Պատմվածք գեյի մասին (14-րդ մաս)

Պատմվածք գեյի մասին (14-րդ մաս)
Այդ գիշեր Իզան չքնեց: "Իմ եղբայրը միասեռական է, Աստված իմ, կյանքում ինչից զզվում ես՝ գլխիդ է գալիս: Հիմա ես ի՞նչ պիտի անեմ: Չեմ կարող նրան աջակցել. որ պապան իմացավ, ինձ էլ հետը կսպանի: Ավելի լավ է` չիմանայի, ինձ համար հանգիստ ապրեի, հիմա որ գիտեմ, ի՞նչ կարող եմ անել:



Շուշանն էլ գիտի. եթե կուրսեցիներին պատմի, խայտառակ կլինեմ: Բայց մյուս կողմից էլ չեմ կարող Արամին արհամարհել: Խեղճն առանց այդ էլ բոլորի կողմից մերժված է, մեր հասարակությունը նրան երբեք չի ընդունի: Երեւի պահը կգա, որ ես էլ ստիպված կլինեմ հրապարակային կարծիք հայտնել նրա գեյության վերաբերյալ:



Այդ ժամանակ չեմ կարողանա պաշտպանել նրան, պիտի պախարակեմ ու քննադատեմ, ավելին` պիտի ստիպված լինեմ ասելու, թե ես չեմ ընդունում նրան որպես եղբայր: Խեղճ Արամը չի դիմանա հասարակական ճնշմանը, լավ կլինի, որ հեռանա Հայաստանից: Տեսնես կարո՞ղ եմ համոզել, որ գնա այստեղից մի եւրոպական երկիր, որտեղ գեյերին նորմալ են վերաբերվում, չեն ճնշում: Բայց ասաց, որ այդ տղային շատ է սիրում, փաստորեն` պիտի այդ տղային էլ համոզեմ, որ գնա այստեղից: Բայց ինչպե՞ս: Արամն ինձ նրան մոտ չի թողնի":



Իզայի երեւակայությունը տարօրինակ արագությամբ տարբեր տեսարաններ էր պատկերում նրա ուղեղում: Տեսնում էր եղբորը` ուրիշ տղամարդու կողքին, նրանք համբուրվում էին: Իզաբելլայի դեմքին զզվանքի արտահայտություն հայտնվեց: Հետո հիշեց իրենց մանկությունը, երբ բակում պահմտոցի խաղալիս Արամն ու իրենց հարեւան Սարգիսը միասին մուտքի նկուղում էին թաքնվում:



"Երեւի ամեն ինչ հենց դրանից էլ սկսվել է: Չէ, բայց Սարգիսն արդեն ամուսնացել է, չի կարող գեյ լինել: Չնայած հիմա այնքա՜ն ամուսնացած գեյեր կան, որոնք երեխաներ էլ ունեն, բայց տղամարդկանց են սիրում":



Աղջիկը փորձում էր կռահել, թե ինչպես եւ ինչու է Արամը միասեռական դարձել: Մի բան հաստատ է՝ Արամն ընկել է վատ մարդկանց ազդեցության տակ: "Նա դպրոցում ընկերուհիներ ուներ, ամիսը մեկին էր սիրահարվում, գեյական հակումներ չուներ, դրանցից մեկը երեւի համոզել է, ասել է` արի փորձենք, դուրդ չի գա՝ էլ չես անի, կամ էլ վախեցրել են, ստիպել...":



Իզան այլեւս չէր ցանկանում մտածել, որովհետեւ մտքերը նրան ավելի հեռու էին տանում: Դա չափազանց տհաճ էր:

Առավոտյան Արամն արթնացավ Արթուրի զանգից:



- Բարի լույս, քնա՞ծ էիր:

- Հա, ի՞նչ կա:

- Ընկերս վարձով տան տեղ գիտի մասիվում, ամիսը 35 հազարով, ի՞նչ կասես:

- Լավ է, բայց ի՞նչ պայմաններ են:



- Նորմալ տուն ա, անկողին, սեղան-աթոռներ: Բայց առաջին 2 ամսվա վարձը միանգամից են ուզում:

- Դա լավ չի, դու ինչքա՞ն փող ունես:

- Էս պահին՝ 27 հազար, բայց մի երկու օրից աշխատավարձ եմ ստանալու, կարամ կեսը տամ:

- Լավ, կեսն էլ ես կտամ, ընկերոջդ ասա թող խնդրի` երկու օր սպասեն, կվարձենք:



շարունակելի



© Հրապարակ օրաթերթ