Ապահարզա՞ն

Ապահարզա՞ն
Երբ ընտանիքում անհաշտություն է, բարիշելու բոլոր փորձերը ժամանակավոր են լինում: Տարեսկզբին ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները հնարավոր եղավ հարթել նոր կոալիցիոն հուշագրի միջոցով, բայց դեռ այն ժամանակ պարզ էր, որ դա ժամանակավոր լուծում է՝ կրքերը ընտրություններին ընդառաջ շիկանալու են: Երեկ արդեն ի հայտ եկան դրա նախանշանները: Ինտերնետային կայքերից մեկը հրապարակեց Գագիկ Ծառուկյանի վարկանիշային վերելքի մասին մի նյութ: Ինչին շատ ջղաձիգ արձագանք հետեւեց «գործընկերների» կողմից: Էլ հեր ու մեր, էլ քաչալ շուն...: Շատ արագ մոռացվեցին բարեկրթության ու գործընկերության կանոնները, եւ երկուստեք սկսեցին քննարկել «ապահարզանի» հարցը: Կարելի է մտածել, որ ոչ առաջին անգամն է, ոչ վերջին՝ նորից կհաշտվեն ու կշարունակեն երթը դեպի «պայծառ ապագա», սակայն այս անգամ կարծես ամեն ինչ ավելի լուրջ է: Եվ դա պատահական չէ, քանի որ ընտրությունները մոտ են, եւ ժամն է կողմնորոշվելու: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ինքնասեր ամուսինների նման կողմերից յուրաքանչյուրը ձգտում է առաջին քայլն անել, որ հետո լքվածի, խաբվածի զգացումը չտանջի ամբողջ կյանքում: Մեր ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտնվել են հենց այս վիճակում: Ո՞վ առաջինը կհայտարարի «ապահարզանի» մասին՝ Հանրապետակա՞նը, որի դիրքերը ԲՀԿ-ի հեռանալուց հետո նկատելիորեն կթուլանան: Թե՞ ԲՀԿ-ն, որի դիրքերը հեռանալուց հետո նկատելիորեն կուժեղանան, բայց գործողությունների դաշտը կնեղանա, եւ անելիքը կշատանա: Կկարողանա՞ իշխանությունից դուրս եկած ուժը պահպանել իր ունեցածն ու «եղբայրասպան» պատերազմի մեջ չներքաշվել: Կկարողանա՞ իշխանության մեջ մնացած ուժը պահպանել իր լծակները եւ կառավարել իրավիճակը: Այնպես, որ երկիրը ցնցումների մեջ չընկնի եւ 2012-2013-ին իր ուզած իշխանությունը ձեւավորվի: