ՀԱԿ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը ծանր հարված է հասցնում Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում

ՀԱԿ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը ծանր հարված է հասցնում Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում
Հրապարակվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության վերջնական զեկույցը, տեղեկացնում է Հայ ազգային կոնգրեսը եւ մեջբերում զեկույցից որոշ հատվածներ:



Զեկույցում մասնավորապես ասված է.



«Ընտրությունները, որոնք անցկացվել են կատարելագործված օրենքի հիման վրա,  բնութագրվել են մրցակցային, դինամիկ ու հիմնականում խաղաղ ընտրարշավով, որը, սակայն, նշանավորվել է գործընթացի հանդեպ վստահության ցածր մակարդակով:



Ընտրությունների մասնակիցների կողմից ընտրարշավի պայմանների որոշ խախտումները, այդ թվում վարչական ռեսուրսի կիրառումն ու ընտրողների ընտրության ազատության սահմանափակման ջանքերը, ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ եւ հակասության մեջ են մտել ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների հետ»:



ՀԱԿ-ի իր կողմից հավելում է. «Այս գնահատականը, ըստ էության, նշանակում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները չեն ընդունել, որ այս ընտրությունները համապատասխանում են միջազգայնորեն ընդունված ժողովրդավարական չափանիշներին: Զեկույցում նաեւ բազմաթիվ տեղեկություններ կան վարչական ռեսուրսի օգտագործման, բազմակի քվեարկության, ձայների գնման մասին:



ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը, բնականաբար, ծանր հարված է հասցնում Հայաստանի վարկին միջազգային հանրության աչքում եւ նաեւ թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում, ինչի ամբողջական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները, որոնք ամբողջովին կեղծելով ընտրությությունները, ըստ էութան մերժել են հայ ժողովրդի կողմից սեփական իշխանություն ընտրելու իրավունքը»: