Վարչապետի տիկնոջը` Հայաստանում կրթված մարդ պե՞տք է...

Վարչապետի տիկնոջը` Հայաստանում կրթված մարդ պե՞տք է...
Հունիսի 18-ին Hetq. am կայքի հարցադրումը՝ ուղղված վարչապետի կնոջը, հետեւյալն էր. «Արդյո՞ք վարչապետի կինը կներկայացնի այն բանաձևը, ըստ որի` չաշխատելով կարելի է միլիոններ կուտակել»: Հարցադրումը հումորային տարր պարունակելով, միաժամանակ քաղաքական ենթատեքստ ուներ, որը կարելի էր տալ ցանկացած իշխանավորի կնոջ: Ինձ ուղղակի «չաշխատելով» բառի իմաստազրկությունը գրավեց ու հակառակը մտածեցի. «Արդյո՞ք աշխատելով կարելի է միլիոններ կուտակել»: Ինչեւէ, հուլիսի 5-ին վարչապետի կինն արձագանքում է Հետքի հրապարակմանը՝ իր հարստության հասնելու բանաձեւով. «Առաջին հերթին անհրաժեշտ է կարողանալ ընդունվել լավագույն համալսարաններից մեկը՝ իմ դեպքում դա Լենինգրադի պետական համալսարանն է:

Անհրաժեշտ է ջանասիրաբար սովորել եւ ստանալ գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան զբաղվել սիրած աշխատանքով»... Կանգ առնեմ, որովհետև հաջորդ նախադասությունները նրա եվրոպական գիտելիքների ու փորձի, թարգմանչական աշխատանքների ու էլի մասնագիտական արժանիքների  մասին է:

Վարչապետի կնոջ հարստանալու բանաձեւին քոմենթով արձագանքեցի. «Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքում, հարգելի Գոհար, ձեր նման կրթություն ստացած մեկը կա, բայց հաջողության բանաձևը նրանց չի ուղեկցում: Ձեր թվարկած համալսարաններից ամենաբարձրն ու միակը վարչապետի կինը լինելու համալսարանն է, այդ դիպլոմը ամուր պահեք, Հայաստանում միայն դա է պիտանի»... Քոմենթը լայն արձագանք գտավ: Համարյա բոլոր արձագանքողները մտածում էին այդպես:



Օգտատեր Համլետ Աբրահամյանը գրում է. «Հարգելի վարչապետի հարգելի տիկին, ես անձամբ ձեր թվարկած բոլոր կրթությունները ստացել եմ, մի երկու անգամ էլ դեռ ավելին, եղել եմ 20-րդ դարի մեծագույն գիտնականի աշակերտն ու հետևորդը, հիմա էլ արդեն մոտ 15 տարի աշխատում եմ ԱՄՆ-ի շատ կարևոր գործերով զբաղված մասնավոր մի հիմնարկությունում, սակայն այդպես էլ մի քանի տասնյակ հազարից ավել խնայողություն չկարողացա կուտակել: Իսկ ինձանից առավել գրագետ ու կրթված իմ մի քանի տասնյակի հասնող Հայաստանյան կոլեգաներս ամսեկան ստանում են քո հարգելի ամուսնու սահմանած ընդամնեը 100 դոլար աշխատավարձը: Լավ կանես այդ վերամբարձ ոճովդ գրած անարժեք հիմնավորումներովդ փորձես ապակողմնորոշել ձեր փիսիկներին: Մարդիկ հրաշալի գիտեն ամուսնուդ դրամական հսկայական միջոցների իրական աղբյուրները»:



Գոհար Սիմոնյանը կիսվում է. «Փաստորեն, խեղճ վարչապետը Գոհարի ապրածու յա՝ լոռեցու ասած: ՃՃՃՃՃՃՃՃմազալու բան:Ճ»



Գոհար Սարգսյանի արձագանքն ինձ հետաքրքրեց մի առումով՝ արդյո՞ք վարչապետի կինը վստահ է հաջողության իր բանաձեւին: Հայաստանում իր նման կրթված մարդկանց, եթե թիկունք չեն ունենում՝ տեղ տալի՞ս են, հարստության մասին չեմ խոսում, որովհետեւ այն մեզ կխորացնի քաղաքականության ճահիճը: Շատ ուրախ կլինեի, որ վարչապետի կնոջ իմացության չափ նրան տրված լիներ շիտակ ու անկեղծ լինելու կարողությունը ու պատասխաներ՝ Հայաստանում կրթված մարդ պե՞տք է... Եթե այո, ինչու՞ են նոսրանում նրանց շարքերը, ինչու՞  կրթություն ստացածը չի գնահատվում... Եթե ինչ որ տեղ էլ նրանց ընդունում են՝ ապա միայն չկրթվածների «էշը ցեխից հանելու համար»... Գոհ ենք, որ մեր վարչապետի կինը հիանալի անցած ճանապարհ ունի, բայց եթե երեխաների պատճառով չի աշխատում, գոնե կարո՞ղ է մի փուշ հանել կրթվածների մատից... Կարո՞ղ է իր վարչապետ ու նույնպես կրթված ամուսնու միջոցով խոչընդոտել կրթվածների արտագաղթը... Կարո՞ ղ է օգնել եվրոպաներում կրթություն ստացածներին՝ քիշ չանել...



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ