Մեդվեդևի փշոտ վայրէջքը

Մեդվեդևի փշոտ վայրէջքը
Արևմուտքը ցավով է դիտում, թե ինչպես է մեռնում Ռուսաստանը Արևմուտքի` այսինքն` Երկիր մոլորակի վրա իշխանության առայժմ ամենաքաղաքակիրթ նմուշի մաս դարձնելու հույսը: Մեդվեդևի  զուսպ, առաջադիմական քաղաքականությունը թույլ էր տալիս հուսալ, որ կգա մի օր, երբ Ռուսաստանն ու Արևմուտքը կգործեն ուս ուսի տված, և կվերանա քաղաքական տեխնոլոգիաների` ստի խճճված կծիկից օգտվելու կարիքը, երբ հարկ է համատեղ գործել:



Խոստովանանք լինի, որ նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ ու Արևմուտքը փորձեցին քայլեր անել, որպեսզի Պուտինը չփոխարինի Մեդվեդևին.ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սպառնաց Պուտինի ընտրվելու դեպքում չընդունել ռուսական ընտրությունների արդյունքները, իսկ արևմտյան մամուլը պատկերեց Պուտինին իբրև հրեշի: Հայկական մամուլը ևս անմասն չմնաց` վեր հանելով Պուտինի վերընտրվելու հնարավոր բացասական հետևանքները Հայաստանի վրա, ընդհուպ մինչև այն, որ մեզ կարող են ստիպել հանուն ինչ-որ կասկածելի Եվրասիական միության դադարեցնել Եվրամիությանն ինտեգրվելու փորձերը:



Ամեն բան զուր էր:



Այժմ արևմտյան մամուլը անդրադառնում է այն ցավալի վիճակին, որում հայտնվել է Մեդվեդևը, և այդ վիճակից դուրս գալու նրա սահմանափակ հնարավորություններին: Օրեր անց Մեդվեդևը նախագահի աթոռը կփոխարինի վարչապետի աթոռով` ավելի բարձր հենակովը զիջելով Պուտինին: Մեդվեդևին սատարող քաղաքական ուժերը ժամանակին հույս ունեին նրա միջոցով ազատվել Պուտինից, և այժմ հիասթափությունը բուռն է: Նյու Յորք Թայմզը գրել էր, որ աթոռը կամովին Պուտինին զիջելը  խիստ թուլացրեց Մեդվեդևի դիրքերը, իսկ ռուս վերլուծաբաններից շատերը, վերհիշելով Պուտինի պաշտոնավարման առաջին երկու շրջանը, նկատել են, որ ճգնաժամի յուրաքանչյուր պոռթկում Պուտինը հանգստացրել է վարչապետին փոխելով, և կարծիք հայտնել, որ Մեդվեդևը երկար չի ձգի վարչապետի պաշտոնում: Ռուսական մամուլի այն հատվածը, որը Մեդվեդևի նախագահության տարիներին ակտիվորեն մեկնաբանում էր նախագահի գործունեությունը, այժմ նվազեցրել է անդրադարձների հաճախականությունը: Ռուսական մամուլի ընդհանուր վերլուծությունը ցույց է տվել, որ այս տարի Պուտինի անունը  հիշատակվել է երեք անգամ ավելի, քան Մեդվեդևինը:



Եվ սա դեռ ամենը չէ: Պուտինը նախագահի աթոռի դիմաց բացի վարչապետի աթոռից Մեդվեդևին խոստացել է նաև <<Եդինայա Ռոսիայի>> ղեկավարությունը: Բայց իշխող կուսակցությունը բաղկացած է հին գայլերից, որոնցից շատերը ընդունում են Պուտինին` իբրև ուժեղ ղեկավարի, բայց հարգանք չեն դրսևորում խոնարհ Մեդվեդևի հանդեպ: Ինչպես ժամանակին արտահայտվել է Պուտինը` <<Եդինայա Ռոսիայում>> <<թույլերը պարտություն են կրում>>: Մասնավորապես` ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը ասել է, որ ավելի լավ է պաշտոնանկ լինի, քան զեկուցի Մեդվեդևին: Մեդվեդևը ի պատասխան է պահանջել է Կուդրինի հրաժարականը:



Մի խոսքով` հաջորդ շաբաթ, երբ Պուտինը և Մեդվեդևը կփոխանակեն պաշտոնները, Մեդվեդևի ճանապարհը շատ փշոտ է լինելու: Սա ` հակառակ այն փաստի, որ սովորաբար վայրէջքները վերելքներից հեշտ են լինում: Ի դեպ, ռուս քաղաքագետներից ոմանք համարում ենմ  որ Մեդվեդևը չպիտի նեղսրտվի վայրէջքից, քանի որ վերելքը նրա համար ապահովել էր Պուտինը, իսկ այն ժամանակ, երբ Պուտինը առաջադրեց Մեդվեդևի թեկնածությունը, ինչպես կոպիտ արտահայտվել է Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Մակարկինը, <<Պուտինի հեղինակությունն այնքան բարձր էր, որ եթե Պուտինը ցանկանար, մարդիկ կքվեարկեին անգամ հանուն Կոնիի>>:



Կոնին Պուտինի հանրահայտ սև լաբրադորն է, ծանոթագրել էր Նյու Յորք Թայմզը:



Աստղիկ Սարգսյան