Սպասում են դատաբժշկական փորձաքննությանը

Սպասում են դատաբժշկական փորձաքննությանը
Նախորդ ամսվա ամենասկանդալային դեպքը կարծես մոռացվեց: Այլեւս ոչ ոք չի խոսում օգոստոսի 14-ին Վայքի ծննդատան դեպքից, երբ կնոջը ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց եւ բժշկին խնդրել ծնունդն ընդունել: Սակայն բժշկուհին՝ Մետաքսյա Հովհաննիսյանը, ըստ համացանցում հայտնված տեսանյութի, ասել էր, որ «բուրդ է չփխում, կվերջացնի՝ կգա»:



Արդյունքում երեխան բարդություններով եւ դժվարությամբ էր լույս աշխարհ եկել, ապա տեղափոխվել «Մուրացան» հիվանդանոց, որտեղ էլ 15 օր անց մահացել էր: Փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց, նախաքննություն է ընթանում, ինչի ընթացքում նախ Մետաքսյա Հովհաննիսյանն ազատվեց  մանկաբարձական բաժանմունքի վարիչի պաշտոնից, ապա, նաեւ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի հրամանով՝ նաեւ աշխատանքից:



Նա այլեւս չի աշխատում: Հիշյալ դեպքի համար աշխատանքից ազատվեց նաեւ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արտաշես Գալստյանը, սակայն վերջինս դեռեւս շարունակում է աշխատել, քանի որ քաղծառայող է, եւ հրամանով միանգամից հնարավոր չէ նրան ազատել աշխատանքից:



«Ես քաղծառայող եմ, պետք է Քաղծառայության խորհրդից համաձայնություն ստանամ՝ նոր»,- ասաց Արտաշես Գալստյանը: Նրա կարծիքով, ճիշտ չէր մինչեւ դեպքի հանգամանքները պարզելը մարդկանց աշխատանքից ազատել, եւ դրանում, ըստ Գալստյանի, իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ լրագրողները:



«Լրագրողներն արջի ծառայություն մատուցեցին: Այսինքն, առանց որեւէ բանում համոզված լինելու, այնպիսի մի արշավ կազմակերպեցին, որտեղ ճշմարտությունը դարձավ տասներորդական: Այնպիսի տպավորություն էր, որ կարծես արյան ծարավ լինեին:  Պատկան մարմիններն էլ, այդ աղմուկից, գլխացավանքից ազատվելու համար, ընտրեցին հեշտ ճանապարհը»,- կարծիք հայտնեց Գալստյանը:



Նրա խոսքով, մինչեւ պարզ չլինեն դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ոչինչ հնարավոր չէ ասել. «Ես չեմ պնդում, բայց դա կարող էր լինել արատ, կյանքի հետ անհամատեղելի անոմալիա եւ այլն: Շուտով դատաբժշկական փորձաքննության պատասխանները կլինեն, եւ ամեն ինչ պարզ կդառնա»:



Հովհաննիսյանը, դեռ չեն հարցաքննվել: «Դեռ չեն կանչել, սպասում եմ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Հովհաննիսյանը: Հետաքրքրվեցինք, թե կբողոքարկի՞ արդյոք իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը: «Սպասում եմ քրեական գործն ավարտվի՝ հետո: Սպասում եմ՝ տեսնեմ օրենքն ինչ կորոշի»,- ասաց տիկին Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ այլեւս ոչինչ չունի ասելու:



ՀԳ - ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Վայքի ծննդատանն ուսումնասիրություններ կատարելու եւ ծննդատան ծառայության որակն ստուգելու նպատակով հանձնաժողով էր ստեղծվել, որի եզրակացությունն արդեն պատրաստ է, սակայն նախարարությունն այն չի հրապարակում՝ «նախաքննությանը չվնասելու համար»: Հանձնաժողովն ամեն դեպքում որոշ խախտումներ է հայտնաբերել հիվանդանոցում:



Արտաշես Գալստյանը չհերքեց, որ որոշակի թերություններ կան հիվանդանոցում, այդ մասին նա անգամ գրել է իր ներկայացրած բացատրության մեջ, սակայն, նրա խոսքով, ինչպես մարզպետարանը, այնպես էլ Վայքի քաղաքապետարանը բյուջե չունի թերությունները վերացնելու նպատակով համապատասխան միջոցներ տրամադրելու համար: