Պրացես պաշոլ

Պրացես պաշոլ
Երեկ ընդդիմության հանրահավաքին հետեւող մարդիկ արձանագրեցին, որ Կոնգրեսը հաշտվել է հերթական ընտրությունների մտքի հետ, քանի որ արտահերթը «միայն իրենցից չի կախված», եւ որոշել է իր ուժերը կենտրոնացնել Ազգային ժողովում, որքան հնարավոր է, «ծանրակշիռ ներկայություն» ապահովելուն: Այս մտքի հետ մարդկանց ավելի հաշտ դարձնելու համար Տեր-Պետրոսյանը շարունակում է ասվածը. որ՝ ի վիճակի լինենք ԱԺ-ում բարձրացնել Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը: Բայց ամբողջ բանն այն է, որ նման հայտարարությունները, որքան էլ զգուշորեն արված լինեն, չեն նպաստելու «ծանրակշիռ» քվեներ ստանալուն: Հակառակը՝ դրանք նվազեցնելու են ընդդիմությանը տրվելիք ձայների քանակը: Իսկ նվազ ձայների դեպքում նշված իմփիչմենթն առավել անհավանական է դառնալու: Այնպես որ Կոնգրեսը հայտնվել է փակ շրջանում: Չի փրկելու անգամ այսօրվանից եւեթ «առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման մեխանիզմների կատարելագործման հարցով» լրջորեն զբաղվելը, քանզի վարչական լծակների տիրապետող իշխանությունը շատ ավելի վաղուցվանից եւ շատ ավելի լրջորեն է զբաղվում ընտրություններով եւ ընտրակեղծիքների կատարելագործված հստակ մեխանիզմներ ունի: Բայց եթե հետեւենք ելույթին, ապա առաջնորդի հույսը միայն ընտրություններն ու լուրջ աշխատանքը չեն, այլ իշխանության ինքնաքայքայման պրոցեսը: «Մենք վստահ ենք եղել, որ իշխանական մոնոլիտը վաղ թե ուշ ճաքեր է տալու, ինչի ակնհայտ արտահայտությունն են, մասնավորապես, պետական ապարատում եւ իշխող կոալիցիայի ներսում վերջերս ծագած լուրջ տարաձայնությունները։ Խորացման պարագայում դրանք կարող են արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ ընդդիմադիր դաշտի ընդլայնման նոր հորիզոններ բացել»,- խաղաքարտերն է բացել Տեր-Պետրոսյանը։