Շարմազանով. «նա, ով չի կարողանում լավ տժժալ, վատ էլ աշխատում է»

Շարմազանով. «նա, ով չի կարողանում լավ տժժալ, վատ էլ աշխատում է»
 Մի Սյունիք, մի Սուրիկ



«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ԱԱԾ եւ ՀՀ ոստիկանության պետերին` խնդրելով պարզել, թե ով է Գորիսում իրեն հետեւել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով եւ ինչ նպատակ է հետապնդել` իրեն հետեւելով: Հետաքրքիր աղջիկ է այս Զարուհին: Էլ ո՞վ պետք է լիներ:



Հարցը լուծված է



Այնտեղ, որտեղ ես կամ, Ռոբերտ Քոչարյանն անելիք չունի` ասել է մարքսիստ Դավիթ Հակոբյանը, նշելով, թե առաջիկա խորհրդարանն ընդամենը մեկ տարվա կյանք ունի, քանի որ ինքն է հաղթելու 2013 թվականի նախագահական ընտրություններում եւ ձեւավորելու է նոր խորհրդարան: Մարքսիստի ասածներից չի՞ հետեւում արդյոք, որ նույնիսկ Սերժ Սարգսյանն անելիք չունի 2013 թվականին:



Մեծին հարգող



Բոլոր սայթերը գրել են, թե իբր Սերժ Սարգսյանին դուր չի եկել քեֆի թունդ պահին «Հարսնաքար» ռեստորանից մի խումբ գիտնականների եւ ռեկտորների հեռանալը: Սակայն, ի տարբերություն սայթերի ղեկավարների, ՀՀԿ ղեկավարը դրա մեջ կրիմինալ չի տեսել: Դե, մեծ մարդիկ են, չեն դիմացել: Ես նրանց հաջողություն եմ մաղթում` ասել է նախագահը:



Ակամա PR-չիկ



275 համարի Երեւան-Չարենցավան երթուղու դեղին ավտոբուսները սկսել են երթեւեկել հայելիների վրա ՀՀԿ սպիտակ դրոշներ ծածանելով: Գծատերը, սակայն, առանձնապես ոգեւորված չէ այդ, թեկուզեւ ժամանակավոր, նորամուծությունից: Բանն այն է, որ ԲՀԿ կողմնակիցները եւ համակիրները հրաժարվում են օգտվել այդ երթուղուց, ինչը զգալիորեն նվազեցնում է դրամական հոսքերը:



Խառը վիճակ



Սուրեն Զոլյան-Արմեն Աշոտյան սկանդալը երկու տարբեր` իրական եւ վիրտուալ աշխարհների պատերազմի կարող է վերածվել: Բանն այն է, որ Սուրեն Զոլյանն իրական կյանքում է ուժեղ, իսկ Աշոտյանը` վիրտուալ, ֆեյսբուքային: Դատելով առաջին արձագանքներից` իրական ու վիրտուալ են նաեւ հակամարտող կողմերի համակիրները: Զոլյանին պաշտպանում են օտար լեզուների համալսարանի իրական գեղեցկուհիները, իսկ Աշոտյանին` զուտ վիտուալները, նույնիսկ այնպիսիները, որոնց ծածկանուններից չես ջոկում` տղա՞ են, թե՞ աղջիկ: Օրինակ` «Ութոտնուկ»-ը:



Էդիկ Անդրեասյան