Քաղցկե՞ղ, թե՞ սպիդ

Քաղցկե՞ղ, թե՞ սպիդ
Փաստաբան Հայկ Ալումյանի հետ խոսում էինք այն մասին, թե ինչու դատական համակարգի առողջացման համար գործադրվող երկարատեւ ջանքերը մնում են անարդյունք:



Առողջացման ճանապարհին կա երկու խնդիր. դատարանի անկախությունն ու կոռուպցիայի նվազեցումը՝ գտնում է Ալումյանը: Հայաստանում դատարանի անկախացում ասելով՝ հասկանում են գործադիրի վերահսկողության թուլացումը: Բայց հենց հսկողությունը թուլացնում են, ավելանում են կոռուպցիոն ռիսկերը: Մյուս կողմից, եթե վերահսկողությունն ուժեղանում է,  դատավորի անկախությունը մոտենում է զրոյի:



Այս դիտարկումը շարադրելուց հետո Ալումյանն անցավ արտերկրի ճանապարհներին: Եթե ինչ-որ մի երկրում տեսնում ես անհամեմատ ավելի սահուն ու հարթ ճանապարհներ, դա ոչ թե նրանից է, որ տվյալ երկրի ճանապարհաշինարարները մերից լավն են, այլ նրանից, որ փաստաբաններն են ավելի լավը: Միտքը դարձավ առավել հասկանալի, երբ հաջորդ պահին Ալումյանն անդրադարձավ մեր երկրի նախագահի նախաձեռնությամբ վերջերս անցկացված երկու խորհրդակցություններին:



Նախագահը դատական համակարգն առողջացնելու լավագույն ցանկությամբ հրավիրել էր դատական համակարգի պարագլուխներին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ազգային անվտանգության պետին: Բացակայում էր միայն  Փաստաբանների պալատի ղեկավարը: Դա նշանակում է, որ իշխանությունը չի  ընկալում փաստաբանի դերն ու կարեւորությունն արդարադատության կայացման գործում: Նման  մոտեցումը նաեւ ուղերձ է հասարակությանը, որ  հասարակությունն էլ հասկանա, թե ովքեր են իրական եղանակ ստեղծողները: Հանձնարարություններ տրվեցին դատական համակարգի առողջացման համար:



Հասկանալի է, որ պետությունը գնաց ռեպրեսիվ ճանապարհով: Արդյունքում ինչ-որ հաջողություններ կոռուպցիայի դեմ պայքարում  կլինեն, եւ այսօր արդյունքները երեւում են՝ կարծում է Ալումյանը: Բայց անմիջապես դրսեւորվում է մյուս արատը. դատավորները վախենում են դատախազության դիրքորոշմանը հակառակ որոշում կայացնել ու մեղադրվեվ կոռուպցիայի մեջ: Վարչական դատարանը վախենում է պետության դեմ որոշում կայացնել՝ հատկապես  գումարային հարցերով: Իսկ երբ դատավորն իր պաշտոնը չկորցնելու համար կայացնում է  պատվերով վճիռ կամ դատավճիռ, դա նույնպես կոռուպցիայի դրսեւորում է:



Ո՞րն է ավելի անվտանգ` կոռուպցիայի ա՞ճը, թե՞ վերահսկողության ուժեղացումը: Քաղցկե՞ղը, թե՞ ՍՊԻԴ-ն է ավելի անվտանգ: Մենք դեռ տասնյակ տարիներ դատական բարեփոխումների քողի տակ կդոփենք նույն տեղում՝ եզրակացրեց Ալումյանը: Մինչեւ փաստաբանությունը չուժեղանա որպես ինստիտուտ, մինչեւ դատավարության մեջ օրենսդրորեն փաստաբանի եւ մեղադրանքի կողմի հնարավորությունները չհավասարեցվեն, ու մինչեւ իշխանությունները նույն ուշադրությամբ չսկսեն լսել փաստաբանին, դատական համակարգը գտնվելու է պերմանենտ նեխման վիճակում:



Նեխման վիճակի պատկերը սարսափելի էր, եւ Ալումյանը մի փոքր հանգստացրեց: Նա ասաց, որ շատ փաստաբանների 10 բողոքից  9-ը թելադրված է սուբյեկտիվիզմով: Բայց այն մեկի մեջ կա շատ լուրջ խնդիր: Հետո Ալումյանը պարզապես զարմացրեց:  Բոլորովին վերջերս տարբեր երկրների փաստաբանների մասնակցությամբ քննարկվել է այն հարցը, թե ինչով բացատրել փաստաբանի երկրորդական դերը դատավարության ընթացքում: Մասնակիցներին դուր է եկել մի մեկնաբանություն (հետագայում պարզեցի, որ դա հենց իր՝ Ալումյանի մեկնաբանությունն էր). փաստաբանները հաճախ իրենք են  վստահորդների մոտ ձեւավորում կարծիք իրենց երկրորդական դերի մասին:



Պատճառն այն է, որ եթե վստահորդը գիտի, որ փաստաբանից գրեթե ոչինչ կախված չէ, դա վերջինիս ազատում է պատասխանատվությունից վստահորդի առջեւ: Տարված գործը միշտ կարելի է վերագրել դատավորի կոռումպացված լինելուն:  Վատ պաշտպանության հետեւանքով գործը տարվելուց հետո նա  կբացատրի իր վստահորդին, որ դատավորը մյուս կողմի հետ  համաձայնություն ուներ: Այո, դատական համակարգը կոռումպացված է, բայց ոչ այն աստիճանի, ինչպես ներկայացնում են փաստաբանները: Դատարանի կոռումպացվածության գրեթե  80 տոկոսը հորինված է փաստաբանների կողմից, որոնք իրենց վստահորդներին ներշնչում են, որ ոչ մի գործ առանց կաշառքի չի լուծվում:



Սա մի ոսկու հանք է փաստաբանի համար: Առաջին տարբերակ. գումարը, որը փաստաբանը վերցրել է իր վստահորդից, իբր փոխանցվել է դատավորին, եւ այդ պատճառով է դատավորը  կայացրել օրինական որոշում հօգուտ նրա վստահորդ: Եվ 2-րդ տարբերակ. վատ պաշտպանության պատճառով գործը տարվել են, քանի որ դատավորը հակառակ կողմից փող էր վերցրել:



Սա դատական համակարգի  նեխման  վառ դրսեւորում է: Մինչդեռ ամեն ինչ պարզ է. կա դատական համակարգ, ու կա դատավարության մասնակից երկու կողմ՝ մեղադրող ու պաշտպան: Կա  պետություն, որը՝ ուզի-չուզի, պետք է դատարանի նկատմամբ որոշ հսկողություն իրականացնի:



Դատարանի անկախությունն ապահովելու համար ոչ թե պետք է  թուլացնել գործադիրի վերահսկողությունը, այլ ուժեղացնել հասարակության ճնշումը, նրա  հսկողությունը: Իսկ հասարակության հսկողության հիմնական լծակը փաստաբանն է: Դատավորը պետք է հայտնվի երկու քարի արանքում՝ պաշտպանի ու մեղադրողի: Որպեսզի մտածելու բան ունենա ու համոզված լինի, որ սխալ որոշման դեպքում, կոպիտ ասած, իր հերը կանիծի ոչ միայն մեղադրողը, այլեւ պաշտպանը:



Ջուլիետա Ամիրխանյան