70-ամյա մանկապիղծը խիստ պատժի արժանացավ

70-ամյա մանկապիղծը խիստ պատժի արժանացավ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ ավարտվեց մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Մեղադրողը նախորդ նիստում միջնորդել էր վերջնական պատիժ նշանակել 15 տարի ազատազրկում, ինչն ստացել էր պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով՝ Քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասով սահմանված 11 տարի ժամկետով պատժին գումարելով 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված 4 տարին:



Դատարանը նույնությամբ կատարեց մեղադրողի պահանջը, չնայած, ըստ էության, այս գործում բացակայում էին տուժողների բողոքները, ինչը սովորաբար մեղմացուցիչ հանգամանք է դիտվում: Տեր-Պողոսյանի պաշտպանը դատավճռի հրապարակումից հետո նշեց, որ իրենք դեռեւս այն ժամանակ  համաձայն չեն եղել մեղադրանքին, իսկ իրենց հետագա քայլերը պարզ կդառնան, երբ ամբողջովին կուսումնասիրեն դատավորի վճռի հիմնավորումները:



«Մենք հոդվածի հետ համաձայնք չենք, քանի որ այստեղ խոսք չկա բռնության եւ անօգնական վիճակի մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբ Տեր-Պողոսյանի շահերի պաշտպանը: Իսկ ահա մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը գոհ էր դատարանի կայացրած որոշումից. «Արդարացի դատավճիռ կայացվեց, ուրիշ դատավճիռ լինել չէր կարող»:



Իսկապես, մեղադրանքն արտառոց էր, փաստը՝ հասարակական հնչեղություն ստացած եւ վրդովվեցնող, թերեւս նաեւ դա է դեր խաղացել պատիժը նշանակելիս: Սերոբ Տեր-Պողոսյանի կալանքի սկիզբը կհաշվվի սույն թվականի փետրվարի 9-ից: