Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ Սերժ Սարգսյանին
Մեծարգո պարոն նախագահ, մենք՝ ցմահ դատապարտյալներս, 22.11. 2011 թվականին հեռուստատեսությամբ դիտեցինք եւ լսեցինք անձամբ Ձեր կողմից ուսումնասիրված արդարադատության, դատախազության եւ հատկապես դատարանների կողմից թույլ տրված մի շարք թերացումների, իրավախախտումների մասին: Դուք համապատասխան խիստ կարգադրություններ արձակեցիք, որպեսզի շտկվեն այդ կառույցների կողմից թույլ տրված սխալները, որը տեսնելուց հետո հասարակությունը կվերականգնի իր հավատը Հայաստանում արդարադատության հանդեպ:



Չնայած որոշ լրատվամիջոցների կարծիքով Ձեր այդ խորհրդակցությունը ցուցադրական բնույթ էր կրում, գործնականում ոչ մի շարժ չկա եւ չի էլ կարող լինել, սակայն մենք այդ կարծիքին չենք եւ հավատում ենք, որ Դուք կապացուցեք Ձեր քայլերի ճշմարտացիությունը, Ձեր խոսքի արժեքի բարձրացումը հասարակության շրջանում: Պարոն նախագահ, Ձեր ուշադրությունն ենք սեւեռում մեր խնդրի վրա, որի զոհ ենք դարձել օրենքի խախտման պատճառով: Դրանք շտկելու համար պետք է առաջնորդվել Սահմանադրությամբ եւ կատարել օրենքի ողջ պահանջը, որի արդյունքում կլուծվի մեր խնդիրը, որն ութ տարուց ավելի է՝ գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում:



Մենք հավատում ենք, որ պատկան մարմինները Ձեր նախագահական հրահանգներին կենթարկվեն, եւ մեր հարցն էլ կլուծվի: Պարոն նախագահ, խնդրում ենք մեր հարցը պահեք Ձեր ուշադրության կենտրոնում, որպեսզի պատկան մարմինները չթերանան, չշրջանցեն մեր խնդրի լուծումը: Հասարակության մեջ արդարադատության հանդեպ հավատը վերականգնելն իշխանության վարկանիշի բարձրացումն է:



Դրանից հետո կվերականգնվի ժողովրդի վստահությունը երկրի նկատմամբ, որի մաս ենք կազմում նաեւ մենք՝ 103 ցմահ դատապարտվածներս: Հակառակ դեպքում, եթե մի երկրում օրենքը չի գործում, միմիայն հարստահարելու մոլուցքով տառապողներն են լավ ապրում, ու նրանք էլ թքած ունեն օրենքի վրա, ապա, այս ամենը տեսնելով, մարդիկ լքում են երկիրը: Օրենքների սխալ կիրառման հետեւանքով քայքայվում են բազմաթիվ ընտանիքներ: Պարոն նախագահ, մենք հավատում ենք, որ կվերականգնվի արդարությունը:



Մենք՝ ցմահ դատապարտյալներս եւ մեր հարազատները, կնվիրվենք պետությանը: Մենք հուսով ենք, որ դատարանները պատշաճ կկատարեն օրենքով սահմանված կարգը, եւ ցմահ դատապարտյալների քրգործերը կվերանայվեն, ու օրենքի տառին համահունչ պատժաչափեր կսահմանվեն:



Մի խումբ ցմահ դատապարտյալներ, «Նուբարաշեն»  ՔԿՀ