Սրտացավ նամակ առ ՄԻՊ

Սրտացավ նամակ առ ՄԻՊ
«Մենք մարդկանց չենք պաշտպանում ֆիզիկական անձանցից եւ մասնավոր ընկերություններից», «Պաշտպանը չի կարող միջամտել, երբ գործը դատարանում է կամ կարող է լուծվել միայն դատական կարգով»: Ավելացնենք նաեւ, որ մարդու իրավունքների պաշտպանը մեզ չի կարող պաշտպանել անբարենպաստ եղանակից, սովից, հիվանդությունից, պատերազմներից, սաֆարովներից, ՆԱՏՕ-ից, Ռուսաստանից:



Փոխարենը՝ Կարեն Անդրեասյանը մեզ կարո՞ղ է պաշտպանել այն դեպքերում, երբ մեզ վրա է հարձակվել ոչ թե ֆիզիկական անձ կամ մասնավոր ընկերություն, այլ պետությունը (պետական անձի տեսքով) եւ մեզ առաջարկում է հարցերը լուծելու համար չընկնել դատարաններ, այլ գնալ շենքի հետեւը: Ես մի փոքր կասկածում եմ, բայց այսպես եմ հասկանում ՄԻՊ գրասենյակի առաքելությունը՝ դատելով չակերտների մեջ առնված հայտարարություններից, որոնցով զարդարել են իրենց կանտորայի մուտքը:



Պատկերացրեք այսպիսի իրավիճակ: Ենթադրենք՝ թերթը նախշել է ապաշնորհ պետական պաշտոնյային, եւ Սերժ Սարգսյանն էլ դեռ չի ասել, որ թերթը ճիշտ է: Եվ «ահաբեկված» պետական պաշտոնյան հարձակվել է թերթի վրա ու իր մարմնի բոլոր հնարավոր անցքերից գոլորշի է արտանետում՝ հասե՜ք, պատիվս գնաց, կբռնեմ-կպատժեմ, դատի կտամ եւ այլն, եթե չհերքեք (բալամ, էս թվին ո՞վ ա ճիշտը հերքում, մանավանդ, որ նախագահն ուր որ է պիտի ասի, որ մամուլը ճիշտ է): Բայց սա դեռ մի կողմ:



ԶԼՄ-ն, թերթը, նախեւառաջ,  խմբագիրն է, մարդը, որի վրա հարձակվել են: Այդ մարդն ունի մարդու իրավունքների պաշտպան (պետության տված) եւ դիմում է այդ պաշտպանին, որ նա իր իրավունքները պաշտպանի պետական պաշտոնյայի ոտնձգություններից: Իսկ ի՞նչ է ասում պաշտպանը: Նա ասում է՝ չեմ կարող, եւ գլուխն ազատելու համար ցույց է տալիս վերը նշված գրությունները: Այսինքն, հարգելի խմբագիր, քեզ վրա հարձակվել է ոչ թե պետական պաշտոնյան կամ պետությունը, այլ ֆիզիկական անձը, որովհետեւ այդ մարդը համարում է, որ իրեն անձնական (ֆիզիկակա՞ն) վիրավորանք եք հասցրել: Իսկ այն, որ նման դեպքերում հարցը կարգավորվում է դատարանում եւ միայն դատարանում, ընդհանրապես ՄԻՊ-ին թույլ չի տալիս, որ քեզ պաշտպանի: Իսկ եթե խմբագրին պետությունը կամ պետական պաշտոնյան (ոչ մասնավոր անձ) հրավիրեր «ստրելկայի» (օրինակ՝ ՏԷՑ-ի կռուգ), ՄԻՊ-ը կհայտնվե՞ր այնտեղ ու կպաշտպանե՞ր խմբագրին, տվյալ դեպքում՝ մարդուն: Ինչ-որ դժվար պատկերացնելի է:



Մենք չէինք ցանկանա, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի կանտորան վերածվեր ծաղրի առարկայի: Բայց դրան տանում է հենց ինքը՝ Կարեն Անդրեասյանը: Վստահ եմ, եթե նրան քնից արթնացնես, կարող է թվարկել այն հարյուրավոր ու գուցե հազարավոր դիմումները, որ ստացել է մարդկանցից ու պաշտպանել այդ մարդկանց: Ներողություն, բայց ո՞ւր են այդ մարդիկ, որ մեկ անգամ գոնե բերանները չեն բացում մի շնորհակալություն ասելու համար, որ մենք էլ իմանանք, թե այդ ինչ հնարքով է նրանց հաջողվել ստիպել Կարեն Անդրեասյանին՝ պաշտպանելու իրենց իրավունքները: Փոխարենը մի քանի անգամ հեռուստացույցով դիտել ենք ՄԻՊ-ի ելույթները եւ այդպես էլ ոչինչ չենք հասկացել, թե որն է ի վերջո գաղտնիքը, ինչպես են անում որոշ մարդիկ, որ արժանանում են Կարեն Անդրեասյանի թույլտվությանը՝ օգնության համար դիմել իրեն:



Վերցնենք միեւնույն պետական պաշտոնյային, որից Կարեն Անդրեասյանը մի մարդու պաշտպանում է, իսկ մեկ ուրիշ մարդու չի պաշտպանում: Այդ պաշտոնյան Արմեն Աշոտյանն է: Կարեն Անդրեասյանը նրանից պաշտպանում է մրցույթով չանցած դասագրքի հեղինակին, պատերազմ հայտարարում ԿԳ նախարարությանը, բայց, ահա, Սուրեն Զոլյանի պարագայում ստացվում է, որ Աշոտյանը ֆիզիկական անձ է, ինչի պատճառով էլ ՄԻՊ-ն անելիք չունի:



Հավանաբար, ՄԻՊ կանոնագրում կան նրբություններ, որոնց մենք չենք տիրապետում: Բան չունենք ասելու: Ավելին, Կարեն Անդրեասյանը լրագրողների ու մամուլի աչքում բավականին հարգված մարդ է, բանիմաց եւ խոստումնալից երիտասարդ: Բայց այս ամենը բավարար չէ, ցավոք, որ մամուլը նրան օգնի կայացնելու իր ինստիտուտը: Մամուլը դեռ պիտի հասկանա՝ ինչ անի, որ Կարեն Անդրեասյանը թույլ տա իրեն օգնել:



Անձամբ ես բարձր եմ գնահատում նրա ներդրումը ԶԼՄ-ների մասին օրենքի հետ կապված՝ դատարանների աչքերը լայն բացելու գործում: Մարդը հասավ մինչեւ Սահմանադրական դատարան, որ հստակություն մտցնի իր իսկ նախաձեռնած օրենքում: Եվ դա փոքր աջակցություն չէր լրագրողներին, մամուլին եւ ազատ խոսքին ընդհանրապես: Բայց նույնիսկ այս դեպքում նրա քայլերը չեն տեղավորվում իր իսկ արած հայտարարության համատեքստում: Հարց է առաջանում՝ նա այդ ամենն արեց որպես ՄԻ՞Պ, թե՞ զուտ մարդկային նկատառումներով:



Կարեն Անդրեասյանին այսպիսի առաջարկ ունենք՝ հրատարակել մի բրոշյուր, որտեղ պարզ, հայերեն լեզվով թվարկվեն այն հնարավոր իրավիճակները, որոնց մեջ կարող է հայտնվել ՀՀ քաղաքացին եւ դիմել ՄԻՊ-ին: Այսինքն՝ գործին մոտենալ հակառակ կողմից՝ «դրական»-ի եւ ոչ թե խորհրդային ժամանակների «չի կարելի»-ի: Այս դեպքում արդեն մամուլն էլ իր անելիքը կիմանա: Նախապես շնորհակալ ենք:



 Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ