Ինքնազսպման բացակայություն

Ինքնազսպման բացակայություն
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է, հոր՝ նոր պաշտոնին անցնելուց հետո սկսել է ման գալ «Պրադո» ջիպով, որի վրա ԱԺ-ին պատկանող 059օօ11 պետհամարանիշ է: Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ մինչեւ Նիկոյանի ԱԺ նախագահ դառնալը որդին աշխատանքի էր գալիս ոտքով: Սամվել Նիկոյանն ԱԺ նախագահ դառնալուց հետո, բացի ծառայողական մեքենայից, ստացել է երկրորդ մեքենան, որը սպասարկելու էր նրա ընտանիքին: Սակայն Նիկոյանը սա քիչ է համարել եւ ԱԺ-ից վերցրել է երրորդ մեքենան՝ հատուկ տղայի համար, որպեսզի այն մյուսը սպասարկի միայն կնոջն ու աղջիկներին:



Չի բացառվում, որ այս վիճակը եւս Նիկոյանը քիչ համարի եւ որոշի, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ծառայողական մեքենաներով ապահովի իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի: Հայ պաշտոնյաների ագահությունը չափ ու սահման չունի, եւ նրանք փորձում են առավելագույնս օգտվել ստեղծված հնարավորությունից՝ վայելել պաշտոնն ամբողջ խորությամբ:



Այդ պատճառով էլ այս մարդկանց համար պաշտոնին մնալը դառնում է գոյության պայքար, որի համար նրանք պատրաստ են ամեն ինչի: Մի առիթով Սոլժենիցինն ասել է, որ իր համար ամենակարեւոր հատկությունն ինքնազսպումն է: