարող էր ջերմ ընդունվել ֆանտաստ գրողների համաշխարհային ասոցիացիայի խորհրդաժողովում, բայց երբ այն լսում են Հայաստանի գյուղատնտեսության վիճակին տեղյակ մարդիկ, գյուղապետեր եւ այն էլ երկրի վարչապետից, կարող են մտածել, որ իրենք  հավաքվել են ոչ թե հայկական գյուղի խնդիրները քննարկելու, այլ ինչ-որ ֆանտաստիկ ֆիլմում նկարահանվելու, եւ ֆիլմի ռեժիսորը ներկայացնում է սցենարը: Իրականությունն այն է, որ հայկական գյուղը գտնվում է վաղ միջնադարում, որտեղ ժամանակակից տեխնիկան ոչ թե մուտք է գործում, այլ գնալով դառնում է խորթ երեւույթ: Գյուղացին հողը մշակում է բրիչի ու բահի օգնությամբ, եւ հաջորդ տեխնոլոգիական հեղաշրջումը, որ կարող են ակնկալել նրանք, ընտանի կենդանիների՝ եզների աշխատուժի կիրառումն է: Իսկ դա որքան էլ առաջադիմական քայլ լինի մեր գյուղերում, կարող է միայն մասնակիորեն թեթեւացնել հայ գյուղացու չարքաշ առօրյան, բայց ոչ ամբողջապես փոխարինել: Իսկ Տիգրան Սարգսյանի նկարագրած ֆուտուրիստական պատկերը, երբ գյուղացիների փոխարեն աշխատանքը կատարում է տեխնիկան, իսկ նրանք պարապությունից ճանճ են քշում, Հայաստանին սպառնում է թերեւս 200 տարի հետո. ամենալավատեսական կանխատեսումներով: