Նոր վերնիսաժ` նոր քաղաքապետի ցուցումով

Նոր վերնիսաժ` նոր քաղաքապետի ցուցումով
Նախօրեին մենք գրել էինք, որ Վերնիսաժը բարեկարգելու Կարեն Կարապետյանի ծրագիրը կիսատ մնաց, եւ վերջինիս հրաժարականից հետո Վերնիսաժում գործունեություն ծավալող կազմակերպությունը, որ մինչ այդ սալիկապատում էր տեղանքը, ծածկեր ու նստարաններ տեղադրում, առեւտրականներին հայտարարել է, որ մնացածն իրենք պետք է շարունակեն: Սակայն, արձագանքելով մեր հրապարակմանը, Վերնիսաժի տնօրինությունը պնդում է, որ աշխատանքները ժամանակավորապես են դադարեցվել եւ բոլորովին էլ առեւտրականների վրա չեն դրվել:



«Նավասարդյան» ՍՊԸ (սա հենց այն կազմակերպությունն է, որն զբաղվում է Վերնիսաժի բարեկարգման աշխատանքներով) տնօրեն Հարություն Նավասարդյանը վստահեցրեց, որ Վերնիսաժում առեւտրականներից հավելյալ գումար չեն գանձելու, բացի տեղի վարձից:



«Թող որեւէ մեկը գա, կանգնի-ասի, որ իրենից բարեկարգման համար մի կոպեկ փող են վերցրել: Ամբողջ ծախսերն անում է մեր ՍՊԸ-ն: Ես պարզապես չեմ հասկանում, թե նրանք ինչի վրա պետք է գումար ծախսեն, երբ մենք պարբերաբար աշխատում ենք այգու բարեկարգման վրա: Արդեն 100 միլիոն դրամի ներդրում է արվել՝ կանաչապատում, բարեկարգում, ոռոգման համակարգ քաշելու համար»,- ասաց Հարություն Նավասարդյանը եւ ավելացրեց.



«Մենք լավ ծրագրեր ունենք: Արդեն կառուցվում են մոր եւ մանկան սենյակ, բուժկետ, պահեստ, հասարակական զուգարան: Շուտով կտեսնեք բոլորովին այլ, բարեկարգված Վերնիսաժ»: Նավասարդյանի խոսքով, նոր քաղաքապետին որոշ բաներ դուր չեն եկել Վերնիսաժի ներկայիս տարբերակում, եւ Տարոն Մարգարյանի ցուցումներով այս օրերին գծագրվում է Վերնիսաժի նոր նախագիծ, էսքիզ, որն էականորեն տարբերվում է ներկայիս Վերնիսաժից:



«Հիմա նոր ծրագիր է մշակվում, գծագրվում են նոր էսքիզներ: Բաներ կան, որ դուր չեն եկել նոր քաղաքապետին: Գծագրում փոփոխություններն են արվում, եւ հաջորդ շաբաթվանից հավանաբար կներկայացնենք Մարգարյանին՝ հաստատման համար: Ծրագրերն ամբողջությամբ իրականացնում է «Հ. Նավասարդյան» ՍՊԸ-ն»,- ասաց տնօրենը:



Ճարտարապետի մշակած էսքիզներով Վերնիսաժը բոլորովին այլ տեսք ունի: Գեղեցիկ ու հարմարավետ պայմաններ են նախատեսված հատկապես նկարների ցուցադրության համար, բոլորովին այլ տեսք պետք է ունենան «նավեսները»՝ ծածկերը, շատրվանները կգործեն մի փոքր ձեւափոխված տարբերակով: Մի խոսքով, եթե այս նոր տարբերակը կյանքի կոչվի, Վերնիսաժը կվերածվի ոչ թե զուտ տոնավաճառի, այլ գեղեցիկ այգու, որտեղ ցուցադրված կլինեն արվեստի գործեր, ձեռքի եւ այլ աշխատանքներ:



Հարություն Նավասարդյանի խոսքով, քաղաքապետարանը ֆինանսապես չի աջակցում բարեկարգման աշխատանքներին: Բոլոր ներդրումներն անում է «Հ. Նավասարդյան» ՍՊԸ-ն: Նոր նախագիծը, քաղաքապետի կողմից հաստատվելուց հետո, հավանաբար գարնանից կյանքի կկոչվի, եւ կսկսվեն շինարարական ակտիվ  աշխատանքներ:



Մի բան վատ է, որ ամեն քաղաքապետ Երեւանը տարբեր կերպ է պատկերացնում եւ նախկինի գործը շարունակելու փոխարեն սկսում է սրբագրել այն: Տեսնենք, թե Վերնիսաժն ինչ տեսք կունենա վերջում: