«ժամանակակից երաժշտությունն ազատվում է կապանքներից»

«ժամանակակից երաժշտությունն ազատվում է կապանքներից»
Այն համերգին, որի ժամանակ ես պայմանավորվեցի հանդիպել երաժշտի հետ, դահլիճը լիքն էր էներգիայով ու լարված լռությամբ: Այս երաժշտությունը հետո ինձ երկար պահեց իր մթնոլորտում: Արթուր Ավանեսովը կոմպոզիտոր է: Սովորել է Երեւանի պետական կոնսերվատորիայում եւ դասեր վերցրել բազմաթիվ եվրոպական առաջնակարգ մասնագետներից: Այժմ նա դասավանդում է կոնսերվատորիայում:



- Որտե՞ղ է հիմա երաժշտությունը եւ ո՞ւր է գնում:



- Ես կարծում եմ, որ ժամանակակից երաժշտությունը շատ  հետաքրքիր տեղում է հիմա: Չնայած շատերն ասում են, որ այժմ ճգնաժամային ժամանակաշրջան է, բայց միշտ եղել են մարդիկ, որ ցանկացած ժամանակ համարել են ճգնաժամային:



Այժմ երաժշտության զարգացման առավելությունն այն է, որ մի տեղ չենք գտնվում, այլ հազարավոր տարբեր տեղերում: Հետաքրքիր է՝ ինչքան աճեց պրոֆեսիոնալիզմը, այնքան ստեղծագործական կապանքներն ու օրենքներն ավելացան: Այժմ երաժշտությունը փորձում է ազատվել դրանցից, եթե, իհարկե, արդեն չի ազատվել:



- Իսկ այդ ընթացքում նոր կապանքներ չե՞ն ավելանում:



- Չեմ կարծում, որովհետեւ ընդհանրական ճաշակ չկա, ինչը, պատահում է, որոշակի թյուրիմացությունների առարկա է դառնում, բայց, ամեն դեպքում, տալիս է դրական արդյունք:



- Դուք ինքներդ ի՞նչ կապանքներից եք ազատվում:



- Սեփական ճաշակից: Հիմա ես հետաքրքիր դրության մեջ եմ. հաճախ նվագում եմ այն, ինչ իմ փոխարեն ընտրում են ուրիշները, եւ անկախ նրանից՝ ուզում եմ, թե ոչ, պիտի մտնեմ ստեղծագործության մեջ, բացահայտեմ կերպարը: Անընդհատ մտնելով տարբեր ստեղծագործությունների ոճերի մեջ` ինձ մոտ ստեղծվում է ժամանակակից երաժշտության պայմանականությունների համայնապատկեր. ես այժմ դրանից եմ ազատվում` փորձելով անել այն, ինչ իրականում ուզում եմ անել:



Ես մեկ ճիշտ ընտրություն որոնելու ընթացքում մաղում եմ հարյուրավոր ընտրություններ:



- Ձեր երաժշտության մեջ հաճախ օգտագործում եք ոչ ավանդական հնչյուններ: Հազարավոր տարիներ առաջ ստեղծված գործիքները նոր մարդուն այլեւս չե՞ն հերիքում:



- Իմ օգտագործած հնչյուններն ավանդական չէին անցյալ դարի հիսնականների համար: Ձեւավորված երաժշտական նոր ավանդույթի շրջանակներում նրանք միանգամայն նորմալ են:



- Իսկ նոր ավանդույթն արդեն ձեւավորվե՞լ է:



- Իհարկե այո: Դա կարելի է նույնիսկ նոտագրությունից գուշակել: Եթե նախկինում հատուկ նշաններ էին գրում, ու հարկ էր դրանք երկար բացատրել, հիմա դա այլեւս պարտադիր չէ:



- Ըստ Ձեզ, Հայաստանը մտե՞լ է նոր ավանդույթի մեջ:



- Չեմ կարող ասել, որ որեւէ երկիր մտել է կամ չի մտել այդ ավանդույթի մեջ. մարդիկ կան, ովքեր կրում են այդ ավանդույթը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:



- Ո՞րն է այժմ Ձեր արարքը երաժշտության մեջ:



- Ես փորձում եմ զերծ մնալ արարքներից, այլ անում եմ այն, ինչ գեղեցիկ է: «Գեղեցիկ»-ը պատահական բառ չէ: Արդիական արվեստի համար միշտ նոր սրությամբ է դրվում գեղեցիկի որոնման հարցը: Ես ավելի գեղեցիկն եմ նախընտրում, քան արդիականը, չնայած իմ երաժշտությունը չի կարող արդիական չլինել, որովհետեւ այս դարի ծնունդ է:



Հիմա ես նոր եմ ավարտել Կլարնետի կոնցերտը, որը կկատարվի սեպտեմբերի վերջին: Այս ստեղծագործության մեջ ոճերը շատ են ու տարբեր. առաջին եւ չորրորդ մասերը երկխոսում են ուշ ռոմանտիկ շրջանի հետ, երկրորդ մասը` հայ ֆոլկլորի ու լեհական ավանգարդի, երրորդը` մինիմալիստների եւ Սկրյաբինի… Հենց սա է ժամանակակից երաժշտության էությունը: Ժամանակակից մարդու գիտակցության մեջ որոնման արագությունը բարձրացել է, ի վերջո քո տրամադրության տակ դարերի փորձ կա կուտակված:



Նարե ՍԱՀԱԿՅԱՆ